Քաղաքական

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի անդրկուլիսյան հանդիպումները

Այսօր Ստրասբուրգում ավարտվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Բացի օրակարգային հարցերից՝ այդ աշխատանքները մեզ համար ուշագրավ էին նաեւ անդրկուլիսյան հանդիպումների տեսանկյունից:

Ստրասբուրգյան գործուղումն առաջինն է Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո:

Նախորդ նստաշրջանին մեր պատվիրակները չէին մասնակցել՝ ճանապարհի կեսից վերադարձել էին հենց վերոհիշյալ լարված դեպքերի պատճառով: Այսօր արդեն պատվիրակության կազմը գործում է «իրողությունների փոփոխությունից» հետո:

4 պատգամավոր հանրապետականից, 2-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից եւ մեկական ներկայացուցիչ Դաշնակցություն եւ «Ելք» խմբակցություններից: Ահա այսպիսի կազմով էր հայաստանյան պատվիրակությունը այս անգամ մեկնել Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մասնակցելու համար:

Ակնհայտ է, որ միայն նիստերով գործը չէր սահմանափակվելու՝ պատգամավորների ստրասբուրգյան գործուղումն առաջինն էր Հայաստանում «թավշյա հեղափոխություն»-ից հետո: Լարված աշխատանքով էր պայմանավորված թերեւս, որ այս անգամ մեր պատվիրակները անհասանելի էին լրագրողների համար: Նրանցից կապի «դուրս եկավ» միայն «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը:

Անդրկուլիսյան հանդիպումներ Ստրասբուրգում, բնականաբար, եղել են: Մինչ լիագումար նիստը՝ նախապես օրեր առաջ անհատական հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ ունեցել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետականից պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Հավանաբար, դրա արդյունքն էր, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանից մի քանի օր առաջ Հայաստանի հարցով մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լյովոչկինան իր անունից հայտարարություն տարածեց:

Այդ հայտարարությունը Հայաստանում մի կողմից ընդունվեց իբրեւ նախազգուշացում դեկտեմբերի արտահերթ ընտրություններից առաջ, մյուս դեպքում նշվեց, որ դա պարզապես անհատական հայտարարություն էր:

Հայաստանյան պատվիրակությունն արդեն Ստրասբուրգում էր, երբ հայտնի դարձավ, որ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նույնպես մեկնել է Ստրասբուրգ՝ անհատական հանդիպումներ ունենալու եւ կանխելու Հայաստանի հետ կապված մոնիթորինգի զեկույցում բացասական գնահատականները։

Անդրկուլիսյան ակտիվ հանդիպումների մասին լուրերը հաստատում է նաեւ Ստրասբուրգում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի տպավորություններով՝ եվրոպացի գործընկերները լավատեղյակ են հայաստանյան բոլոր զարգացումներից: Անհանգստանալու առիթ նա չի տեսնում:

Ի դեպ՝ անդրկուլիսյան հանդիպումներն են նաեւ պատճառը, որ Հայաստանում այս օրերին սկսեցին խոսել, թե ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը չի սպասարկում Հայաստանի շահը: Այս մեղադրանքներին պատասխանելու պահը հասունացավ երեկ: ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ «գորշ գոտիներում»՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրման մասին:

Բանաձեւն ի սկզբանե հակահայկական ձեւակերպումներ ուներ, հետո այնպես ստացվեց, որ դրան դեմ քվեարկեցին միայն  ադրբեջանցիները, իսկ բանաձեւի ձեւակերպումները լիովին բխում էին հայկական պետությունների շահերից: Միայն սրանից հետո պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը եւ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառումներ կատարեցին իրենց ֆեյսբուքյան էջերում.

Արփինե Հովհաննիսյան. «Թերևս սա այս օրերին շրջանառվող թեզի ու ամենաարդիական հարցի պատասխանն է` ում կամ ում շահերն է ներկայացնում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը: Բնականաբար և բացառապես միայն Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահը։ ԵԽԽՎ-ում Հայաստանը ես ու գործընկերներս միշտ ներկայացրել ենք պետական եւ ազգային շահի գիտակցումով»։

Նաիրա Զոհրաբյան. «Վերջին շրջանում շատ ակտուալ է դարձել հարցը, թե այս օրերին Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն ում է ներկայացնում: Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա ՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի պետության եւ պետականության շահը, անկախ նրանից, թե Հայաստանում տվյալ պահին ով է իշխանության»:

Ի դեպ, այս ամիս արդեն Հայաստան են ժամանելու Մոնիտորինգի հանձնաժողովի անդամները՝ Ջուզզեպե Գալատին ու Յուլիա Լյովոչկինան՝ տեղում, այստեղ հետհեղափոխական իրավիճակին ծանոթանալու համար: Այցից հետո տեղի է ունենալու մոնիտորինգի հանձնաժողովի նիստ:

Դա արդեն հավանաբար կլինի նոյեմբերին: Այդ նիստին կներկայացվեն այցի արդյունքները, ինչից հետո միգուցե լինի զեկույց կամ հայտարարություն:

Back to top button