Քաղաքական

Կայացել է Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախագահ Արմեն Սարգսյանը, ողջունելով վարչապետի պաշտոնակատարին, ցանկություն է հայտնել նրանից լսել վերջին իրադարձությունների մասին:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ: Երեկ երեկոյան հեռախոսազրույցում ընդհանուր ներկայացրել եմ, նաև առիթ ունեցել ենք սպասվող իրադարձությունները քննարկել նախորդ շաբաթ:

Ըստ էության, մենք հիմա արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ենք մտնում. խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում:

Ինչո՞ւ եմ ասում՝ ըմբռնում, որովհետև քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են: Այս ընթացքում, իհարկե, շատ կարևոր է, որ և′ խորհրդարանը, և′ կառավարությունը, և′ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն և նաև իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի մենք կարողանանք այս 14 օրերն անցկացնել մեր հանրության և ժողովրդի սպասումներին համապատասխան և համերաշխության մթնոլորտում:

Կարծում եմ՝ այս 14 օրվա մթնոլորտն առավել ևս կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի կարողանանք իսկապես ծրագրերի և ռազմավարությունների մրցակցություն ապահովել, և հնարավորինս պրակտիկ դաշտում տեղի ունենան քննարկումները: Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի:

Նախագահ վստահություն է հայտնել, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները և գործունեությունը ծավալում է, որպեսզի այս ընթացքը, ողջ ընթացքը՝ և՛ 14 օրը, և՛ ապագա ընտրությունները, տեղի ունենան օրենքի և օրինականության սահմաններում։

«Սա բխում է մեր ողջ ժողովրդի, մեր պետության շահերից և բխում է այն ծրագրերից, որոնց իրականացման համար ապագայում բոլորս պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի ընտրությունները լինեն օրինական, ժողովրդավարական, առանց խախտումների: Եւ այս ընթացքը նաև մի փոքր փորձություն է, պարոն վարչապետ, որպեսզի որևէ միջադեպ չլինի: Իհարկե, վստահ եմ, որ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը՝ բարձրանա: Եվ այս փուլն էլ մեր ժողովուրդը պատվով հաղթահարի, և միջազգային հանրության առաջ նորից բաց երեսով հանդես գանք որպես երկիր, որը ոչ միայն ժողովրդավար է և գնում է դեպի լրիվ ժողովրդավարություն, այլ նաև երկիր է, որը յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել առանց օրենքը խախտելու, լեգիտիմությունը պահելով, հանգիստ, երկխոսության ու հանդուրժողականության պայմաններում: Սա շատ էական եմ համարում»,-ասել է Արմեն Սարգսյանը։

Back to top button