Հասարակություն

Մանթաշի ջրամբարի ոռոգման ջուրը համայնքներին մատակարարվում է խմելու նպատակով

Արթիկ քաղաքում և հարակից մի շարք բնակավայրերում խմելու ջուրը մատակարարվում է  Մանթաշի ջրամբարից առանց ֆիլտրացման,  տեղ-տեղ  բաց հոսքով: Խմելու ջուրը համայնք է հասնում աղտոտված, ինչը երբեմն աղիքային տարատեսակ ինֆեկցիաների զարգացման պատճառ է դառնում: Մանթաշի ջրամբարը կառուցվել է 1967թ Մանթաշ գետի վրա ոռոգման նպատակով:

Խմելու ջրի խնդիրը շատ սուր է արտահայտված Արթիկի շրջանի գյուղերում: Ջրամատակարարումը կազմակերպվում է Մանթաշի ջրամբարից, որտեղ համայնքներ մղվող ջուրն ուղիղ գծով, առանց մաքրվելու հասնում է բնակիչներին: Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանն ասաց, որ  Մանթաշի ջրամբարից առանց զտման մատակարարվող  խմելու ջրի համար նույնքան են վճարում, որքան երևանցիներն ու այլ բնակավայրերի բնակիչները, տարբերությամբ, որ նրանք ստանում են որակապես մաքուր ջուր, իսկ իրենք՝ ոռոգման ջուր:


Մանթաշի ջրամբարը չվերահսկվող տարածք է, որից ջուր են խմում  տեղանքում արածող  անանսունները,  և որտեղ լողում են տարատեսակ կենդանիներ: Աղտոտված ջուրը հասնում է բնակավայրեր, օգտագործվում   ոռոգման և խմելու  նպատակով: Սպանդարյան համայնքում  խմելու ջուրը մասամբ բաց հոսքով է տեղ հասնում:

,,Երկուսն էլ ինքնահոս եղանակով, բաց հոսքով գալիս են, մեկը մինչև վերջ է գալիս, բաց հոսքով,  խմելու ջուրը ճանապարհի կեսից լցվում է փակ  խողովակների մեջ: Այտեղ ինչ կենդանիներ ասես  գորտ է, օձ է, ճիճու է, ինչ ասես կա,,:

Գյուղերի մի մասում խմելու ջրի ցանցը բարելավվել է, սակայն դրանից չի փոխվել ջրի որակը:  Գյուղացիների մոտ երբեմն աղիքային ինֆեկցիաներ են զարգանում, դեպքերը շատանում են  հատկապես ամռան ամիսներին:


Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության  Շիրակի մարզային կենտրոնի  Արթիկի ներմարզային կայանի կողմից երբեմն խմելու ջրի նմուշառումներ են վերցվում,  բայց արդյունքում խնդիրը շարունակում է մնալ անլուծելի:

Գյուղերում նաև ոռոգման ջրի խնդիր ունեն, Մանթաշի ջրամբարից հողային հոսքով հոսող ջրի կորուստը մեծ է, գյուղացիներն այս տարի գյուղատնտեսական շրջանում   հողերը 2 անգամ են ոռոգել:


,,Ջրամբարից ջուրը մի քանի գյուղերի միջով է գալիս, նրանք էլ են ջրում, մեզ ջուր չի հասնում, բույսը թոռոմում է,,

,,Արդեն աշունէ, բայց 2 անգամ են ջուր արել, էն էլ կիսատ-պռատ, գիշերով, գողտու: Ուրիշ գեղի ջուրն ենք բերել, մեր հողերը ոռոգել, ինչ անենք,,:

Մանթաշի ջրամբարից  ջրի մատակարաման բարելավման և ջրի որակի բարձրացման ծրագրեր նախկինում եղել են, որն իրագործվելու էր  Ասիական բանկի վարկային ծրագրի միջոցներով՝  կառավարության հետ համատեղ, սակայն մնացել են գզրոցներում:  Սպանդարյանցիները վերոհիշյալ  խնդրով դիմել են  նաև նոր իշխանություններին, բայց դեռ պատասխան չեն ստացել:

Back to top button