Հասարակություն

Թանդոյանցի հարցով դատական հայցը նպատակ ունի սթափեցնել վրաց պատրիարքարանին․ Վիրահայոց թեմի առաջնորդ

լրացված 17.10

Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու դատական հայցը նպատակ ունի կանխել հետագա նման անօրինականությունները։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ անդրադառնալով եկեղեցու հարցով կայացած առաջին դատական նիստին։

Թբիլիսիի քաղաքային դատարանում մի քանի անգամ հետաձգվելուց հետո կայացել է Թանդոյանցի հարցով առաջին դատական նիստը։

Վիրահայոց թեմն առաջին անգամ պատմական հայկական եկեղեցին վերադարձնելու հարցով դիմել է դատարան։ Վրաստանի կառավարությունն անցյալ տարի առանց ուսումնասիրելու Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցու պատմական ծագումը, նրա մշակութային ու դավանանքային հատկանիշները, այն հանձնել է վրաց պատրիարքարանին։

Դատական առաջին նիստում վրացական կողմը պնդել է, որ եկեղեցու ստորգետնյա շերտերն են ապացուցում, որ այդտեղ գուցե մեկ դար առաջ վրացական գերեզմանոց, կամ վրացական եկեղեցի է եղել․ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մեզ հետ զրույցում նշում է․

«Սա արդեն տասնամյակների մի ստահոդ գաղափար է, որ հոգնեցնում է․ ժամանակն է, որ Վրաստանում փոխվեն նման հարցերի նկատմամբ մոտեցումները»։

Հատկանշական է, որ 20-րդ դարասկզբին Թբիլիսիի քարտեզներում (1913 և 1924 թթ․), անգամ նաև 2015-2016 թթ․ պողոտայի «Նոր Տփիլիսիի» ծրագրի շրջանակներում, տաճարը ճանաչված է հայկական։

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր հերթական զեկույցում փաստում է, որ  Թանդոյանցը պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն։

Վրաստանյան Համերաշխության և բազմազանության ինստիտուտը՝ TDI-ը, որի իրավաբանները դատարանում պաշտպանում են հայկական կողմի շահերը, Վրաստանի Ազգային արխիվում պահվող աղբյուրներից դուրս է բերել ծանրակշիռ փաստեր՝ 1874, 1875, 1884, 1907 և 1921 թվականներին Թանդոյանց եկեղեցու մասին գրառումները։ «Ռադիոլուր»-ին ինստիտուտի իրավաբան Գվանցա Լոմայան ասում է․

«Եղած փաստերը բավարար են, պատմական ապացույցներ, որոնք պետք է ազդեն դատարանի վերջնական որոշմանը»։

Վիրահայոց թեմի առաջնորդը նշում է, որ այս դատական նիստը նպատակ ունի հետագայում կանխել նման գորոծողությունները, քանի որ  մտավախություն ունի, որ ցանկացած պահի նույնը կարող է լինել գործող կամ չգործող հայկական որևէ հուշարձանի նկատմամբ։

ձայն «Թանդոյանցի հարցով դատական հայցը նպատակ ունի կանխել հետագա նման անօրինականությունները՝ սթափեցնելով ինչպես վրաց պատրիարքարանին, այնպես էլ պետական համապատասխան մարմիններին, որ որոշումներ կայացնելիս խորը ուսումնասիրություն կատարեն հուշարձանի պատմության մասին»։

Թանդոյանցի հարցով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։ Կքննարկվի Վրաց պատրիարքարանի միջնորդությունը՝ թեմի երկու հայցերը՝ հանրային ռեեստրի ազգային գործակալության (որը եկեղեցին գրանցել է Վրաց պատրիարքարանի վրա) և էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության դեմ (որը պետական հաշվեկշռից օտարել է եկեղեցին), մեկ ընդհանուր գործ դիտարկելու մասին։

Back to top button