Տնտեսական

Հացահատիկի ցանքսը  թանկացել է

Աշնանացանի և գարնանային վար ու ցանքի ժամանակ Արթիկի շրջանի  գյուղացիները դժգոհում են  դիզելային վառելանյութի թանկացումից: Անցած տարվա համեմատությամբ  վարը թանկացել է,  1 հա հող վարելու  դիմաց գյուղացիները վճարել են 35000-36000 դրամ: Այս տարի ցորենի բերքն առատ էր և գյուղացիներն ամբարել են ալյուրի ձմռան պաշարը:

 

Արթիկի շրջանի գյուղերում աշնանացան ցորենի վար ու ցանքն ավելի վաղ են սկսում, սեպտեմբերի սկզբից,  հաշվի առնելով  լեռնային շրջաններին բնորոշ կլիմայական պայմանները: Թեև արդեն կլիմայի գլոբալ տաքացուման  հետևանքներն այստեղ էլ են զգում, բայց բնությանը հակառակվել չեն կարող:


Գյուղացիները դժգոհում են  դիզելային վառելիքի թանկացումից: Սպանդարյան գյուղի բնակիչ Արայիկ Հովհաննիսյանն ասաց, որ 1 հա հացահատիկի մշակության համար կոպիտ հաշվարկով ծախսվում է 200000 դրամ, չհաշված  իրենց աշխատանքը՝ հողերից շարունակ քարեր են հավաքում:

Այս տարի,  բարեբախտաբար, լավ տարի էր սպանդարյանցիների համար, ցորենի լավ բերք էին ստացել,  1հա միջին  բերքատվությունը  3- 3,5 տ էր: Գարնանային ցրտահարությունից և կարկուտից բերքը պաշտպանվել էր:

,,Գյուղում  հակակարկտային 3 կայան կա, որոնք շատ լավ են աշխատել ու պաշտպանել  բերքը,,:


Սպանդարյանում հողերը քիչ են,  1 բաժին հողը 8000 քմ է: 450 հա վարելահողից  գյուղում 90 հա-ը դրված է ցորենի մշակության տան,  70 հա-ը՝ գարու,  100 հա-ը՝  կորնգանի: Այս մասին տեղեկացրեց Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը: Ցորենն աղալու համար տեղացիներն այլ տեղ չեն գնում, գյուղում ալրաղաց ունեն:  Ջաղաչի  աշխատանքային պիկ շրջանը հուլիս-օգոստոս ամիսներն են, սեպտեմբեր հոկտեմբերին արդեն նվազում է, այս ընթացքում  ձմռան համար պահված ցորենն են  աղում:


Ալրաղացում 1տ ցորենն աղում են 14000 դրամով, որից ստանում են բարձր և 1-ին տեսակի ալյուր: Սարքավորումները  ծանրաբեռնվածությանը շատ չեն  դիմանում: Ալրաղացի սեփականատեր Բաբկեն Աղալարյանն ասաց, որ  սարքավորման խափանման դեպքում պահեստամասերը պատվիրում են Ռուսաստանից, բայց  կարողանում են նաև վերանորոգել արհեստավորների միջոցով:


Ալրաղացում տեղադրված է  սեմազտիչ սարքիմիջոցով ցորենը  զտում են, հետո ախտահանում և ցանում: Բացի հացահատիկից տեղացիները ցանում են գազար, կարտոֆիլ, կարմիր բազուկ, ինչպես նաև արևածաղիկ: Արևածաղկի սերմերը մաքրում  չորացնում և պահում են իրենց համար, իսկ մի մասը բաթաթներով վաճառում քաղաքաներում: Ունեցած բերքը փոխանակում են նաև  գյուղում վաճառվող այլ ապրանքներով:

Ցուցադրել ավելի
Back to top button