Տնտեսական

Անասունների ապահովագրության ծրագրի դրական եւ բացասական կողմերը

Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքը Պարենի համաշխարհային օրվա առթիվ երեկ նախաձեռնել էր մեդիա արշավ դեպի Արարատի մարզի համայնքներ:

Նախաձեռնության շրջանակներում, մասնավորապես, ամփոփել է  նաեւ մարզի երկու համայնքներում ներդրված խոշոր եղջերավոր անասուների ապահովագրական պիլոտային ծրագիրը: 2017-ի հունիսից մինչեւ 2018-ի հունիս իրականացված պիլոտային ծրագրում ընդգրկված են եղել Արարատի մարզի առավել խեցելի համարվող երկու համայնքի՝ Շահումյանի եւ Տափերականի ֆերմերները:

Խոշոր եղջերավոր անասուների ապահովագրության նպատակահարմարությունն ու օգտակարությունը ֆերմերները ոչ միանշանակ են ընդունում: Ինչպես ֆերմերները, այնպես էլ ոլորտի փորձագետները, թեպետ համոզված են, մասնավորապես, խոշոր եղջերավոր անասուների ապահովագրման անհրաժեշտության մեջ, սակայն, կարծում են, որ համակարգի լիարժեք արդյունավետ գործելու համար երկար համատեղ քննարկումների եւ լավագույն լուծումներ գտնելու կարիք կա:  

ԵՄ աջակցությամբ իրականացված խոշոր եղջերավոր անասունների ապահովագրման պիլոտային մեկամյա ծրագրում ընդգրկված են եղել Արարատի մարզի 2 ամենաթիրախային համայնքները՝ Շահումյանն ու Տափերականը: Հենց այս համայնքներում անկումները հաճախակի են լինում: Համայնքների 32 ֆերմեր են ներառվել ծրագրում: Ֆերմերներից Հակոբ Սիմոնյանը դժգոհեց, որ ծրագրում չեն ներառվել գոմեշների եւ ձիերի ապահովագրությունը: Մտածում է թողնել գոմեշաբուծությունը:

Երկու համայնքներում ապահովագրվել էր 226 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Մեզ հետ զրույցում Արարատի մարզի անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոնի տնօրեն Շամո Բաքոյանն ասաց, որ պիլոտային ծրագրի իրականացման մեկ տարվա ընթացքում՝ 17-ի հունիսից մինչեւ 18-ի հունիս, գրանցվել է 5 անկման դեպք: Նա ծրագիրը հաջողված է համարում:

Ծրագրի արժեքը կազմել է մոտ 3 մլն դրամ: Ապահովագրական ընկերությունների մեծամասնությունը, սակայն, խոսափել է այս ոլորտում աշխատելուց: Միակ ընկերությունը, որ ընդառաջել եւ համաձայնել է գյուղապահովագրության ոլորտում աշխատել «Նաիրի ինշուրընս» ապահովագրական ընկերությունն է եղել:

Ընկերության գործադիր տնօրենի խորհրդական, Գյուղատնտեսական դաշինքի անդամ Արտակ Մարտիրոսյանն ասում է, որ մեր գյուղատնտեսությունում ռիսկերը շատ-շատ են, ինչը եւ ոլորտից վանում է ապահովագրական ընկերություններին: Ոլորտին չեն մոտենում նաեւ վերաապահովագրող արտասահմանյան ընկերությունները:

Մեկամյա պիլոտային ծրագրում ներգրավված ֆերմերների ապահովագրավճարները կատարել է ապահովագրող ընկերությունը: Մեկ խոշոր եղջերավոր անասունի գնահատված արժեքի 5 տոկոսն է կազմել ապահովագրավճարը: Արտակ Մարտիրոսյանը նկատում է մի օրինաչափություն, երբ արդեն ֆերմերներն իրենք պետք է շարունակեն ու կատարեն ապահովագրավճարները:

Թե ինչո՞ւ պիլոտային ծրագրից օգտվելուց հետո, ֆերմերները չեն շտապում շարունակել ապահովագրել իրենց անասուներին արդեն սեփական միջոցներով՝ մեզ հետ զրույցում պարզաբանեց ֆերմերներից Հակոբ Սիմոնյանը.

«Կովն ընկավ ավտոյի տակ ջարդվեց՝ մինչեւ ձեւակերպումները կատարվում է, կովը նեխում է: Ինչի՞ս է պետք»:

Սա, սակայն, միակ խնդիրը չէ, որ ստիպում է ֆերմերներին՝ մտածելու ապահովագրությունը շարունակելու աննպատակահարմարության մասին: Այդպիսի մի խնդրի մասին էլ բարձրաձայնեց Արարատ Մինասյանը:

«Օրինակ, հորթ է եղել, գնահատվել է 100 հազար եւ ապահովագրել ենք, դեկտեմբերին անկում է եղել, եւ ապահովագրությունը վճարել է  120 հազար: Էդպես պիտի չլինի, քանի որ նա արդեն աճել է եւ ունի 500 հազարի արժեք: Դա է հիմնական պատճառը, որ ապահովադրողները դեմ են դրան»:

Ինչ վերաբերում է պիլոտային ապահովագրությանը. Ֆերմերի խոսքով՝ շատ լավ է անցել, քանի որ անկումներ այդ շրջանում քիչ են եղել: Ասաց, թե գերադասում է, որ անկում չլինի ու ապահովագրական գումար էլ չստանան:

 

Ցուցադրել ավելի
Back to top button