ԿարևորՔաղաքական

Որն է ՀԱՊԿ ԽՎ նիստի վայրը տեղափոխելու որոշման պատճառը

ՀԱՊԿ ԽՎ նիստն այս ամիս պետք է կազմակերպվեր Երեւանում, սակայն այն տեղափոխվել է այլ վայր: Կազմակերպության ղեկավարությունը որոշումը հիմնավորել է Հայաստանի վարչապետի սպասվող հրաժարականով եւ խորհրդարանի լուծարումով:

Իրականում ինչ է նշանակում այս որոշումը եւ ինչպես հասկանանք այս ազդակները: «Ռադիոլուրը» փորձել է հարցերի պատասխաններն ստանալ խորհրդարանում: Այս թեմայի շրջանակներում պատգամավորները զարմանալիորեն քչախոս են գտնվել:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին առաջիկայում պետք է հաջորդեր մեկ այլ միջազգային իրադարձություն: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը պետք է նիստ գումարեր Երեւանում, բայց որոշում է կայացվել այն տեղափոխելն Մոսկվա։

Լուրն արդեն հաստատել է Ռուսաստանի Պետդումայում՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկով.

«Ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի, այդ անկայուն վիճակը կարող է ստեղծվել հոկտեմբերի վերջին: Եթե իրավիճակը մեր պատկերացրած սցենարով զարգանա, մենք ո՞ւմ հետ ենք Խորհրդարանական վեհաժողով անցկացնելու: Պաշտոնակատարների՞: Դա սխալ է եւ անտրամաբանական»:

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա

ՀԱՊԿ խորհրդարանական հանձնաժողովի նիստը տեղափոխվել է Մոսկվա հոկտեմբերի 29-30: Իբրեւ հիմնավորում ռուսական կողմից վկայակոչում են Հայաստանի վարչապետի սպասվող հրաժարականն ու խորհրդարանի լուծարումը: Լեոնիդ Կալաշնիկովի կարծիքով, երբ Հայաստանում ամեն ինչ հունի մեջ ընկնի, իրենք կաշխատեն գործող պատգամավորների եւ գործող վարչապետի հետ:

Ոչ միայն կազմակերպական, այլեւ որոշակի քաղաքական խնդիրներ այստեղ տեսնում է «Ելք» խմբակցությունից պատգամավոր, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը:

Հայաստանի համար, ըստ էության, բացասական որոշումը ինչ-որ չափով հասկանալի է Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանի համար: Ոչ մի ուղիղ վերլուծություն, պարզապես մեկ հռետորական հարց:

«Եթե վարչապետը կարողացավ իր հրաժարականը հետաձգեր ֆրանկոֆոնիայի համար, ապա ինչու դա չարեց ՀԱՊԿ-ի համար»:

Ընդհանրապես այսօր ԱԺ-ում շատ պատգամավորներ պարզապես հրաժարվում եւ խուսափում էին այս հարցի մեկնաբանությունից: Անգամ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները չէին ցանկանում խոսել: Պարզապես զրույցներում այս որոշման ազդակները բացասական են գնահատում:

Շատերի համար ակնհայտ է, որ ՀԱՊԿ ԽՎ-ի նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելը իրականում շատ քիչ առնչություն այն հիմնավորումների հետ, որ պաշտոնապես է ներկայացվել: Այսօր խորհրդարանում զրուցակիցներս ավելի հակված էին մտածել, որ Հայաստանի հանդեպ որոշակի անվստահություն կա ու որ Հայաստանի նոր կառավարությունը դեռ չի կարողանում նորմալ համագործակցել միջազգային գործընկերների հետ:

Այս հարցն ունի մեկ այլ նրբություն եւս։ Եթե նիստը անցկացվեր Երեւանում, ապա ի պաշտոնե Ռուսաստանից Հայաստան պետք է վերադառնար ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որի նկատմամբ այստեղ կա հարուցված քրեական գործ՝  2008-ի մարտի դեպքերի առնչությամբ: Հնարավո՞ր է արդյոք, որ այս հանգամանքը ազդած լինի ռուսական կողմի դիրքորոշման վրա հարցրեցի «Ելք»-ից պատգամավոր Հովիկ Աղազարյանից.

«Դա եւ գումարվում է եւս մեկ հարց, ինչն էլ բերում է նման որոշումների, ինչը ես գնահատում են, որպես ՀՀ ներքին գործերին միջատություն»:

Աղազարյանը դեռ չգիտի՝ մեկնելո՞ւ է Մոսկվա ՀԱՊԿ ԽՎ-ի նիստի աշխատանքներին մասնակցելու համար: Եթե այդպիսի որոշում կայացվի՝ չի հրաժարվելու, ասում է՝ մեկնելու է եւ հստակ դժգոհությունները հայտնելու է նաեւ այնտեղ:

Back to top button