Հասարակություն

Թող թուրքերը Խնձորուտի վրա շատ կրակեն, որ մեր գյուղի տեղն էլ իմանան

Խնձորուտցիներն ապրում են իրենց հոգսերի մեջ ընկղմված, սակայն գյուղից դուրս չեն գալիս, մնացել ու պաշտպանում են սահմանը: Խնձորուտի առաջնային խնդիրը միջհամայնքային ճանապարհների ասֆալտապատումն է: Քարքարոտ ճանապարհները խոչընդոտ են գյուղմթերքի իրացման համար

Վայոց Ձորի ժեռոտ լեռների  ստորոտում գտնվող Խնձորուտ գյուղի մասին քչերը գիտեն, թերևս նրանք, ովքեր համտեսել են  գյուղի ընկույզի, խնձորի ու պանրի համը և ցանկացել՝ կրկին փորձել: Սակայն գյուղ հասնելն այդքան էլ դյուրին չէ, քարքարոտ ու վտանգներով լի զառիթափ ճանապարհները խոչընդոտում են այցելուների մուտքը գյուղ: Չնայած դրան խնձորուտցիներն անտրտունջ ու անվրդով ապրում ու պաշտպանում են սահմանամերձ գյուղը:  Այստեղ պաշտոնյաներ չեն գալիս, պատգամավորներ՝ նույնպես:


,,Մեր  դեպուտատին՝ Աշոտ Արսենյանին, տեսնում ենք ընտրությունից ընտրություն, խոստումներ ինչպես միշտ, բայց ոչինչ,,-ասաց Խնձորուտ գյուղի  վարչական ղեկավար Հունան Օհանյանը:

Խնձորուտի սահմանները Նախիջևանի հետ ձգվում են  42կմ  երկարությամբ, իսկ ուղիղ գծով հեռու է մոտավորապես 1,5 կմ:  Գյուղից երիտասարդները չեն հեռանում, նրանք զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը և պայմանագրային զինծառայողներ են: Այլ աշխատատեղ չկա, եկամուտը ստանում են այգիների մշակությունից, մեղվապահությունից  ու անասնապահությունից: 540 հա վարելահողից 80 հա սեփականաշնորհված է, իսկ 180 հա գտնվում է սահմանի մոտ և չի մշակվում: Մշակովի հողերի զգալի մասը խնձորի ու ընկուզենու այգիներ են, տարվա ցրտահարությունն ազդել էր բերքատվության վրա: Անցած տարիների համեմատությամբ բերքն այս տարի  ավելի քիչ է:  Կիմա տատիկի հանդիպեցի տան բակում ընկույզների կանաչ կեղևները մաքրելիս, ամբողջ բակով ընկույզ էր փռած, չորացնում էին,բայց չեն վաճառելու, քանի որ պոպոքը քիչ է:


Խոշոր եղջերավոր անասուններ են պահում: Կաթը մշակում են, պանիր ստանում, սակայն դժվարանում են իրացնել: Վայքի հետ կապող որևէ տրանսպորտային միջոց չունեն: Գյուղմթերքը  շուկա են հասցնում անձնական օգտագործման մեքենաներով, բայց շաբաթը 1-2 անգամ: Անահիտ Խաչատրյանը հերթագրում է պանիր ունեցողներին, հետո ամուսնու մեքենայով տանում քաղաք վաճառում: Ասում է պանրի 1 կգ 1500 դրամ է, բայց տեղափոխման ծախսը 1000 դրամ է կազմում:

Եթե կաթի վերամշակման արտադրամաս լիներ գյուղում, ապա գյուղացիների գործն ավելի կթեթևանար: Խնձորտում վայրի բնությունը  նպաստավոր է մեղվապահությունը զարգացնելու համար: Գրեթե բոլոր բակերում մեղվի փեթակներ կան, մեղրը քամելու ժամանակն է: Աշոտ Գասպարյանն ասում է, որ վայրի բնությունից ստացված մեղրի տեսակարար կշիռն ավելի բարձր է: Իրացման խնդիրներ ունեն, պարտքերը հավաքելու՝ նույնպես. ,,Եթե հնարավոր լիներ մեղրը դուրս հանել, արտահանել, շատ լավ կլիներ, գյուղացին ավելի շահագրգռված կաշխատեր ու կավելացներ փեթակները,,:


Տարվա չորային եղանակն ազդել է նաև մեղրի վրա: Մտնելով տիկին Գոհարի  տնամերձ այգի, ցույց տվեց նոր աճեցրած  ընկուզենու տնկիները, որոնք հետո տեղափոխելու է սեփականաշնորհված հողեր: Տնամերձում բանջարեղեն է մշակում:

Գոհար Մովսիսյանի  տնամերձ հողամասում  նաև գոմաղբ էր չորացվում, ձմեռվա վառելիք է:  Խմելու ջուրը խնձորուտ է հասնում սարերից, գյուղ մտնող շուրջ 2800մ ջրագիծը նոր է կառուցվել, իսկ ներքին ցանցը քայքայված է: Ոռոգման ջուր չունեն,  խմելու ջրով ոռոգվում են  նաև տնամերձ հողամասերը, իսկ սեփականաշնորհված այգիների որոշակի մասը չոռոգվելու  պատճառով չորացել է:


Գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով  վարչական ղեկավարն առաջարկեց սահմանամերձ գյուղերին տրամադրել ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր: Բացի բնամթերքից  կենցաղային օգտագործման ապրանքները  խանութից պարտքով են վերցնում, որը տարվա ընթացքում 2 անգամ են մարում գարնանն ու ձմռանը, երբ անասուն են մորթում և ընկույզ վաճառում:


Գյուղի առաջնային խնդիրը միջհամայնքային ճանապարհի ասֆալտապատումն է: Զառիթափ համայնքային կենտրոնից ԽՆձորուտ ընդամենը 12 կմ է, որն անցնում են 45-50 րոպեում: Սահմայամերձ գյուղի բնակիչները դժգոհում են իշխանությունների անուշադրությունից, կես կատակ-կես լուրջ  ասում են՝ թուրքերը թող մեր գյուղի ուղղությամբ մի քիչ շատ կրակեն, որ մեր գյուղի տեղն էլ իմանան, գան ու  օգնեն: Հին իշխանություններից անտեսվեցին, նորի հետ հույսեր են կապում:

Ցուցադրել ավելի
Back to top button