Հասարակություն

Ֆիրդուսի բնակիչներն անորոշ վիճակում են

Հայտնի Ֆիրդուսի շուկայում եթե մեկ տարի առաջ քայլել չէր լինում՝ այսօր պատկերը բոլորովին այլ է: Հատուկենտ առևտրականներ, որոնք այլընտրանք չունենալով իրենց ապրանք են վաճառում, նշում են՝ առևտուր բացարձակ չի լինում:

Դեռ 2007 թ.-ին կառավարությունն այս տարածքը գերակա հանրային շահ էր ճանաչել. aվելի քան 5 հա տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է 85 մ տրամագծով կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ կառուցել:

Դեռ անցած տարի, երբ շուկան քանդվեց, նախատեսվում էր, որ արդեն շինարարական  աշխատանքները պետք  է սկսեին։ Սակայն ներդրողների կողմից առաջադրվող պայմանների հետ ոչ բոլոր բնակիչներն էին համաձայն։

Մասնավորապես բնակիչները ընդհանուր հայտարարի  չեկան առաջարկվող փոխհատուցմանը։ Ըստ բնակիչների՝ նրանց առաջարկում էին շուկայականից անհամեմատ  ցածր գներ, օրինակ 1 քմ-ի դիմաց 600-ից 650 դոլար, այն էլ հաշվարկում էին միայն հողատարածքը: Այս պահի դրությամբ շուկայում որևէ  տեսակ աշխատանքներ չեն իրականացվում։ Մեր այցելության պահին էլ բնակիչները նշեցին, որ իրենք շատ անորոշ վիճակում են:

Բնակիչները նշում  էին, որ իրենց հետ դեռ ոչ ոք չի հանդիպել.

Զրուցակիցներիս խոսքով՝ նախկին իշխանությունները շուկան քանդեցին՝ մտածելով, որ մարդկանց  ինչ գին առաջարկեն՝ կհամաձայնեն, տներից դուրս կգան։

Բայց պարզվեց, որ առևտրականներին տարածքից հեռացնելն ավելի հեշտ էր, քան՝ բնակիչներին։ Նրանք պատրաստ են հրաժարվել սեփականությունից միայն այն դեպքում, երբ իրենց առաջարկները կբավարարվեն։

Մենք փորձեցինք պատկան մարմիններից տեղեկանալ, թե ինչ փուլում է իրավիճակը։ Կառավարությունից մեզ փոխանցեցին, որ գործընթացն առայժմ սառեցված է:

Ցուցադրել ավելի
Back to top button