Քաղաքական

Հայ-ռուսական միացյալ խմբավորման համագործակցությունը՝ բավարար. Տիգրան Փարվանյան

Հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորումը պատրաստ է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

«Բաղրամյան» զորավարժարանում այսօր ավարտվել են հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ զորավարժությունները:

Այսօր համատեղ ուժերով հայ-ռուսական միացյալ զորախումբը ցուցադրել է այն հնարավոր գործողությունները, որոնք կարող են լինել ցանկացած մարտական գործողությունների ժամանակ:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի ամբողջական ուժերը գործում են նեդաշնակ՝ համատեղ գործողություններ կատարելով: Այս  միազյալ զորախմբի նպատակն արձանագրված է երկկողմ համաձայնագրով՝ հիշեցնում է ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Հայ-ռուսական համատեղ զորախմբի այս զորավարժությունների յուրահատկությունն այն է, որ չկան նախապես մշակված սցենարներ: Առկա է թեման, որի շուրջ էլ ծավալվում են զարգացումները՝ հրամանատարության կողմից հանկարծակի առաջադրվող խնդիրների լուծման համար:

Խաղարկվում է ե՛ւ հարձակվողական մարտի վարում, ե՛ւ պաշտպանողական մարտի վարում: Կիրառվում են մարտի բոլոր տեսակների ձեւերն ու մեթոդները, տարբեր մանեւրումներ:

Զորավարժություններին մասնակցում են գրեթե այն բոլոր զինատեսակները, որոնք առկա են զորամիավորումների կազմում՝ սկսած տանկերից, մինչեւ ռեակտիվ հրետանի եւ ռազմաօդային ուժեր:

Զորավարժություններից հրամանատարությունը գոհ է եւ բավարարված: Հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորումը պատրաստ է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները՝ վստահորեն պնդում է խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը.

«Համագործակցությունը գնահատում եմ բավարար»:

Պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է խմբավորումը պատասխանել ԼՂ ուղղությամբ թշնամու ագրեսիային, գեներալը հիշեցրեց, որ այն կոչված չէ գործողություններ իրականացնել Ղարաբաղի ուղղությամբ ագրեսիայի դեպքում, ապա հավելեց.

«Ինչպես կզարգանան իրադարձությունները, չգիտենք։ Իհարկե, մենք գիտենք՝ ով է մեր պոտենցիալ հակառակորդը եւ ինչ սպառազինություն նա ունի։ Սակայն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, նախապես հայտնի չէ։ Կարող եմ միայն ասել, որ եթե, Աստված չանի, պահանջվի, միացյալ խմբավորումը պատրաստ է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները»:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի անցկացրած զորավարժությունների արդյունքները վերջնականապես կգնահատվեն, երբ ավարտվեն վերահսկիչ խմբերի աշխատանքը, այսինքն՝ կստուգվեն զորամասերի եւ ստորաբաժանումների մարտավարական գործողություններն ու կրակային խոցման արդյունքները:

Back to top button