ԿարևորՔաղաքական

Վարչապետի սպասավող հրաժարականին սպասելիս. քաղաքական ռիսկերն ու իրավական բացերը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել:  Կառավարության ղեկավարը որոշել է գնալ այս ճանապարհով գործող Ազգային ժողովի արձակումն ապահովելու  և  արտահերթ խորհրդարանական ընտրություններ անկացնելու համար:

Հրաժարականի և ընտրությունների հնարավոր ժամկետների մասին վարչապետը խոսել էր «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ զրույցում:

«Ընտրությունները տեղի կունենան  դեկտեմբերի 9-ին կամ 10-ին: Եվ սրա համար ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը», — ասել էր Փաշինյանը:

Վարչապետի մամուլի խոսնակն հորդորել է վարչապետի հրաժարականին այսօր չսպասել, իսկ  առաջիկա օրերի համար ՝ սպասել լրացուցիչ հստակեցումների:

«Ռադիոլուրի» հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը կրկնեց ավելի վաղ արած իր այն մեկնաբանությունը, թե վարչապետի հրաժարականի օրը պայամանավորված է ընտրությունների օրով և մի շարք այլ  հարցերով, որոնք հիմա քննարկվում են:

Ըստ Եղոյանի՝ եթե որոշում կայացվի ընտրությունները ոչ թե դեկտեմբերի 10-ին, այլ մի քանի օր ուշ անցկացնել, հրաժարականի օրն էլ, ըստ դրա, կտեղաշարժվի:

Մեր մյուս հարցին, թե արդյոք հնարավոր է այլ տարբերակի կիրառում,  քան հրաժարականն է,  մամուլի խոսնակը  նախընտրեց չպատասխանել՝ հորդորելով սպասել: Արման Եղոյանը դժվարացավ պատասխանել նաև մեր մյուս հարցին, թե արդյոք այս փուլում այլ տարբերակներ քննարկվում են, օրինակ Գագիկ Հարությունյանի առաջարկած տարբերակը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն օրերս ուշագրավ հայտարարություն է արել:  Նա նշել է, որ վարչապետի հրաժարականի ճանապարհով գնալը իրավիճակի միակ հնարավոր հանգուցալուծումը չէ: Կա մեկ այլ հնարավորություն էլ, որը   կապվում է խորհրդարանում կայուն մեծամասնություն ուենալու սահմանադրական պահանջի  հետ: Գագիկ Հարությունյանը կարծում է, որ ԱԺ լուծարման հիմք կարող էր դառնալ կայուն մեծամասնություն չունենալու իրողությունը: Դրա համար պետք է լրացում կատարվեր Սահմանադրության 92-րդ հոդվածում, ավելացվեր ԱԺ լուծարման նոր  հիմք, ընդ որում դա կարող էր անել հենց Ազգային ժողովը՝ առանց հանրաքվեի:

«Եթե ԱԺ-ն առաջնորդվեր Սահմանադրության տրամաբանությամբ, ապա պետք է 92-րդ հոդվածում լրացում կատարեր:  92-րդ հոդվածը տալիս է հիմքեր ԱԺ-ն իրավունքի ուժով արձակելու համար, ընդամենը այդ հոդվածում պետք է ավելացվեր հետևյալը՝ ԱԺ-ն իրավունքի ուժով կարող է արձակվել խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում, որովհետև խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը ստեղծում է ինստիտուցիոնալ լուրջ խնդիրներ ԱԺ-կառավարություն և ԱԺ-այլ մարմիններ հարաբերություններում: 92-րդ հոդվածում կարող էր փոփոխություն կատարվել, ընդ որում ՝ ոչ հանրաքվեով: Լուծումներ կան Սահմանադրության մեջ, և այդ լուծումներով պետք է առաջնորդվել, ոչ թե ավելի շատ քաղաքական աղմուկ բարձրացնել»:

Գագիկ Հարությունյանն, ըստ էության առաջարկում է արտահերթ ընտրությունների հասնել՝ շրջանցելով հրաժարականի տարբերակը։ Ուշագրավ է, սակայն, որ առաջարկն  արվում է այն փուլում, երբ վարչապետն արդեն հայտարարել է, որ խորհրդարանի  լուծարմանը պատրաստվում է գնալ իր հրաժարականի ճանապարհով:

Շատ փորձագետներ այդ ճանապարհը ռիսկային էին որակում: ՀՀԿ-ի , ԲՀԿ-ի հետ քաղաքական համաձայնություններից ու հավաստիացումներից հետո, որ թեկնածուներ չեն առաջադրվելու, ռիսկերը կարծես թե նվազել են:   Փաստաբանների պալատի նախագահը, սակայն, խոսում է նոր իրավական ռիսկի մասին: Արա Զոհրաբյանը կարծում է, որ առանց առաջին փուլում վարչապետի թեկնածուի առաջադրման, քվեարկության, երկրորդ փուլ կազմակերպելը վիճահարույց է:

«…Խնդիրը ծագում է երկրորդ փուլում, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: …Ինչպես տեսնում ենք, առանց առաջին փուլում թեկնածուի առաջադրման, քվեարկության և չընտրվելու փաստի արձանագրման՝ երկրորդ փուլը չի կարող սկսվել, քանի որ 7-օրյա ժամկետի սկիզբը դրված է քվեարկության պահից»:

Փաստաբանների պալատի նախագահի այս մեկնաբանությունը  Հիմնավոր չի համարում սահմանադրագետ Վարդան Այվազյանի համար: Որպես հակափաստարկ նա նշում է, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն որի՝ Ազգային ժողովի խմբակցություններն ոչ թե պարտավոր են, այլ  իրավունք ունեն առաջադրել վարչապետի թեկնածուներ: Սա նշանակում է, որ իրավունք ունեն նաև թեկնածու չառաջադրել :

«Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե պարտավոր են առաջադրել, այլ իրավունք ունեն: Սա նշանակում է, որ առաջադրում չանելու տարբեակ ևս Սահմանադրությունն առաջարկում է : Բացի դրանից  ՝ ԱԺ կանոնակարգի համաձայն նիստի համար պատգամավորների գրանցվելը միայն բավարար է որոշում կայացնելու համար»:

Գագիկ Հարությունյանի առաջարկը՝ հրաժարականի ճանապարհը շրջանցելու միջոցով խորհրդարանի լուծարմանը գնալու, սահմանադրագետը տրամաբանական և իրավաչափ , բայց ուշացած է համարում: Կարծում է, որ այդ տարբերակով գնալու դեպքում ընտրությունները շատ ավելի ուշ հնարավոր կլինի կազմակերպել, քան նախանշված դեկտեմբեր ժամկետն է:

Ցուցադրել ավելի
Back to top button