ԿարևորՄշակույթ

Ջիվան Գասպարյան․ այսօր մեծ Վարպետի 90-ամյակն է

Ջիվան Գասպարյանի համար 2018-ը հոբելյանական է, կյանքի 90-րդ աշունն է մոտենում: Հոբելյանական համերգի ծրագիրը միայն Վարպետի ճաշակով ու նախապատվությամբ  է մշակվում: 90-ամյա երաժիշտն իրեն երջանիկ մարդ է համարում, որովհետև ամբողջ կյանքում սիրած գործով է զբաղվել.

դուդուկ է նվագել դեռ վեց տարեկանից՝ ինքնուս, 1947 թվականին Մոսկվայում սիրողական համույթի հետ համերգից հետո Ստալինից Պոբեդա ժամացույց է ստացել, Պոբեդային հաջորդել է ստեղծագործական թռիչքներով, ամենատարբեր կոչումներով, հանդիսատեսի սիրով ու ծափերով հագեցած մի ամբողջ կյանք:

Հանրային Ռադիոն շնորհավորում է Վարպետի 90-ամյակը։ Զրույցի մանրամասները`ռեպորտաժում։

 

 

Հայկական դուդուկի Վարպետն այս տարի նշում է ծննդյան 90-րդ տարեդարձը, հոկտեմբերի 12-ին է ծնվել, բայց հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Համերգի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ջիվան Գասպարյանի  ցանկությունն է, որպեսզի միջոցառումը լինի գեղեցիկ, բայց համեստ։


Հոբելյանական երեկոյին Ջիվան Գսպարյանը կկատարի իր ստեղծագործությունները, դուդուկի  Վարպետը նաև բազմաթիվ երգերի հեղինակ է: Բեմում կլինեն հետաքրքիր երաժիշտներ: «Շատ, շատ հետաքրքիր համերգ է լինելու»,-վստահեցնում է անվանի երաժիշտը: 75 տարի բեմում է, հերթական հանրագումարն է, ի վերջո։

«Ամբողջ կյանքս երաժշտության մեջ եմ, պոլիտիկայով երբեք չեմ զբաղվել, խառը-մառը գործերի մեջ մտնել չեմ սիրում, ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի»,-ասում է։


20 հազար համերգ է ունեցել՝ աշխարհի լավագույն բեմերում, Անգլիայի թագավորական պալատում երեք անգամ սիմֆոնիկ նվագախմբի հետ է ելույթ ունեցել: «Թագուհու հյուրասենյակի ձայնագրությունների շարքում 5-րդ համարը իմ  ձայնագրություններն են»,-հպարտությամբ նկատում է Վարպետը: Ակադեմիկոսի կոչում ունի, պրոֆեսոր է, Երևանի պատվավոր քաղաքացի, չնայած ծանր մանկություն է ունեցել, բայց այսօր  իրեն երջանիկ է մարդ համարում։

Վերջին հարցը Վարպետին՝ ինչպիսին է ուզում տեսնել Հայաստանը՝ իր հայրենիքը։

«Ես երաժիշտ եմ, ծնվել եմ երաժշտության համար: Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի»,-սա է Ջիվան Գասպարյանի՝ արդարության, ճմարտության ու նաև երջանկության բանաձևը:

Back to top button