ԿարևորՏնտեսական

Ալավերդու պղնձաձուլարանը կդադարեցնի գործունեությունը. «Ռադիոլուրը»՝ պատճառի հետքով

Այսօր Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները նախազգուշական ակցիա էին կազմակերպել: Նրանք բողոքում են գործարանի աշխատանքների կասեցման  դեմ:

«Ռադիոլուրի» գրավոր հարցումները Վալլեքս ընկերությանն այդպես էլ անպատասխան են  մնացել:

Փոխարենն այսօր «Ռադիոլուրին» պարզաբանումներ է ներկայացրել ACP «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը։

Նա հաստատել է գործարանի աշխատանքների դադարեցման  մասին լուրերը:

Ալավերդու պղնձաձուլարանը կդադարեցնի իր աշխատանքները՝ «Ռադիոլուրին» հայտնեց ACP «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը: Զրուցակիցս փոխանցեց, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 380 մլն դրամ տուգանք էր նշանակել, երկու օր առաջ նաև  հանձնարարական են ստացել.

«Մինչև 2018թ դեկտեմբերի 25-ը արտանետվող ծծմբային անհիդրիդի քանակը պետք է 90 տոկոսով պակասեցնենք: Գործնականում անհնարին է իրականացնել, առավել ևս նշված այս կարճ ժամկետում: Հիմք ընդունելով այս անելանելի պայմանները՝ որոշում է կայացվել դադարեցնել գործունեությունը»:

Թե որքան ժամանակով կդադարեցվի՝ պարզ չէ, աշխատակիցներին ծանուցման թերթիկներ չեն ուղարկվել, ազատումների հարցը դեռևս չի քննարկվել՝ ասաց զրուցակիցս.

«Հավանաբար մոտ ապագայում այդ հարցը նույնպես կլինի օրակարգում: Ամենաուշը երկուշաբթի վառարանի աշխատանքները կդադարեցվեն, քանի որ մենք այլևս վերամշակելու հումք չենք ունենա»:

Գործարանը 620 աշխատակից ունի, փաստացի նրանք մնում են առանց աշխատանքի: Արդյո՞ք Ալավերդու գործարանը նույնպես գրավադրված է VTB բանկում՝ հարցնում եմ.

«Այո, ACP ընկերությունը ևս Թեղուտի ծրագրի շրջանակներում գրավադրված է՝ հօգուտ բանկի: Խոսքը գործարանի մասին է: Գործարանը գրավադրված է: Քանի որ Թեղուտում գործընթացը սկսվել է, այդպիսի վտանգ այո, կա՝ կարող է բանկի կողմից  գործարանի նկատմամբ հավակնություններ լինեն»:

Այսօր գործարանի աշխատակիցները նախազգուշական բողոքի ակցիա են անցկացրել՝ մի քանի ժամ փակելով Մ6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը: Նրանք իրենց աշխատատեղերի համար են պայքարում:

Օրերս, երբ «Ռադիոլուրը» Ալավերդիում էր, տեղացիներից փորձեցինք պարզել գործարանի կարևորությունը:

Գործարանի աշխատակիցներն ու տեղացիները պայքարում են՝ Թեղուտի փակված գործարանն աչքի առաջ ունենալով: Այս տարվա հունվարից  Վալլեքս  ընկերությանը պատկանող այս գործարանը չի աշխատում: Ավելին, մամուլում հրապարակումներ կային, որ հանքավայրը գրավադրված է VTB բանկում։ Մեր գրավոր հարցումները  «Վալլեքս գրուպ» ընկերությանն անպատասխան մնացին: Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից հետաքրքրվեցի.

«Հանքավայրը այո գրավադրված է: Փաստ է սամ սեփկանատերը պետք է ինքը որոշի ու հնարավորություն ունենա կամ վարկը մարելու միջոցով այդ հարցը լուծել, կամ տեղի կունենան սնանկության գործընթաց: Այս դեպքում այն կանցնի բանկին: Հանքավայրը պետության սեփականությունն է,սակայն, շահագործման իրավունքը սեփականատիրոջն է»:

Մարզպետը մեզ նաև փոխանցեց, որ մինչ այս պահը ընկերության սեփականատերերի հետ չի հանդիպել, սակայն առաջիկայում կհանդիպի նրանց հետ՝ հասկանալու համար խնդրի էությունն ու կփորձեն  լուծումներ գտնել:

Back to top button