Տնտեսական

Ի՞նչ ճակատագիր է սպասվում բյուջե 2019-ին

Վարչապետի հնարավոր հրաժարականի եւ այնուհետեւ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, խորհրդարանի լուծարման ֆոնին անհրաժեշտություն է առաջացել հասկանալու՝ ինչ ճակատագիր է սպասվում 2019 թվականի բյուջեի նախագծին:

Այսօր «Ռադիոլուր»-ը փորձել է հասկանալ ինչ զարգացումներ կարող են լինել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի համար:

Հաջորդ տարվա բյուջեի նախագիծն արդեն բերվել է ԱԺ, բայց հեռացող խորհրդարանում դեռ չեն սկսել քննարկել այդ փաստաթուղթը: Մշտական հանձնաժողովներում բյուջեի ճյուղային քննարկումները սկսվելու են միայն այս ամսվա վերջում՝ հոկտեմբերի 29-ին:

Արդյո՞ք սա նշանակում է, որ լուծարվող խորհրդարանը չի հասցնի քննարկել եւ հաստատել փաստաթուղթը: Այս հարցի բանալին թերեւս Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ կետն է.

«Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:

Սա նշանակում է, որ խորհրդարանական կառավարմամբ երկրում չեն կարող ընդհատումներ լինել օրենսդիր մարմնի աշխատանքում՝ պարզաբանում է Աժ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Ասել է, թե անգամ վարչապետ չընտրելու դեպքում, մինչեւ արտահերթ ընտրությունները խորհրդարանը շարունակելու է աշխատել:

Աժ-ում հաստատված ժամանակացույցով՝ նոյեմբերի 5-ը ճյուղային քննարկումների վերջին օրն է, եւս մեկ շաբաթ տրվում է պատգամավորին առաջարկություններ ներկայացնելու համար, իսկ նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստի օրակարգում արդեն պետք է ներառված լինի 2019-ի բյուջեի նախագիծը:

Ակնհայտ է, որ այս ամենը համընկնելու է նախընտրական թոհուբոհի հետ: Հեռացող խորհրդարանը փաստաթուղթը կարող է հաստատել, եթե պատգամավորները որոշեն աշխատել մինչեւ վերջ: Բայց կա նաեւ հավանականություն, որ պատգամավորների մի մասը «ամեն ինչ վերջացած» համարեն եւ այլեւս չներկայանան աշխատանքի:

Այդ դեպքում 2019-ը թվականը կդիմավորենք առանց հաստատված կարեւորագույն ֆինանսական փաստաթղթի: Ինչ պետք է անենք այդ դեպքում՝ մանրամասնում է «Տնտեսական իրավունք» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:

Հենց 2019-ի տարեսկզից չեն գործի ասենք, կենսաթոշակային բարձրացումները, քանի որ 2018-ի համամասնություններով այն նախատեսված չէր: Սա, իհարկե, ժամանակավոր է, մինչեւ կհաստատվի բյուջեի նախագիծը:

Քաղաքական դաշտի հնաբնակ Խոսրով Հարությունյանը հիշում է, որ 90-ականներին եղել են դեպքեր, երբ բյուջեն հաստատվել է նույն տարվա փետրվարին, մարտին եւ նույնիսկ ապրիլին: 1993 թվականն էր, երբ հաջորդ տարվա բյուջեն խորհրդարանն ընդունեց հենց դեկտեմբերի 31-ին:

Back to top button