Հասարակություն

Հիշելով Լեւոն Հայրապետյանին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախի Վանք գյուղում այս շաբաթ հիշել են իրենց մեծ համագյուղացուն` Լեւոն Հայրապետյանին:

Նրա շնորհիվ Վանքը ճանաչելի դարձավ նաեւ օտարերկրացիներին, Գանձասարի եւ Խաչենագետի հմայքը բացահայտողների թիվն ավելացավ, իրենք՝ գյուղացիները, սկսեցին ապրել նոր, մինչ այդ անծանոթ միջավայրում:

Ինչ է փոխվել բարերարի մահից հետո  արցախյան իրականություն դարձած  հեքիաթում:

 

Վանքում ամեն ինչ հիշեցնում է Լեւոն Հայրապետյանի մասին:Գյուղի մուտքը զարդարում են  առյուծները, նրա կառուցած շուկան է, կենտրոնական փողոցն ի վեր ձգվող արցախյան  գյուղական նկարագրից առանձնացող շինությունները`դպրոցը, մանկապարտեզը, հիվանդանոցը, համայնքապետարանը, ոստիկանության շենքը, արվեստի դպրոցը: Նրա միջոցներով հիմնանորոգվել է Գնաձասար տանող ճանապարհը:

Հայրապետյանների ընտանիքը գյուղում հարգվածներից էր` Հասան-Ջալալյաններից են սերում, տան հարսը`  ապագա բարերարի  մայրը Գարեգին Նժդեհի զարմուհին էր:  Հանգամանքների բերումով  օտար ափերում հայտնված Լեւոն Հայրապետյանը կապը գյուղի հետ չէր կտրում. պատերազմից հետո այն առանձնահատուկ երանգ ստացավ:  Դպրոցի նախկին տնօրեն Ֆլորա Բաղրամյանի խոսքով ծանր, անցումային շրջան էր, տուն չկար, որ պատըերազմում կորուստ չունենար: «Լեվոն Հայրապետյանը հայտնվեց ինչպես արեւը փոթորիկից հետո»:

Գյուղացիները հետո իմացան, որ պատերազմի օրերին էլ նա կռվող ժողովրդի կողքին էր՝ կազմավորվող բանակին աջակցելով: Հետո Գանձասարի վանական համալիրի վերանորոգումն էր, գյուղի վերափոխումը: «Գյուղը քաղաք դարձավ»,-ասում են  վանքեցիները, որոնք այսօր էլ չեն հաշտվում թանկ կորստի հետ:

Համագյուղացու մահվանից մեկ տարի անց երախտապարտ վանքեցիները  խաչքար են կանգնեցրել նրա հիշատակին, սամբոյի եւ ֆուտբոլի մրցաշար են կազմակերպել, վերակառուցել ֆուտբոլի գյուղական  դաշտը: Սա բարերարի երազանքներից մեկն էր, որ կարողացան իրագործել: Շատ բան, սակայն, Վանքում այսօր կիսատ է. վերջին ծրագրերից` ռազմական ուսումանրանի շինարարությունը մնացել է կիսատ. Համայանքի ղեկավարի խոսքով աշխատանքները դադարեցված են:

Համարյա պարապուրդի է մատնված փայտամշակման կոմբինատը, որը աշխատանքով ապահովում էր նաեւ շրջակա գյուղերի բնակիչներին, այդտեղ հիմա ընդամնեը 45 մարդ է աշխատում:

Այսօր անխափան աշխատում եւ զբոսաշրջային տարածաշրջանում մոտ երկու հարյուր մարդու աշխատանքով ապահովում են երկու հյուրանոցներն ու ռեստորանային համալիրները: Զբոսաշրջության զարգացումը արհեստավոր վանքեցիներին սովորեցրել է  նաեւ այդ բնագավառում հմտանալ`Խաչենագետի ափին փոքրիկ հանգստյան գոտիներ կազմակերպել, արցախցու օջախի համն ու հոտն ունեցող ուտեստներ պատրաստել զբոսաշրջիկների համար:

Սուսաննա Ղարախանյանը Վանք հարս էեկել Ստեփանակերտից:Ամուսնու հետ Գանձասար տանող ճանապարհին փայտաշեն տնակներում եւ թոնրատանը զբոսաշրջիկներին են հյուրընկալում: Ասում է, որ այդ ամենն իրենց հաջողվեց միայն Լեւոն Հայրապետյանի ծրագրերի շնորհիվ:

Եթե այսօր Վանքից հեռացող ընտանիք չկա՝ դա Լեւոն Հայրապետյանի շնորհիվ է՝ ասում է համայնքապետը։ Հպարտությամբ ասում է՝ ինն ամսում արդեն երեսուն ծնունդ ունեն՝ նաեւ բազմազավակ ընտանիքներում:

Վերջին տարիներին Վանքում ավելացել է չորրորդ եւ հաջորդ երեխա ունեցողների թիվը:Այդպիսի 42 ընտանիքն  կա, հինգ տուն է կառուցվել, նույնքան էլ արդեն նախագծվել է:

Back to top button