Հասարակություն

Ծնելիության ցուցանիշն ու Թավշյա հեղափոխությունը

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում մեր երկում 10 հազարով նվազել է բնակչության թիվը. (եթե 2017թ հուլիսի մեկին Հայաստանի բնակչությունը կազմում էր 2 մլն 979 հազար 900 մարդ, ապա այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ 2 մլն 969 հազար 800 մարդ): 

Տվյալներն այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փորձագետներն են հրապարակել: Նրանք մեկ անգամ ևս ահազանգել են՝ Հայաստանը ծերացող երկրների շարքում է: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ նախորդի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 1000 երեխա քիչ է ծնվել:

2017-ին  մեր երկրում ՄԱԿ- ի բնակչության հիմնադրամը փորձել է պարզել, թե ինչ է պետք, որպեսզի զույգերը մեր երկրում իրենց նախընտրած քանակով երեխաներ ունենան:

«Բավարար աշխատավարձով աշխատանք, բնակարանային խնդիրների լուծում ու ոչ միայն»:

Թե բավարար աշխատավարձ ասելով ինչ են հասկանում,  հստակ չէ: Հստակ է, որ  մեր երկիրը ծնելիության գործակցի ցուցիչով տարածաշրջանում վերջին տեղում է։

Մտահոգիչ պատկերի հիմնական, այսպես ասենք, «մեղավորներից» մեկը տնտեսական զարգացումներն են: « Տնտեսություն և արժեքներ»  հետազոտական կենտրոնի՝ աշխարհի ամենամրցունակ երկրների զեկույցում մեր երկիրը 70-րդն է: Այն համադրելի չի նախորդ տարիների հետ՝ ասում է կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը:

Այս տարի հրապարակած տվյալների համաձայն՝ նույնպես Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերներից մեկը   զբաղվածության խնդրի լուծումն է: Հայաստանում  գործազրկության մակարդակը  18% է կազմում: Իսկ ժողովրդագրական խնդիրների սրման մարտահրավերներից մեկն էլ, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի, արտագաղթի բարձր տեմպն է:

Հայաստանը ծերացող երկրների շարքում շարունակում է  առաջնային դիրքերում մնալ:  Մեր երկրի բնակչության 13 տոկոսն արդեն 63 և ավելի տարիքի է: ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2050թ տարեցների թիվը 22 տոկոսի շեմը կհատի: Սա ազդանշան է կառավարությանը՝ ասում է  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի օժանդակություն բնակչության  հարցերով  քաղաքականությունների իրականացման  ծրագրերի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Մեր երկրում ծնելիության խթանման համար հիմնական շեշտը դրվում սոցիալական նպաստների վրա: Հայաստանում, օրինակ, հոկտեմբերի 1- ից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը երեք անգամ ավելացավ՝ դառնալով 150 հազար դրամ: Արդյոք սա բավարա՞ր է խնդրի լուծման համար՝ հարցնում եմ Աննա Հովհաննիսյանին.

«ՀՀ փոքր երկրի համար մեր գնահատմամբ թանկ հաճույք է»:

Մեր հարցումները ցույց  տվեցին, որ անգամ երրորդ և չորրորդ  երեխայի ծննդյան միանվագ 1  մլն, և յուրաքանչյուր հաջորդի ծննդյան դեպքում 1,5 մլն  դրամն է քիչ շատ երեխաներ ունենալու համար։

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ մեր երկրում աղքատ են հիմնականում երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները: Մանկական աղքատությունը մեծ է հենց այս ընտանիքներում: Հայաստանում մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության մոտ երկու անգամ ավելի բարձր ռիսկ:  Հայաստանում ժողովրդագրական խնդիրները տնտեսագետ Բագրատ Ասատրյանը սարսափելի է գնահատում:

«Հայաստանը մոտեցել  է այն  սահմանին,  երբ մահացողների թիվը գերազանցելու է ծնվածների թվին»:

Մեր երկրում, սակայն, կարծում են, որ թավշյա հեղափոխության» արդյունքում առաջիկայում իրավիճակը կշտկվի՝ ներգաղթ կկազմակերպվի ու շատ երեխաներ կծնվեն:

Back to top button