Տնտեսական

Ալավերդու պղնձաձուլարանի փակման լուրը անհանգստացրել է ալավերդցիներին

Ալավերդու պղնձաձուլարանը պետք է շարունակի աշխատել` կարծում են գործարանի աշխատակիցները: Այսօր Ալավերդիում քննարկում է կազմակերպվել, որի մանրամասները «Ռադիլուրին» է փոխանցել «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը:

Նա տեղեկացրել է, որ երկուշաբթի «Վալլեքս Գրուպ»  ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կքննարկի  գործարանի հետագա ճակատագիրը: Մինչ այդ, աշխատակիցներին խնդրելու են հետաձգել բողոքի ակցիաները:

 

Մինչև հոկտեմբերի 10-ը ալավերդցիների համար պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցումը խոսակցությունների մակարդակի վրա էր: Երեկ ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց լուրերը:

Օրերս, երբ մենք Ալավերդիում էինք, «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը փոխանցեց ՝ իրենց  նկատմամբ հոգեբանական հակաքարոզչություն է տարվում, թե իբր իրենք ցանկանում են գործարանը փակել:

Այսօր Ալավերդիում քննարկվում էր իրավիճակը։

«Ռադիոլուրին» Դուլգարյանը փոխանցեց, որ քննարկմանը մասնակցում էին Լոռու փոխմարզպետ  Արամ խաչատրյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը,  Ալավերդու պձղնաձուլարանի տնօրինությունն ու աշխատակիցները: Քննարկման առանցքում  հարցն էր, թե ինչպես անեն, որ գործարանը շարունակի աշխատել:  Գործարանի  տնօրինությունը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել՝ ասաց «Ռադիոլուրի» զրուցակիցը:

SOS Ալավերդի նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը կարծում է, որ հիմնական խնդիրը հենց VTB բանկի հետ է կապված:

Գործարանի աշխատանքները կասեցվում են, չի բացառվում, որ աշխատակիցներին ազատման թերթիկներ ուղարկվեն:

Եվ այս դեպքում 620 մարդ կմնա  առանց աշխատանքի: Հենց նրանք են իրենց աշխատատեղերի համար պայքարում: «Ռադիոլուրի» զրուցակցի խոսքով, երկուշաբթի «Վալեքս գրուպ» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը կհանդիպի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Մինչ այդ՝ նրանք գործարանի աշխատակիցներին խնդրել են ակցիաներ չկազմակերպել:

«SOS Ալավերդի» խմբի անդամ Վազգեն Մելքոնյանը  կարծում է, որ եթե անգամ գործարանը փակվի, Ալավերդիում զբոսաշրջությունը կզարգանա: Նրան խնդրում եմ կոնկրետ թվերով  հաշվարկներ ներկայացնել, թե քանի հյուրատուն  կկառուցվի ու որքան եկամուտ կստանան տեղացիները:

Զրուցակիցս վստահեցնում է՝ մինչ այս պահը ներդրողները չէին գալիս ու այստեղ ներդրումներ չէին անում:

Մելքոնյանը վստահ է՝  երկու տարի հետո տուրիզմն  այստեղ կզարգանա, միայն թե պարզ չէ, մինչ այդ  620 ընտանիք ինչպես  է  ապրելու:

Back to top button