ԿարևորՀասարակություն

Մասիվների ու Աջափնյակի «խրուշչովկաները» պետք է քանդել, նորը կառուցել. ծրագիր դեռ չկա, ֆինանս` նույնպես

Մասնագիտական որոշ գնահատումներով` մայրաքաղաքի բնակֆոնդի 70-80 տոկոսը վթարային է: Երեւանի նորընտիր քաղաքապետն արմատացած հարցին արմատական լուծում է պատկերացնում` քանդել, նորերը կառուցել: Հայկ Մարությանը միաժամանակ նաեւ շեշտում է` դա ֆինանսի ու ժամանակի լուրջ խնդիր է:

Որքանո՞վ է իրատեսական մայրաքաղաքի բնակֆոնդի խնդրի այսօրինակ լուծումն ու որքանո՞վ են դրա իրականացման ժամկետերն ու ռեսուրսները տեսանելի:

 

 

Երեւանի նոր քաղաքապետի առաջ Երեւանի հին խնդիրներն են ու դրանց շարքում առաջնահերթորեն նաեւ` հին, վթարային շենքերը: Հայկ Մարության:

«Մենք էլ վաղ թե ուշ գալու ենք, այդ խնդրի լուծմանը կանգնելու ենք։ Իհարկե, սա չի լինի մոտակա 5 տարվա մեջ, խնդիրը չի առաջանա, բայց այն, որ պետք է այսօրվանից սկսել դրա մասին մտածել, դա՝ վստահաբար»:

Ինչ ժամկետում, ինչպես, ֆինանսական ինչ միջոցներով է պետք հասնել խնդրի լուծմանը` դեռ հստակեցման ենթակա հարցեր են քաղաքապետի համար էլ: Մարությանն ինքն էլ ընդգծում է` ոչ թե ծրագրեր ունենք, այլ անելիքներ ու դրա ենթադրած ֆինանսական լուրջ բեռ: Սա քաղաքապետարանի,  կառավարության ու քաղաքացիների համատեղ քննարկելիք ու որոշելիք հարցն է: Այսօր լուծվող չէ, բայց պահաnջում է լուծմանը սկսել անդրադառնալ արդեն այսօր: Քաղաքապետը մատնանշում է Մոսկվայի փորձը:

Խորհրդային տարիներին Երեւանի շենքերը կառուցվել են 7 բալ սեյսմակայունությամբ: Բայց տասնամյակների շահագործումը հանգեցրել է դրանց բարոյական մաշվածությանը, իսկ սեյսմիկ ռիսկերն այսօր պահանջում են 9 բալ եւ նույնիսկ ավելի բարձր սեյսմակայունություն: Վթարային շենքերի խնդրի լուծումը պահանջում է քայլերի հստակ հերթականություն: Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը մատնանշում է դրանցից առաջին անհրաժեշտը:

«Պետք է ողջ ֆոնդը` սկսած փողոներից, վերջացրած ամեն կառույցով, անձնագրավորվի, հստակեցվի ամեն մեկի վիճակը, ուսումնասիրվի` որը ինչքան կդիմանա, որը պետք է ծրագրի մեջ ներառվի, որի մասով վերանայում արվի, որի մասով` ոչ:  Ծրագիր չկա ներկայացված, որ ասեմ` իրատեսական է, թե ոչ: Միայն խոսվում է ցանկությունների մասին»:

Այո, ծրագիր չկա այստեղ ու շատ մեծ ծրագիր պետք էլ չէ. սա էլ քաղաքապետի կարծիքն է: Հայկ Մարության:

«Ուղղակի պետք է քանդվի ու նորը կառուցվի: Այստեղ շատ մեծ ծրագիր պետք չէ: Պետք է հասկանալ, թե այդ ֆինանսական լուրջ միջոցները որտեղից են ձեռք բերվելու»:

Լուրջ ու երկարաժամկետ ծրագիր, այդուհանդերձ, պետք է` վստահ է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Ամենավթարայինները պետք է քանդվեն, առավել պակաս վթարայնությամբ շենքերն ամրակայվեն:

«Միանգամից միլիոնավոր քմ բնակտարածությունից անհնար է միանգամից զրկվել ու նորը կառուցել»:

Ճարտարապետների միության նախագահն ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա էլ`թամանյանական շրջանում կառուցված շենքերի քանդման մասին խոսք անգամ լինել չի կարող. դրանք արվել են վարպետների ձեռքով ու Մինասյանն այս կառույցները համարում է քաղաքի դեմքը: Քանդման ենթակա են այսպես ասած «խրուշչովկաները»:

«Քանդման մասին խոսքը վերաբերում է խրուշչովյան ժամանակ կառուցված տիպային շենքերին` Մասիվների, Աջափնյակի բոլոր շենքերը կառուցվեցին հենց այդ ժամանակ»:

Շատ մեծ թվեր` ասում է Մկրտիչ Մինասյանը` փորձելով նախնական գնահատում անել, թե որքան գումար է պետք վթարային շենքերը քանդելու ու փոխարենը նորերը կառուցելու համար. 25-35 մլրդ դոլար, ու ոչ մի բյուջե այդ բեռին չի դիմանա` կարծում է: Այս առումով պետք է լուծումը երկարաժամկետ հեռանկարում ծրագրել, բայց մյուս կողմից էլ չի կարելի մոռանալ` խորհրդային տարիներին կառուցված շենքերն ընդամենը 50-70 տարվա կյանք ունեն:

Back to top button