Հասարակություն

Որքա՞ն գումար կծախսվի Էրեբունի-Երևանի համար

Հոկտեմբերի 20-ին և 21-ին  Երևանում կանցկացվեն Էրեբունի-Երևան 2800-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Որքան գումար էր նախկին քաղաքային իշխանությունը նախատեսել այս միջոցառումների իրականացման համար, և այժմ ինչ են նախատեսում նորերը:

«Իմ քայլը» դաշինքի ծրագրային դրույթներից մեկը մասսայական միջոցառումների վրա  ավելորդ գումարներ չծախսելն է: 2018 թվականի քաղաքային բյուջեով նախատեսված է մոտ 2.5 միլիոն դոլար ծախսել միայն նա միջոցառումների վրա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց դաշինքի ավագանու անդամ Գայանե Աբրահամյանը:

Մինչդեռ՝ ավելի ճիշտ է այդ գումարները կրճատել և դրանք ուղղել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, որը երկարաժամկետ արդյունք կարող է տալ: Իսկ ահա մեկանգամյա միջոցառումները, որոնց վրա ծախսվում են  հսկայական գումարներ, կրթական տարրեր չեն պարունակում:

«Բայց դա չի նշանակում, որ չեն լինելու միջոցառումներ, այլ քաղաքապետարանը  պրակտիկ կերպով պետք է ուղղորդի մասնավորներին, հասարակական կառույցներին, որ տարբեր միջոցառումներ, փառատոներ  անցկացնեն: Այսինքն՝ այն ընթացակարգերը, որ դիմում էին, ստանում էին թույլտվություն քաղաքում ինչ- որ բան կազմակերպելու համար, այդ ընթացակարգերը  պետք է ավելի հեշտանան»:

Մամուլում շրջանառվում  է, որ Էրեբունի Երևան տոնակատարության  միջոցառումների համար նախատեսված է եղել 1 միլիարդ 700 միլիոն  դրամ, սակայն նորընտիր քաղաքապետը  կրճատել է ծրագրերի մի մասը՝ ծախսերը նվազեցնելով 300 միլիոն դրամի չափով:

Նաև նշվում է, որ ծախսերը  շատ կրճատելու  ցանկություն եղել է, սակայն  փողի մի մասն արդեն վճարված էր, պայմանագրերը՝ կնքված:

«Իմ քայլը» դաշինքում  դեռ վաղ համարեցին դրա մասին խոսել, քանի դեռ քաղաքապետը պաշտոնապես չի ստանձնել պարտավորությունները: Իսկ Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ քանի որ փոխվեց միջոցառումների անցկացման օրը, ապա ենթադրելի էր, որ նոր քաղաքային իշխանությունը կփոխի նաև ծախսվող  գումարների  ծավալը,

«Եվ իհարկե հասկանալի է, որ նոր  իշխանությունները, նախկինում  քննադատելով  միջոցառումների վրա մեծ ծավալի գումարներ ծախսելը, իրենք էլ հակված կլինեին ավելի քիչ գումար տրամադրել  տոնական միջոցառումներին, ինչը,  ըստ էության, այս օրերի ընթացքում տեղի է ունենում»:

Որքա՞ն է կազմում այս տարվա Էրեբունի Երևան տոնակատարությունների բյուջեն: Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանն ասում է, որ նախորդ տարվա գնումների ծավալը կազմել է շուրջ 8 միլիարդ դրամ, որից  Էրեբունի Երևան 2799 թվականի միջոցառումների  վրա ծախսվել է 80 միլիոն դրամ:

Իսկ այս տարվա տոնակատարությունների համար նախորդ քաղաքային իշխանության օրոք ավելի քան 175 միլիոն դրամ է վճարվել «Երևան 2800» հիմնադրամին:  Սրան գումարած էլ  ձեռք են բերվել շուրջ 12 միլիոն դրամի կոնյակ, 20 միլիոն դրամի «Երևան 2800»  հեռուստաշարքի նկարահանում,  ներառված չեն ձևավորման և այլ ծախսերը:

«Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես պլանավորված է, մոտավորապես ավելի քան երկուսուկես  անգամ գնումների ծավալը կգերազանցի նախորդ տարվա  ցուցանիշը»:

Back to top button