Քաղաքական

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կժամանի տարածաշրջան

Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կժամանի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան՝ ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար:

Բոլթոնի թվիթերյան այս գրառումը հոռետեսական բազմաթիվ մեկնաբանությունների հիմք է տվել փորձագետներին:

Քաղաքագետ Թևան Պողոսյանն ու Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մինչդեռ կարեւորում են ոչ թե ամերիկյան, այլ հայկական շահերը:

Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ ու ցանկացած տեղեկատվություն հնարավոր է միմյանց փոխանցել կես ժամվա ընթացքում. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սահմանում իրավիճակի աննախադեպ հանգստությունը պայմանավորում է  Դուշանբեում ձեռք բերված համաձայնություններով: Ալիևի հետ Փաշինյանը սեպտեմբերի վերջին պայմանավորվել էր օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել և կապն արդեն ապահովված է:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վերհիշեց, որ նախկինում կապ եղել է սահմանային ստորաբաժանումների հրամանատարների միջև, ինչը շատ կարևոր էր զինադադարի պահպանման համար, այսօր նույնքան կարևոր է երկու երկրների առաջնորդների միջև կապը, քանի որ արդյունքն արդեն ակնհայտ է.

«Երեք անգամ նվազել են միջադեպերը»:

Սակայն միայն  այսօրվա արդյունքներով գոհանալ պետք չէ, հակառակորդը նենգ է ու, ինչպես ցույց է տալիս իրականությունը, մշտապես հակված է խախտելու անգամ միջազգային պայմանավորվածությունները։ Ըստ այդմ՝ պետք է աչալուրջ լինել՝ ասում է Դավիթ Բաբայանը.

«Ադրբեջանը ամենանենգ ձևով բազմիցս է խախտել պայմանավորվածությունները»:

Քաղաքագետ Թևան Պողոսյանը  ողջունում է այս նոր տարրի ավելացումը, որն ուղղված է արագ կանխելու զինադադարի ռեժիմի խախտումները և չսպասել միջնորդ երկրների միջամտությանը: Սակայն նա նույնպես հորդորում է հաշվի առնել, որ հակառակորդը անկանխատեսել է և անվստահելի. թե որքան հաճախ կապ կհաստատեն իրեր հետ երկու երկրների առաջնորդները, պարզ չէ:

Որքան էլ երկու երկրների ղեկավարների միջև օպերատիվ կապի հաստատումը դրական գնահատվի, այն չի ստվերում փորձագիտական շրջանակներում տարածքային զիջումների մասին կարծիքների տարափը, որը սրվեց Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ միլսի հայտնի հայտարարությունից հետո:

Փորձագետներն այն մեսիջ են համարում ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան այցի նախաշեմին: Բոլթոնը վաղը տարածաշրջանային այցով կժամանի Ռուսաստան, այնուհետև Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան: Արդյո՞ք տարածքների հարցն է քննարկումների առանցքում:

Իսկ այն, որ ԱՄՆ նախկին դեսպան Միլսը տարածքների վերադարձի մասին ձևակերպումներ է թույլ տվել, նշանակում է լավ չի հասկացել խնդրի էությունը, կամ նրան լավ չի բացատրվել, որ ղարաբաղյան խնդիրը ոչ թե տարածքների հարց է, այլ ապրելու պայքար ու սահմանային հարց՝ ասում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ պետք է հասկանալ նաև, որ ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը դեռ պետք է շարունակի աշխատել, թե ինչ նպատակով է նա նման հայտարարություններ արել  մենք կիմանանք շուտով՝ ասաց՝ հիշեցնելով դեպքեր, երբ անգամ ՄԽ ամերիկացի համանախագահներից Մեթյու Բրայզան իր պաշտոնը թողնելուց հետո աշխատանքի անցավ Ադրբեջանում:

Back to top button