ԿարևորՔաղաքական

Կառավարությունը սկսում է ԸՕ քննարկումների երկրորդ շրջափուլը


Հոկտեմբերի 22-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվելիք Ազգային ժողովի  արտահերթ նիստի օրակարգային միակ հարցը կլինի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

Տևական ժամանակ քննարկվող և տարբեր կարծիքներ հարուցող փաթեթն այսօր ստացել է կառավարության հավանությունը և ուղարկվել խորհրդարան: Մինչև լիագումար նիստերի դահլիճ հասնելը  կառավարությունը նախնական քննարկումներ կանցկացնի խորհրդարանական 4 ուժերի հետ:

Այսօր նախատեսված էին ՀՀԿ-ի, Ծառուկյան դաշինքի  ու ՀՅԴ-ի  ներկայացուցիչների հետ փոխվարչապետ Արարատ Միրզոյաի հանդիպումները:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով  և հասանելի է կառույցի պաշտոնական կայքէջում:  Նախագիծը  տեղադրված է ուսումնասիրվող և  եզրակացության սպասող  փաստաթղթերի բաժնում: Կայքում որպես փաստաթղթի ներկայացման  ամսաթիվ նշված է հոկտեմբերի 15-ը:

Հոկտեմբերի 19-ից 20-ը գումարվելու է  Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանը: Դրան մասնակցելու է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:  Ենթադրվում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ հանձնաժողովի  առաջին ու  նախնական  կարծիքը հայտնի կդառնա հենց այդ քննարկումներից հետո:Բովանդակային գանահատականներից զատ՝ Վենետիկի հանձնաժողովից ակնկալվում է հիմնկան հարցի պատասխանը՝ ինչ դիրքորոշում կորդեգրի կառույցը դեկետեմբերին նախանշվող ընտրություններից 2 ամիս առաջ Ընտրական օրենսգիրքը փոփոխելու վերավերյալ: Սովորաբար հանձնաժողովն առաջնորդվում է այն սկզբունքով, որ  Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո քաղաքական ուժերը պետք է ընտրություններին նախապատրաստվելու բավարար ժամանակ ունենան:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանի  պատվիրակության անդամ ՆաիրաԶոհրաբայնը համոզված է՝ հայաստանյան  ոչ ստանդարտ իրավիճակն ու դրանից բխող հիմնավորումները չեն փոխի Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները:

«Իրենք շատ լավ հասկանում են ներհայաստանյան իրավիճակի վերաբերյալ այս պահի սպեցիֆիկան, բայց երբեւէ որեւէ երկրի ներքաղաքական իրավիճակից ելնելով իրենք  իրենց դիրքորոշումները, իրենք իրենց ռեկոմենդացիաները չեն փոխելու։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հստակ է՝ կամ պիտի գնան հին ընտրական օրենսգրքով, կամ եթե ընտրական օրենսգիրք է փոխվում, իսկ ընտրական օրենսգրքով լրջագույն ռադիկալ փոփոխություններ է արվում մասնավորապես ընտրակարգ եւ այլն, դրանից հետո պետք է անցնի 6 ամիս ժամանակ»:

Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականը շրջանցվելու է՝ կանխատեսում է նաիրա Զոհրաբյանը, նաև հավելում՝ դրա համար որեւէ մեկին չեն կախելու, բայց  արձանագրվելու է, որ շրջանցվեց հանձնարարականը:

ՀՀԿ խմբակցության անդամ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ կարծում է, որ  Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ու դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը անհամկադրելի որոշումներ են: Աշոտյանը կառավարությանն առաջարկում է ընտրել դրանցից մեկը:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը խոսել է Ընտրական օրենսգիքրը դեկտեմբերին նախանշված ընտրություններից 1-2 ամիս առաջ ընդունելու մասին:

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումների ընթացքում շատ է խոսվում այն մասին, որ ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո որոշակի ժամանակ է պետք, որ հանրությունը եւ քաղաքական ուժերը ծանոթանան դրա նրբություններին: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխությունները արված են պարզեցման ուղղությամբ»:

Ընտրական օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից կամ  տարածքային ցուցակներից և անցնել  պարզ համամասնական ընտրակարգի:Իջեցվում են  ընտրական նվազագույն շեմերը՝  կուսակցությունների համար նախատեսելով 4 տոկոս նախկին 5-ի փոխարեն եւ դաշինքների համար 6 տոկոս՝ նախկին 7-ի փոխարեն, ընտրագրավի գումարը սահմանվում է 7,5 մլն դրամի: Նխատեսվում է նաև, որ ԱԺ-ումպետք է ներկայացված լինի  նվազագույնը 4 քաղաքական ուժ, այսօր այդ  թիվը 3 է:

Պահպանվում են  խորհրդարանական կայուն մեծամասնության և ընդդիմության 30 տոկոս  ներկայացվածության  դրույթները:

Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, դրանում նախատեսվող  փոփոխությունները պետք է ընդունվեն ձայների 3/5-ով: Սա նշանակում է, որ նախագծի ընդունման համար կառավարությանը խորհրդարանում անհրաժեշտ կլինի 63 ձայն:

Back to top button