Հասարակություն

ՀՀ-ում բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում աղքատությունը 16,8% է


Աշխատաշուկաների հետ կապված միջազգային ուսումնասիրությունները փաստում են` գրագիտությունն ուղիղ համեմատական է բարձր եկամուտ ստանալու հետ: Սակայն հայաստանյան աշխատաշուկան իրեն բնորոշ միտումներով որոշակիորեն գալիս է հակասելու այս դիտարկմանը. մեր երկրում բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում աղքատությունը բավականին բարձր է` 16,8%:  Խնդիրը նոր չէ, նոր մոտեցումներ են պետք` ասում են «Ռադիոլուրի» զրուցակիցները:

Լուսինեն 47 տարեկան է` մասնագիտությամբ բանասեր, ուսուցչի եւ գրասենյակային աշխատանքի փորձով: Ներկայում աշխատանք ունի, բայց ինքն իրեն գործազուրկ է համարում, քանի որ սեփական մասնագիտությամբ չի աշխատում ու ստիպված է տվյալ գործն անում. Ապրուստի միջոց է պետք:

“40 տարեկանից հետո մարդն իրեն արդեն թոշակառու է զգում”:

Մինչ աշխատանք փնտրողները դժգոհում են աշխատաշուկայում ձեւավորված մոտեցումներից` տարիքային սահմանափակումներ, անհարկի բարձր պահանջներ, գործատուներն էլ իրենց հերթին են դժգոհում: Բուհերի պատրաստած կադրերի տեսական գիտելիքները պրակտիկ աշխատանքին հարմար չեն` պնդում են: Հենց սրանով են բացատրում իրավիճակը, որ տարիներով բազմաթիվ թափուր հաստիքներ մնում են չլրացված, աշխատանք փնտրողներն էլ` անգործ: Սամվել Սողոմոնյանը պետական համակարգում անձնակազմի կառավարման մասնագետ է: Կադրերի հետ տարիների աշխատանքի արդյունքում եկել է հետեւյալ համոզմանը:

“Աշխատաշուկայի եւ կրթական համակարգի միջեւ կապի որոշակի խաթարում կա: Ցավոք, բազմաթիվ են դեպքերը, երբ  կրթական համակարգն արագ չի արձագանքում աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին եւ շարունակում է կրթել այնպիսի մասնագիտություններով, որոնք այլեւս արդի չեն աշխատաշուկայում”:

Վիճակագրությունը հուշում է` որքան ավելի ցածր է մարդու կրթական ցենզը, այնքան ավելի մեծ է աղքատության ցուցանիշը եւ աղքատ լինելու հավանականությունը: Կրթական քաղաքացիական նախաձեռնության հրապարակած տվյալներով` Հայաստանում տարրական կրթություն ունեցողների 41%-ն աղքատ է: Մյուս կողմից` հայաստանյան շուկայի պատկերով` բարձրագույն կրթություն ունենալն էլ դեռ բարձր աշխատավարձի ու աշխատանք գտնելու երաշխիք չէ. բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում աղքատությունը 16,8% է:

“Միջին մասնագիտական կրթություն ունեցողների շրջանում աղքատության մակարդակը 27 տոկոս է, թերի միջնակարգ կրթությամբ մարդկանց շրջանում` 37 տոկոս”:

Ինչու է ստացվել այնպես, որ եւ կան աշխատանք փնտրողներ, եւ կան տարիներով թափուր հաստիքներ, բայց մեկը մյուսին համապատասխան չեն: Սամվել Սողոմոնյանը խնդրի հիմքում տեսնում է մի շարք արմատական խնդիրներ. կրթության որակը բարձր չէ, դասավանդողների գիտելիքները թարմացման լուրջ կարիք ունեն: Շրջանավարտն էլ իր հիմնական մասնագիտական գիտելիքները ձեռք է բերում արդեն աշխատաշուկայում: Սողոմոնյանը նաեւ սրանով է բացատրում գործատուների կողմից առաջարկվող ցածր վարձատրությունը:

“Գործատուներն էլ իրենց հիմնավորումն ունեն, ասում են` մենք աշխատանքի ենք վերցնում, ցավոք, բավականին ոչ պատրաստված մասնագետներ, որին բարձր վարձատրել չենք կարող: Մենք իրեն դեռ պետք է սովորեցնենք, պատրաստենք մեկ-երկու տարի”:

Արմատացած խնդիրները, սակայն, միայն համակարգային լուծումներ չէ, որ պահանջում են: Հնացած, այսպես ասած անպիտան կադրեր չկան, կան վերապատրաստման ենթակա կադրեր` կարծում է Սամվել Սողոմոնյանը:

“Այս պարագայում ճանապարհը միայն մեկն է հետբուհական կրթական ծրագրերով փորձել լրացնոլ գիտելիքների ու հմտությունների բացը”:

Զբաղվածության պետական գործակալությունն էլ իր դիտարկումներն ունի:  Այս տարվա տվյալներով` նոր աշխատատեղեր ստեղծվել են հիմնականում սպասարկման ոլորտում, ասել է, թե բարձրագույնավարտների պահանջներին ոչ համապատասխան: Մասամբ նոր աշխատատեղեր կան նաեւ մշակող արդյունաբերության եւ գյուղատնտեսության մեջ: Փոխարենը` կրճատումներ  հիմնականում գրանցվել են առողջապահության և սոցիալական ապահովության, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտներում: Ոլորտներ, որտեղ բարձրագույն կրթություն ունեցողներն ամենաշատն են աշխատանք փնտրում:

Back to top button