Տնտեսական

«Էքսպո Ռոսիա-Արմենիա 2018» միջազգային ցուցահանդեսը` Երեւանում


Հոկտեմբերի 17-19-ը «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կանցկացվի «Էքսպո Ռոսիա-Արմենիա 2018» միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը եւ Երեւանի բիզնես ֆորումը:

Կազմակերպիչները շեշտում են, որ արդեն 7 անգամ տեղի ունեցած միջոցառումը ծառայում է երկու երկրների միջեւ կապերի համապարփակ ամրապնդմանը:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ցուցահանդեսի ռուսաստանցի կազմակերպիչները շեշտել են, որ սա լավագույն հարթակ է՝ երկու երկրների միջեւ կապերի հաստատման ու ամրապնդման՝  համատեղ բիզնեսի զարգացման, առեւտրատնտեսական եւ ներդրումային հարաբերությունների խորացման ոլորտներում:

Արդեն 8-րդ անգամ տեղի ունեցող միջոցառման խնդիրը ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ առեւտրատնտեսական, գիտա-տեխնիկական, մշակութային եւ քաղաքական համագործակցության զարգացումն ու խորացումն է: Մենք մտածում ենք ինչպե՞ս հասնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության նոր եզրերի՝ ասում է «Էքսպո Ռոսիա-Արմենիա 2018» ցուցահանդեսի տնօրեն Սվետլանա Զաբելինան:

«Այս անգամ մեր ցուցահանդեսին մասնակցելու է ավելի քան 100 ընկերություն տարբեր երկրներից: Իհարկե ամենաշատը ռուսաստանցի մասնակիցներն են, հետո՝ մասնակիցները Հայաստանից: Կան նաեւ ընկերություններ Ղազախստանից եւ Բելառուսից: Սպասում ենք հյուրեր եւ այցելուներ այդ բոլոր երկրներից, նաեւ՝ Վրաստանից եւ Իրանից»:

Այս ցուցահանդեսն արդեն իրեն դրսեւորել է որպես լավագույն հարթակ՝ մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները, մշակութային եւ սոցիալական կապերը զարգացնելու համար՝ հավելեց ցուցահանդեսի տնօրենը:

Նրա փոխանցմամբ՝ այս անգամ ներկայացված են նաեւ գիտության եւ կրթության ոլորտները: Սվետլանա Զաբելինան ապագա ուսանողներին նույնպես հորդորում է այցելել ցուցահանդես եւ գտնել իրենց ռուսաստանյան բուհերը՝ կրթությունը շարունակելու համար:

Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի խոսքով՝ անցած տարի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշը եղել է ռեկորդային՝ մեկ միլիարդ 762 մլն դոլորի: Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում լուրջ դեր ունի:

Ռուսաստանից միայն ուղղակի ներդրումները Հայաստանում կազմում են օտարերկրյա ընդհանուր ներդրումների 37 տոկոսը՝ նկատեց Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչը: Նա ասաց, որ 2018-ի արդյունքները  նույնպես բավականին հաջող կլինեն, դրանք արդեն աճել են 26 տոկոսով:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները, առեւտրատնտեսական ոլորտում հարաբերությունները, չնայած բոլոր արտաքին խոչընդոտների եւ մարտահրավերների, բավականին հաջող զարգանում են»:

Ամենատարբեր ոլորտներից մասնակիցների համար նախատեսված է 1000-ից  ավելի դեմ առ դեմ հանդիպում՝ սկսած գյուղատնտեսության ոլորտից, մինչեւ էներգետիկա եւ մեքենաշինություն: Կանցկացվեն նաեւ կլոր-սեղաններ:

Ամեն ինչ շատ հետաքրքիր կլինի՝ վստահեցնում է «Զարուբեժ էքսպո» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Անատոլի Նիկոլաեւը: Կազմակերպիչները հույս ունեն, որ արդյունքում նորանոր համատեղ նախաձեռնությունների հիմքեր կդրվեն:

Back to top button