ԿարևորՀասարակությունՄշակույթ

Փակվեց «Ստամբուլի աչքը». վերջին հրաժեշտը Արա Գյուլերին՝ «Ռադիոլուրի» հատուկ թղթակցի աչքերով

«Ռադիոլուրի» հատուկ թղթակիցը Ստամբուլից

Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին XX դարի ամենահռչակավոր վավերագրողներից մեկին, հանրահռչակ հայ լուսանկարչին՝ «Ստամբուլի աչք» -ին՝ Արա Գյուլերին։ Լուսանկարչի հրաժեշտի արարողությունը կազմակերպված էր պետական բարձր մակարդակով, փողոցներում ոստիկանները խիստ հսկողություն էին սահմանում։

 

Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում եմ, եթե ոչ ամենակենտրոնական՝ Իստիկլալում, որտեղ տարբեր լեզուներով խոսող, տարբեր ազգությունների մարդիկ եկել են իրենց  վերջին հրաժեշտը տալու աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին։

Գյուլերի աճյունը դրված է  իր «Արա կաֆեից» մի քանի մետր հեռու, այնտեղ, որտեղ սիրում էր լիներ Գյուլերը ու որտեղ նրան ամեն օր կարելի էր տեսնել։

Լուսանկարչին ճանապարհում են բարձր պետական մակարդակով, նրա աճյունը պատված է Թուրքիայի դրոշով։

Այստեղ է նաեւ Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) հայ պատգամավոր Կարո Փայլանը։ «Ան շարունակեց ապրել եւ շարունակեց քաշել (լուսանկարել. խմբ.) ինչ- որ եղավ այս երկրին։ Անոր հետ Պոլիսն ալ փոխվեցավ, հոս շատ հայ կար, շատ հույն կար, բայց հիմա, դժբախտաբար, քիչ ենք։ Եվ Արան ալ գնաց, եւ հիմա ավելի քիչ ենք, դժբախտաբար»,- ասում է Փայլանը։

Իստիկլալից մի քանի քայլի վրա՝ հայկական Սուրբ Երրոդություն եկեղեցում, շարունակվեց հրաժեշտի արարողությունը՝ Հայ առաքելական եկեղեցու արարողակարգով։ Եկեղեցին լեփ լեցուն էր, հենց այստեղից  էլ ճանապարհեցին Գյուլերին։

Արարողության սկսվելուց առաջ զրուցեցի Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ։ «Արա Գյուլերը համամարդկային ժառանգության հեղինակ դարձած էր։ Թուրքիայի համար Արա Գյուլերի մասով խոսելիս պիտի հաշվի առնենք երկու վերաբերմունք. պետական եւ հասարակության»,- ասում է Գոչունյանը։

Գյուլերն ասում էր, որ իր նկարները բարի ծառայություն են մատուցել իր հարազատ քաղաքին։ «Եթե այդ նկարները չլինեին, Ստամբուլը չէին ճանաչի, ոչ մեկը չէր նկարել Ստամբուլը. երկու-երեք ֆրանսիացի, գերմանացի զինվորների կադրեր օկուպացման ժամանակ, բայց դրանք արժեքավոր չէին»:

XX դարի ամենահռչակավոր վավերագրողներից մեկը, Թուրքիայի ֆոտոլրագրության հիմնադիրը, հայ ամենահայտնի լուսանկարիչը խոսում էր բոլոր ազգերի լեզուներով, խոսում էր հասկանալի բոլորին, խոսում էր իր լուսանկարներով։

Լուսանկարչի հրաժեշտին էլ մեծ էկրաններից խոսում էին նրա նկարները, եւ դրանք դեռ երկար կխոսեն։

Փակվեց «Ստամբուլի աչքը»։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button