Քաղաքական

ԸՕ բարեփոխված տարբերակը վաղը կներկայացվի կառավարությանը

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը «Ռադիոլուրին» այսօր տեղեկացրեց, որ փոփոխությունների  մշակման վերջնական տարբերակն ավարտել են, բարեփոխված տարբերակը վաղն առավոտյան կգնա կառավարություն:

 Չնայած վերջնական տարբերակն արդեն պատրաստ է, բայց դրա շուրջ քննարկումներն ու վեճերը դեռ չեն ավարտվում:

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի շուրջ քննարկումներն, առաջարկներն ու վեճերը չեն դադարում:

Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ, համակարգող խորհրդի անդամ  Իրինա Գասպարյանը վրդովվում է՝ իր ձայնը ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը չի լսել, բոլոր առաջարկներն ու դիտողությունները թողել է անպատասխան:

Իրինա Գասպարյան. «Ինքը պետք է մեզ լսեր, հավաքեր առաջարկությունները, սակայն տեղի ունեցավ հակառակը՝ պարոն Իոաննիսյանն իր կարծիքը ներկայացրեց, ասաց էլի կհանդիպենք և հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ»:

Իոանիսսյանը պատասխանում է, լսել են ոչ միայն Գասպարյանին, այլև մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, եղել են բովանդակալից քննարկումներ:

Դանիել Իոանիսյան. «Ազնիվ չէ ասել, որ առաջարկությունները չենք քննարկել, առավել ևս չենք լսել իրեն: Լսել են ոչ միայն տիկին Իրինա Գասպարյանին, այլև մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»:

Իրինա Գասպարյանը վստահեցնում է՝ ազգային փոքրամասնությունների իրավունքները ընտրական օրենսգրքի նախագծում ոտնահարվում են:

Ասորական համայնքի ներկայացուցչի առաջարկությունները հակասում են ՀՀ սահմանադրությանը, թե ինչու՝ մանրամասնում է հանձնաժողովի քարտուղարը:

Իոաննիսյանը արձանագրում է, ազգային փոքրամասնությունների մասով փոփոխություններ կատարել չեն հասցրել, վերադարձել են գործող կարգավորմանը:

Իսկ օրենքի նախագծի մշակման վերջնական տարբերակն արդեն պատրաստ է, աշխատաքներն ավարտվել են  ժամեր առաջ: Բարեփոխված տարբերակը վաղն առավոտյան կներկայացվի կառավարությանը:

Back to top button