Մշակույթ

Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը՝ Պրագայում. ճամփորդական նոթեր

Լուսանկարները ՝ Ստրահովյան  վանքի  կայքից

Ամասիա Հովհաննիսյան
«Ռադիոլուրի» համար- Պրագայից

 

Պրագայի Ստրահովյան վանքի պատկերասրահը Չեխիայում հնագույններիցն է: Վանքի  հավաքածուի  համբավը 18-րդ դարից  է: Իսկ  1834 թվականին աբբատ  Զեյդլերը  որոշում  է  կանոնակարգել  հավաքածուն  և  կազմում  է  պահուստի  կատալոգը: Կատալոգի  կազմման ժամանակ վանքում  եղել  է  մոտ  400 գեղանկար: Ժամանակի  ընթացքում  դրանց  թիվը  շարունակաբար  աճել  է՝  ի  հաշիվ  հարուստ  ազնվականների  նվիրատվությունների, ինչպես  նաև  վանականներն  իրենք  էլ  են  նպատակային  գնումներ  կատարել: 19-րդ  դարի  սկզբին այստեղ  արդեն  պահվելիս  է  եղել  մոտ  1000 գեղանկար։

Վանքի հավաքածուի  հիման  վրա  20-րդ  դարում  ստեղծվել  է  պատկերասրահը, որտեղ  ցուցադրվում  են  14-ից  19-րդ  դարերի  լավագույն  ստեղծագործություններից: Ստրահովյան  վանքի  պատկերասրահի  մշտական  ցուցադրությունը  պայմանականորեն  բաժանված  է մի  քանի  մասի. 14-ից 19-րդ   դարերի  գեղանկարչություն  և  քանդակագործություն, Ռուդոլֆ  Բ-ի  ժամանակների  նկարներ, Ֆլամանդական  գեղանկարչություն, իտալական  գեղանկարչություն, Կենտրոնական  Եվրոպայի  նկարիչների  գործեր: Բարոկկոյի  ու  ռոկոկոյի  ժամանակների  ցուցանմուշները  գրավում  են  բոլոր  նրանց, ովքեր  գնահատում  են  գեղեցիկը:

Ի  դեպ, Ստրահովյան  վանքի  գրադարանում  պահվում  է հայերեն  մի  ձեռագիր՝ ,,Ստեփանյան Քերականություն,,- ը, գրված  1726  թվականին  Ստանիսլավում: Ըստ  որում, այդ  ձեռագրի  մասին  հիշատակեց   Մատենադարանի  ավագ  գիտաշխատող  Դավիթ  Ղազարյանը, որը   մասնակցում  էր  հոկտեմբերի  8-ին  Պրագայի  Ստրահովյան  վանքի  գրադարանի  Աստվածաբանական  դահլիճում  ,, Հնագույն  քրիստոնյա  ազգի  գանձերը. հոգևոր արվեստը  և  երաժշտությունը  միջնադարյան  ձեռագրերում,,  վերնագրով  ցուցահանդեսի  բացմանը: Բացմանը  ներկա  էին  Չեխիայի  Կաթոլիկ   եկեղեցու  առաջնորդ  , Պրագայի  արքեպիսկոպոս , կարդինալ  Դոմինիկ  Դուկան, Չեխիայի  հայ  համայնքի  հոգևոր  հովիվ  Բարսեղ  վարդապետ  Փիլավճյանը, Վիեննայի  Մխիթարյան  միաբանության  ներկայացուցիչ Հայր  Վահանը,  Չեխիայում  Հայաստանի  դեսպան  Տիգրան  Սեյրանյանը,Մատենադարանի գիտական  գծով  փոխտնօրեն   Կարեն  Մաթևոսյանը:

Ցուցահանդեսում ներկայացված  են  Մատենադարանի մի  քանի  ձեռագրերի  բնօրինակներ և  պատճեններ: Ցուցադրված  է  նաև  3   ձեռագիր՝  Վիեննայի  Մխիթարյան  միաբանությունից, 2  ժապավենաձև  հմայիլ  Բասմաճյանի  փարիզյան   մասնավոր  հավաքածուից : Այդ  նմուշներն, ընդահանուր  առմամբ, պատկերացնում  են  հայ  հոգևոր  մշակույթը՝ մասնավորապես, մանրանկարչությունն  ու  երաժշտությունը:

 

Ցուցահանդեսի  այցելուներից Հելենա  Պասիչնան ասում  է, որ  այդ  ցուցահանդեսն  իր  համար  հնարավորություն  էր  ծանոթանալ  Քրիստոնեության  ակունքներում  կանգնած Հայաստանի  հինավուրց  մշակույթին: Ցուցահանդեսը  հետաքրքիր  ու  ճանաչողական  է: Պասիչնան իր ծանոթներին անպայման  խորհուրդ է տալու  այցելել  այս  ցուցահանդեսը:

Այն գործելու  է  մինչև նոյեմբերի 5-ը:

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button