Քաղաքական

Ինչպիսի՞ խորհրդարան կունենանք

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ դեկտեմբերին: Սա արդեն կասկածի որեւէ տեղ չունի, քանի որ ակնհայտորեն, անկախ վերջին շրջանի կոշտ հռետորաբանություններից, քաղաքական դաշտի դրամադրությունները հենց այդ ուղղությամբ են ընթանում եւ դրան որեւէ բան չի խոչընդոտելու:

Այս համոզմունքն այսօր հայտնել են նաեւ որոշ փորձագետներ՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ ենք պատրաստ դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելը ձեռնտու չէ միայն ՀՀԿ-ին եւ Դաշնակցությանը, սակայն երկուսն էլ դիմադրելու ռեսուրս չունեն: Այս համոզմունքին է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը.

«Համարյա 100 տոկոս համոզվածությամբ կարող ենք ասել, որ դեկտեմբերին մենք կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, սակայն, չի բացառում, որ ամենավերջին պահին կարող են լինել անսպասելի զարգացումներ: Միաժամանակ, նա նկատեց, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների ցանկացած քայլ հակառակ արդյունքն է ունենում:

Ցանկալի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն բարեփոխված ԸՕ-ով: Դրանով առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաեւ նորաստեղծ ուժերի համար՝ ասաց ՀՀ վարչապետին կից ընտրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Համազասպ Դանիելյանը: Նա, սակայն, դժվարանում է ասել՝ արդյո՞ք գործող խորհրդարանը կհասցնի ընդունել նոր օրենսգիրքը:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ նոր ԸՕ-ն կընդունվի, քանի որ այն ձեռնտու է բոլորին: Հետեւաբար, ըստ նրա, առնվազն 4 ուժ կմտնի խորհրդարան:

Սարսափելի չի լինի, եթե ընտրությունները տեղի ունենան հին ընտրական օրենսգրքով՝ կարծում է Վարդան Հարությունյանը: Իշխանություններն ունեն քաղաքական կամք ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու, իսկ նախկինում էլ ոչ այդպիսի ընտրություններ անցկացնելու մեղավորը ամենեւին էլ շարունակ փոփոխված ԸՕ-երը չեն եղել:

Որքանո՞վ է պատրաստ քաղաքական դաշտը արտահերթ ընտրությունների եւ ո՞ր ուժերը կմտնեն խորհրդարան: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը դժվարացավ կանխատեսել, քանի որ, նրա ձեւակերպմամբ, մեր հասարակությունը հիմա գտնվում է մի քիչ էմոցիոնալ հեղափոխական ալիքի վրա:

Սակայն, ըստ իրավապաշտպանի, դա չի նշանակում, թե մենք կարող ենք ունենալ ավելի միատար խորհրդարան, քան գործողն է:

Ամեն դեպքում, դեկտեմբերին կունենանք, իրոք, ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարան՝ ասում են վերլուծաբանները: Դրան պատրաստվելու խնդիր չկա, քանի որ քաղաքական ուժը պետք է միշտ պատրաստ լինի՝ ասացին: Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը չի կարծում որ նոր ձեւավորվող ուժերից որեւէ մեկը կհաղթահարի խորհրդարան մտնելու շեմը:

Ինչպիսի՞ խորհրդարան կունենանք որակական առումով. Վարդան Հարությունյանի ձեւակերպմամբ՝ ամեն դեպքում՝ մեր կամքի արտահայտիչը կլինի:

Ցուցադրել ավելի
Back to top button