Հասարակություն

Հետհեղափոխական Հայաստանի կադրային քաղաքականությունը հակասական տրամադրություններ է արթնացրել


Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը  շարունակում է մնալ թեժ քննարկումների կիզակետում: Սոցիալական ցանցերը հեղեղված են քննադատություններով:

Հասարակական, քաղաքական ու փորձագիտական շրջանակում  վերլուծում են՝ առհասարակ  «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում»:

 

 

Հեղափոխությունից հետո եղան կադրային նշանակումներ, որ մեծ վերապահումներով, բայց ընդունվեցին: Այս կարծիքին են իրավապաշտպանները: Ըստ նրանց, սակայն, Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը միանշանակ անընդունելի է եւ այդ պատճառով էլ դարձել է բուռն քննարկումների առարկա:

Այս նշանակման տրամաբանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնավորեց քաղաքական ռասիզմին վերջ տալու անհրաժեշտությամբ: Վարչապետի այս հիմնավորումը, սակայն, ոմանց գնահատմամբ, տեղին չէ: «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն, օրինակ, այսօր հակադարձեց.

«Ես գտնում եմ, որ քաղաքական  ռասիզմ առհասարակ Հայաստանում չկա: Մարդիկ պահանջում են, որ ընդամենը պատասխանատվության ենթարկել այն բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր հանցագործությունների տարեր ունեցող գործողություններ են իրականացրել: Որեւէ մեկը չի առաջարկում՝ բոլոր հանրապետականներին կանգնեցնել պատի տակ ու գնդակահարել»:

Իրավապաշտպանի ձեւակերպմամբ՝ վերջին նշանակումը որպես բոնուսներ եւ պատասխանատվության չենթարկելու իմունիտետ են նշանակում նորերի համար: Մինչդեռ, նրա խոսքով, այսօրվա պաշտոնյաններն էլ պետք է հասկանան, որ տարիներ անց իրենք պատասխանատվություն են կրելու իրենց գործողությունների համար:

Վիճահարույց նշանակման հետ կապված քննարկումներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մի ընդհանուր, զարմանալի օրինաչափություն է առանձնացնում: Նրա խոսքով՝ միատեսակ էր եզրակացությունը, որ Հունան Պողոսյանի նշանակումը չպետք է լիներ:

Նման նշանակումներից զերծ մնալու համար, ըստ Սաքունցի, պետք է նախորդ կառավարման համակարգին տրվի քաղաքական-իրավական գնահատական: Հենց դա կվերացնի անպատժելիության զգացումն ու արդեն խոսք կլինի ոչ թե քաղաքական բարիկադների մասին.

«Այդ պարագայում ոչ թե քաղաքական բարիկադների մասին խոսք կարող է լինել, այլ՝ արդարատադության հիման վրա, թե ո՞վ չի կարող պաշտոն զբաղեցնել նոր կառավարությունում»:

Մինչ այդ, Սաքունցի խոսքով, կա սահման եւ անթույլատրելի են նման նշանակումները, որոնք օրինակ են, թե ի՞նչ չի կարելի անել՝ հանրային վստահությունը պահպանելու համար:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն ավելի կտրուկ է արտահայտվում:

Իրավապաշտպանը կարծում է, որ հասարակական բացասական վերաբերմունք առաջացնող նշանակումները պետք է վերանայվեն: Թե դժգոհությունը հասարակության ո՞ր մասի մոտ է եւ նման նշանակումներն ինչպե՞ս կարող են ազդել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով, պիտի պատասխանեն սոցիոլոգները: Ըստ նրա, սակայն, այստեղ խնդիրը այլ է՝ վարչապետի մոտ չի երեւում ապագայի զարգացման ստրատեգիան, որին համահունչ էլ կատարվեն կադրային ընտրությունները:

Այստեղից էլ բխում են շատ հարցերի նկատմամբ իրավիճակային մոտեցումները՝ ասաց քաղտեխնոլոգը:

Նախկին իշխանության ներկայացուցիչներին կառավարման համակարգում տեղ տալու մասին Մամուլի ազգային ակումբում այսօր խոսել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան՝ վկայակոչելով նաեւ Չեխիայի օրինակը:

«Չեմ կարծում, որ որեւէ մասնակցություն նախկին իշխանավորներից կառավարության նոր կազմում պետք է չլինի, եթե չկա քրեական որեւէ տարր, իսկ այդ հարցին իրավապահները պետք է պատասխանեն: Այս կառավարությունը չի կարող համարվել դեմոկրատական, եթե թույլ չտա նման մասնակցությունը»:

Չեխիայում հեղափոխությունից հետո, օրինակ, կոռումպացված կոմունիստ որոշ պաշտոնյաներ պատասխանատվության ենթարկվեցին, սակայն, օրենքի հետ խնդիրներ չունեցող կումկուսի անդամները շարունակեցին աշխատել ու նույնիսկ մինչ օրս էլ Կոմկուսը խորհրդարան է ձեւավորում՝ եզրափակեց մեր երկրում Չեխիայի դեսպանը:

Ցուցադրել ավելի
Back to top button