Քաղաքական

Արցախյան հակամարտությունից մինչև արտահերթ ընտրություններ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը Հայաստանում է


Հայաստանում է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը։

Այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների, գործարարների, քաղաքացիական հասարակության անդամների հետ, ԱՄՆ դեսպանատանը նաև լրագրողների հետ:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիմնականում արծարծվել են Արցախյան խնդրին առնչվող հարցեր։

Ջորջ Քենթը պատասխանել է Ռադիոլուրի  Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարարել է, որ Արցախը պետք է ներգրավվի Ղարաբաղյան բանակցություններին։ Ի՞նչ է մտածում դրա մասին ԱՄՆ փոխպետքարտուղարը։ Քենթը հարցին ուղիղ չի պատասխանում։ Միջազգային ճնշումը Բաքվին արդյո՞ք չի ստիպի կատարել 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման պարտավորությունները։ Դիվանագետը «Ռադիոլուրի» այս հարցը եւս շատ դիվանագիտորեն շրջանցում է։

Պարզապես հիշեցնում է՝ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից է և իրենք ընդամենը նպաստում են, որ կողմերը կարողանան խոսել և գտնել խնդրի լուծում։ Հավելում է նաեւ՝ ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում խումբը Նյու-Յորքում օգնել է  կազմակերպել հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Եվ սա, եւ Դուշանբեում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին հանդիպումը  դրական է գնահատում Քենթը:

«Մենք՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան, որպես ԵԱՀՄ ՄԽ-ի համանախագահ երկրներ ընդունում են ԵԱՀՄ ստանդարտները, որոնք հայտնի են նաև Մադրիդյան սկզբունքներ անվամբ և այստեղ հիմնական սկզբունքներն են՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումը : Ամեն երկիր կարող է այս սկզբունքների վերաբերյալ իր մոտեցումն ունենալ, սակայն առաջնորդող սկզբունենրը սրանք են: Մեր դերակատարումը կողմերի միջև շփումներին նպաստելն է, որպեսզի կողմերը քննության առնեն բոլոր հարցերն ու կարողանան լուծում գտնել»:

Ու մինչ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպումների եւ դրանց միջոցով խնդրի լուծման կարևորության մասին  է խոսում, Բաքվից Արցախ այցելած հասարակական գործիչներին «սեւ ցուցակում» ընդգրկելուհերթական լուրն է ստացվում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկիր մուտք գործելու արգելք է սահմանել Ռուսաստանի քաղաքացիներն` Պետդումայի պատգամավոր, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սվետլանա Ժուրովայի, գրող Լյուդմիլա Ուլիցկայայի և «Вера» բարեգործական հիմնադրամի ղեկավար Նյուտա Ֆեդերմեսերի նկատմամբ:

Մի քանի օր առաջ նրանք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել էին Արցախ «Կանայք հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, որի ընթացքում Աննա Հակոբյանը խաղաղության կոչ էր  արել հակամարտության կողմերին: Այցից հետո Ադրբեջանի  արտգործնախարարը հայտարարել էր, թե Ղարաբաղ այցելած հայտնի կանայք հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»:

Գրող Ուլիցկայան նշել է, որ խումբը ծրագրել էր այցելել նաեւ Ադրբեջան, որպեսզի փորձի օգնել կողմերին գտնելու խնդրի խաղաղ կարգավորման տարբերակներ:

РБК- ին նա ասել էր՝ գոյություն ունի բարձր քաղաքականություն և գոյություն ունի իրական կյանք, ուր զոհվում են զինվորականներ ու խաղաղ բնակչություն և իրենց կոչն է՝ դադարեցնել այդ վտանգավոր հակասությունը: Ուլիցկայան նշել է, որ Ադրբեջան իրենց այցի շուրջ բանակցություններն ընթանում էին մինչև վերջին օրերը, սակայն եթե իրենք բոլորը ներառված են այդ սև ցուցակում, ապա չեն գնա Ադրբեջան:

Back to top button