Քաղաքական

ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւով Լեռնային Ղարաբաղն ընդգրկվեց «մոխրագույն» կամ «գորշ տարածքներ»-ի թվում

Երեկ ուշ երեկոյան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը 39 կողմ, 6 դեմ ձայներով ընդունեց գերմանացի Ֆրենկ Շվաբեի զեկույցը, որն ուղիղ առնչություն ունի Լեռնային Ղարաբաղի հետ:

Զեկույցին դեմ են եղել միայն Ադրբեջանի պատվիրակները: Փորձենք հասկանալ, թե ինչ զեկույցի մասին է խոսքը եւ ինչի հետ են կապված ադրբեջանցիների վախերը:

«Մոխրագույն» կամ «գորշ տարածքներ». ի թիվս այլ չճանաչված պետությունների այսպիսի ձեւակերպման տակ ընկավ նաեւ Լեռնային Ղարաբաղը՝ երեկ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւի համաձայն:  Իրականում, սակայն, սա մեզ համար մտահոգիչ ձեւակերպում չէ: Պարզապես գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն այսպես է ձեւակերպել այն չճանաչված պետությունները, որտեղ երբեւէ չի իրականցվել մարդու իրավունքների միջազգային մոնիտորինգ: ԵԽԽՎ-ում զեկույցի ընդունմանը դեմ է քվեարկել միայն Ադրբեջանի պատվիրակությունը: Հենց այնտեղ՝ լիագումար նիստերի դահլիճում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը դիմեց ադրբեջանցի գործընկերոջը.

«Ինձ համար զարմանալի չէ, որ պարոն Մոլազադեն դեմ է արտահայտվում այս բանաձեւին, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ու Լեռնային Ղարաբաղում հարձակվելով քաղաքացիական անձանց վրա, «Իսլամական պետության» ոճով գլխատելով զինվորներին՝ հետո հայտարարում, որ դեմ են «գորշ գոտիներում» մոնիթորինգի անցկացմանը։ Գիտեք, հնարավոր է լինեն «գորշ գոտիներ», բայց չկան «գորշ մարդիկ»… մարդիկ հավասար են եւ պետք է պաշտպանված լինեն: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն անօտարելի են եւ մենք չենք կարող շեղվել այս չափանիշներից»։

Հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ՝ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը  բանաձեւից մանրամասներ հաղորդելիս նշում է, որ ի սկզբանե զեկույցի նախագծում առկա էին Հայաստանին եւ Արցախին առնչվող խնդրահարույց ձեւակերպումներ: Հայաստանյան պատվիրակությանը հաջողվել է ոչ միայն չեզոքացնել վտանգը, այլեւ հասնել նրան, որ ընդունված բանաձեւում, ըստ էության, արձանագրվեց, որ վեհաժողովը ողջունում է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը համագործակցելու ԵԽ-ի եւ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների հետ` մշտադիտարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների իրավիճակն Արցախում:

«Մարդու իրավունքները համընդհանուր են ու չպետք է լինի որեւէ տարածք կամ երկիր, անկախ իր քաղաքական կարգավիճակից, որտեղ մարդու իրավունքները մոնիտորինգի չեն ենթարկվում ու չեն գնահատվում։ Մարդու իրավունքների հարցում չպետք է լինեն մոռացված տարածքներ Եվրոպայի խորհրդի տարածքում»։

Եվրոպայի սրտում այս իրադարձություններից կիլոմետրեր հեռվից հետեւող Արցախում սրտնեղել են միայն ձեւակերպումից: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը չի հասկանում ինչու օգտագործվեց «մոխրագույն կամ գորշ տարածքներ» ձեւակերպումը: Մնացած հարցերում Արցախի արձագանքը դրական է:

ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւով ապահովվում է Եվրոպայի խորհրդի  ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների կողմից անսահմանափակ մուտքը անդամ երկրներ՝ ներառյալ «մոխրագույն տարածքները»։ Միաժամանակ փաստաթղթում կա հատուկ ընդգծում, որ
մարդու իրավունքների մոնիտորինգի մարմինների գործունեությունը դե-ֆակտո իշխանությունների տարածքում չի նշանակում, որ այն ճանաչում է այդ իշխանությունների լեգիտիմությունը։ Մոնիտորնգային մարմինները պետք է միայն ուսումնասիրեն տարածքում բնակիչների իրավունքների հարգման հետ կապված հարցերը։

Ի դեպ, այս բանաձեւը մեր պատվիրակության մի մասի համար առիթ էր խոսելու ներքաղաքական խնդիրների մասին, արձագանքելու այն խոսակցություններին, թե ԵԽԽՎ-ում հայաստանյան ներկայիս պատվիրակությունը չի ներկայացնում Հայաստանի իրական շահերը: Բանաձեւի ընդունումից հետո թե’ Նաիրա Զոհրաբյանը, թե’ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը գրառումներ են կատարել ֆեյսբուքյան իրենց էջերում:

ԱԺ-ի փոխնախագահը հռետորական հարց է ուղղել. ում շահերն են իրենք ներկայացնում կամ «ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը դարձավ բանաձեւ, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը»:

Back to top button