Հասարակություն

Էրեբունի-Երեւանը՝ ծննդյան 2800-ի նախաշեմին

Հանգստյան օրերին շուքով նշելու ենք Երեւանի հիմնադրման 2800- ամյակը։ Տոնական ավանդական ծրագրերի ընթացքում հերթական անգամ շեշտելու ենք, որ Երեւանը Հռոմից 29 տարի ավելի հին է։

Երեւան ժամանող զբոսաշրջիկներին ցույց ենք տալու Էրեբունի բլուրը, որպես Հայաստանի մայրաքաղաքի հնագույն կեցավայրերից մեկի ապացույց։ Բայց ինչպես է իր 2800 տարի դիմավորում Էրեբունի հնավայրը։ 

Բարձրանում եմ  Էրեբունի Երևան պատմամշակութային արգելոցի բլուրը: Թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը ներկայացնում է  բլուրի գրավչություններն ու  քաղաքապետարանի  աջակցությամբ  իրականացված  ծրագրերը:  Ըստ թանգարանի տնօրենի՝ այն ծրագիրը, որը ներկայացրել են  քաղաքային իշխանությանը, իրագործելու դեպքում հուշարձանը կդառնա ավելի հրապուրիչ և հասկանալի այցելուի համար:

Թանգարանի վերականգնման 9 ենթաբաժիններից բաղկացած  ծրագիրը Երևանի քաղաքապետարանին ներկայացվել է 2015 թվականին: Սակայն դրանցից միայն մի մասն է իրականացվել: Կառուցվել են թեքահարթակներ, ստեղծվել է պատանի հնագետի դպրոց, կատարվել են բարեկարգման որոշակի աշխատանքներ: Ամենակարևորը՝ հնավայրի միջնաբերդի վերականգնման, այցելուների սպասարկման բարելավման համար ենթաակառուցվածքի ստեղծման ծրագիրը, չի իրականացվել:

Արդեն 2017 թվականին արված  ծավալուն նախագծով պետք է վերականգնվեն  միջնաբերդի կարևորագույն հանգույցները և դրանով հնավայրը  կդառնա  հրապուրիչ և հասկանալի յուրաքանչյուր այցելուի համար՝ ասում է թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:  Քաղաքապետարանը  սկզբում  այն ընդգրկել է ներդրումային ծրագրերի ցանկում, սակայն ներդրողներ չեն հայտնվել:

«Քաղաքապետարանն ասեց, որ իրենք որոշակի գումարներ ունեն  և կարող են  սկսել, նախատեսված էր 2017 թվականին սկսել: Չնայած ծրագիրը եռամյա էր,  բայց փորձեցին  մի մասն անել ու շարունակել հետագայում: Սակայն այդ աշխատանքները չֆինանսավորվեցին»:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են  նոր շերտեր, որոնք այցելուների համար  անտեսանելի են: Դրանց ցուցադրելու հնարավորություն պետք է տրվի, ասում է թանգարանի տնօրենը:

Dյուրջյանը վստահեցնում է, արգելոցը պահպանելու համար հնարավորինն անում են, սակայն պետական աջակցություն ևս անհրաժեշտ է:

Պատմաբան Արտակ Մովսիսյանին եւս անհանգստացնում են Էրեբունի հնարաայրի վիճակը. խզբզված որմնանկարներ, քայլելու համար վտանգավոր վայրեր

«Գերաններով այդ առաստաղները, որ պատրաստել են հետո վրան ծղոտ է , հետո վրայից բետոն է արված:  Հիմա երբ որ փլվել է, տեղեր կան, որ այդ բետոնը  ուղղակի պոկված,  կախված է  կարող է ընկնել այցելուի գլխին»:

Արտակ Մովսիսյանը շատ լավ է տեղյակ ոչ միայն Էրեբունի հնավայրի, այլ ընդհանրապես՝ Ուրարտական մեր շրջանի հնավայրերից։ Արարատ-Ուրարտու թագավորության ֆիլմը նկարահանելու ընթացքում հեղինակը շրջել է Թուրքիայի, Իրանի և Հայաստանի  խոշոր հնավայրերում, սակայն խայտառակ վիճակում միայն  Հայաստանի հուշարձաններն են, ասում է:

«Միշտ խոսում ենք  տուրիզմի զարգացման հեռանկարների  մասին, երկրի ներկայացման մասին, տուրիզմի հաշվին երկրի բյուջեն լցնելու մասին: Յուրաքանչյուր տուրիստի այցը պատմամշակությաին ս արգելց-թանգարան Հայաստանի հակագովազդն է»: 

Երեւանի հնության ապացույց հաջորդ կարևոր հուշարձանը՝ Կարմիր բլուրը,  նույնպես  խայտառակ վիճակում է: Հնավայրի պեղած տարածքները  վերածվել են  աղբանոցի՝ ասում է պատմաբանը: Նախկին քաղաքային իշխանությունը  Էրեբունի- Երևան տոնակատարությունների համար նախատեսել էր 1միլիարդ 800 միլիոն դրամ բյուջե, սակայն նոր քաղաքապետն այն կրճատեց  1.5 միլիարդով: Պատմաբանը հասկանում է, որ  նոր քաղաքային իշխանությունը գումարները խնայելու քաղաքականություն է որդեգրել, սակայն  2800-ամյակ տոնելու համար  անհրաժեշտ էր  այդ գումարներից  ուղղել  նաև թանգարանի վերականգնմանը, ասում է.

«Տարեսկզբից ամբողջ աշխարհի առաջ  պիտի ներկայացնեինք մեր այդ հարստությունը: Ցավոք սրտի չի արվել: Գոնե մինչև տարեվերջ, հոկտեմբերի 21-ով տարին չի ավարտվում, հասցնենք ինչ-ինչ բաներ անելը, ներկայացնեն»:

2800-ամյակը չի ավարտվում հոկտեմբեր ամսով, ակնկալվում է, որ նոր իշխանությունը գոնե մինչև տարեվերջ հնավայրը վերակառուցելու  քայլեր կձեռնարկի:

Back to top button