Մշակույթ

Հայկական մշակույթը՝ Ամերիկյան «Ֆոլքլայֆ» փառատոնում

2018-ի հունիսի 27-ից հուլիսի 4-ը ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում անցկացվեց  սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնը, որտեղ «Հայաստան. տուն արարելը » գաղափարի ներքո ներկայացավ նաև Հայաստանը: Հայկական մշակութային ներկայությունն ամերիկյան փառատոնում որքանով ու հատկապես ինչով հետաքրքրեց ամերիկյան այցելուներին: Որքանով են կարևոր մշակութային նման միջոցառումները: Այս հարցերի պատասխանները պարզել ենք հայկական ցուցադրության համադրող, ազգագրագետ Լևոն Աբրահամյանի հետ զրույցում:

 

Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացավ առնվազն երկու ծավալուն մշակութային ծրագրով: Դրանցից մեկը սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Հայաստան» ցուցադրություն է, որը  կշարունակվի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը: Հայկական առաջին մշակութային  իրադարձությունը ԱՄՆ-ում հունիսի 27-ին Վաշինգտոնում մեկնարկած Սմիթսոնյան Ֆոլքլայֆ կամ ժողովրդական կենցաղի ամենամյա փառատոնին Հայաստանի մասնակցությունն էր:

Ցուցադրության համադրող, ազգագրագետ Լևոն Աբրահամյանի տեղեկացմամբ, Հայաստանի մասնակցության  վերաբերյալ որոշումը Սմիթսոնյան ինստիտուտինն էր: Փառատոնի շուրջ 10 օրերի ընթացքում «Հայաստան. տուն արարելը» խորագրով ծրագրի շրջանակում ներկայացվեց մեր ազգային մշակույթը, խոհանոցն ու արհեստագործությունը:

Երաժշտություն, պար, խոհանոց, թոնրում լավաշ թխելու արարողություն, անգամ հարսանեկան ծես ու վարդավառ: Այդուհանդերձ, հայկական կենցաղից ու մշակույթից ինչն է ամենից շատ գերել ամերիկյան հանդիսատեսին. հարցիս Լևոն Աբրահամյանն արձագանքում է՝  «Որ ամեն ինչ մեզ մոտ կենդանի է: Մարդիկ անմիջականորեն մասնակցում էին մեր ծեսերին»:

Արդյունքում, ինչ տվեց մասնակցությունը  ամերիկյան ֆոլքլայֆ փառատոնին: «Շուրջ 800 հազար այցելու, նրանցից շատ-շատերը, որոնք չգիտեին անգամ մեր երկրի մասին, սկսեցին հետաքրքրվել Հայաստանով»,-ասում է զրուցակիցս: Նրա համոզմամբ, զբոսաշրջության զարգացման տեսանկյունից նման միջոցառումներին մասնակցելը խիստ արդյունավետ է: Ֆոլքլայֆ փառատոնում, ըստ ազգագրագետի,  ուշադրության են արժանացել նաև հայկական ձեռագործ աշխատանքները: 

Ազգերն աշխարհին այսօր հետաքրքրիր են իրենց ազգային մշակույթով, թե գլոբալիզացիայի դարաշրջանում առավել ընկալելի է աշխարհի քաղաքացին հարցիս ազգագրագետն արձագանքում է. «Հետաքրքիր է աշխարհի քաղաքացին իր ազգային մշակույթով»: Սա նաև ամերիկյան ֆոլքլայֆ փառատոնի օրերին ամրապնդված տեսակետն է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button