Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են իրենց հաջող ելույթները: Մեր ընտրանին արդեն իսկ նվաճել է 3 մեդալ, որոնք բոլորը ամենաբարձր հարգի են:
Թուրքիայում աշխարհի առաջնության մրցումային առաջին երկու օրերին Հայաստանի հավաքականի առաջին երկու մեդալներն ապահովեց հայոց բանակի զինվոր մարզիկ Դավիթ Դադիկյանը, ով մեկ գլուխ բարձր լինելով իր բոլոր մրցակիցներից թե աջ, թե ձախ ձեռքով հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն:
Սա բացառիկ երևույթ էր, որովհետև ոչ բոլորին է հաջողվում աշխարհի չեմպիոնի տիտղոսն նվաճել երկու ձեռքով:
Ռաիոլուրին տված բացառիկ հարցազրույցում մեր զինվոր մարզիկը նշում է, որ իրեն չեմպիոնությունը հեշտությամբ չի տրվել, հատկապես որ խնդիրներ էին առաջացել Թուրքիա մեկնելու հետ կապված:
Դավիթից հետո մեր ոսկե հաղթարշավը շարունակեց Մինչև 85 կգ քաշային կարգում հանդես եկող հաշմանդամություն ունեցող մարզիկ Սերոբ Աբրահամյանը: Նա այս տարի չեմպիոն էր դարձել նաև Եվրոպայի առաջնությունում և ահա հերթական հաջողությունը գրանցում արդեն Թուրքիայում:
Պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին տանող ճանապրհին Սերոբը մի քանի գեղեցիկ հաղթանակ տոնեց, իսկ եզրափակչում էլ՝ պարտության մատնելով Ռուսաստանը ներկայցնող Նիկիտա Զոնովին, հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Այսօր մենք մեդալների ակնկալիք ունենք նաև մեր վետերան մարզիկներից: