ԿարևորՔաղաքական

Կանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարևորում է 60 հազարանոց կանադահայ համայնքի դերը իր երկրի զարգացման գործում, վստահեցնում՝ շատ գործարարներ Կանադայում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներով:

Նա պատմել է, որ առաջին անգամ Երևան է եկել 80-ականներին՝ հոր և եղբոր հետ միասին: Իսկ այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը շատ զգացմունքային է եղել իր համար:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը պայքարել ու պայքարելու է, որ նման ոճրագործություններ չկրկնվեն: Այդ համատեքստում չի շրջացվել Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի համար մղած պայքարը։

Պատմական իրադարձություն. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան այցը բնորոշում է ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյան։ Թրյուդոն Կանադայի առաջին վարչապետն է, որ այցելում է մեր երկիր՝ ասում է: Եվ ավելի ոգևորող է այն ջերմ մթնոլորը, որ առկա է երկու երկրների ու երկու առաջնորդների միջև: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարաչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպումից հետո արձանագրում է՝ Հայաստանի ու  Կանադայի հարաբերությունները փայլուն են.

«Ես իրեն այս հանդիպումների արդյունքում այլևս համարում եմ լավ ընկեր, լավ բարեկամ, բայց նաև անձամբ իմ ընկերն ու իմ բարեկամը: Ես ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել պարոն Թրյուդոյի նկատմամբ: Հույս ունեմ, որ դեռ հանդիպելու բազմաթիվ առիթներ կունենանք, և այդ շփումները կոնկրետ արդյունքներ»:

Իր ընկեր ու բարեկամ է համարում Նիկոլ Փաշինյանին նաև Կանադայի վարչապետն ու վստահեցնում՝  արդեն գոյություն ունեն լավ կապեր, սքանչելի պայմաններ հայ-կանադական տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: Կանադացի գործարարներին հետաքրքրել է Հայաստանում ներդրումներ անելու գաղափարը: Հայաստանում ներդրումների պոտենցիալը  նա մեծ է համարում՝ ջրային ռեսուրսների կառավարում, բնական ռեսուրսներ. սրանք են այն ոլորտներն են, որ Օտտավային հետաքրքրում են։

«ՀՀում մեծ պոտենցիալ կա ներդրումների, որը հետաքրքրական է Կանադայի գործարարների համար և որքան ավելի շատ ներդրումներ լինեն, այնքան ավելի արագ կլինի դեսպանատուն բացելու գործընթացը»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝  հակակոռուպցիոն պայքարը կնպաստի օտարերկրյա ներդրումների ավելացմանը.

Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում  հետևողականություն դրսևորելու պատրաստակամություն է հայտնում Կանադայի վարչապետը: Ջասթի Թրյուդոյի խոսքով՝ թեև Կանադան վաղուց  ճանաչել ու ընդունել է Հայոց ցեղասպանությունը, սակայն հանձնառու է  երաշխավորելու, որ այսուհետ նման ոճիրներ չկրկնվեն:

ՀՀ-ի համար կարևոր է  ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ պայքարը, քանի որ դա անվտանգության հարց է: Օրինակ՝ հայ-թուրքական սահմանը փակ է մինչ օրս, ինչի հետևանքով Հայաստանը շրջափակման մեջ է։ Ըստ էության՝ դա  անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար՝ ասում է վարչապետ Փաշինյանը՝ խիստ կարևորելով ղարաբաղյան խնդրի ճիշտ ներկայացումը միջազգային հանրությանը:

«Ցավոք սրտի, միջազգային հարթակներում երբեմն տպավորություն է ստեղծվում, թե կան շրջանակներ, որոնք Ղարաբաղյան հարցը ընկալում են որպես տարածքային վեճ։ Դա սխալ ընկալում է:  Ղարաբաղի խնդիրը ծագել է, քանի որ Արցախում ապրող հայերի առաջ կանգնել էր  նոր ցեղասպանության սպառնալիքը: Եվ աչքի առաջ ունենալով Ցեղասպանության պատմությունը` մարդիկ ուզում են պաշտպանել ապրելու իրենց իրավունքը»:

Կանադայի վարչապետ Թրյուդոն էլ  կոչ է անում շարունակել ղարաբաղյան խնդրում խաղաղ բանակցությունները ու հույս հայտնում, որ այն կլուծվի երկխոսության միջոցով:

Կանադան շարունակում է աջակցել հիմնախնդրի կարգավորման գործընթացին Մինսկի խմբի շրջանակներում:

Back to top button