Մշակույթ

Տեր- Ղազարյանների միկրոքանդակները ներկայացված են Երեւանի պատմության թանգարանում

Աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի ծննդյան 95-ամյակի առիթով Երևան քաղաքի պատմության թանգարանում հոկտեմբերի 9-15-ը տեղի կունենա «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսը։ Այցելուները հնարավորություն կունենան առաջին անգամ Երևանում պապի գլուխգործոցների կողքին տեսնել նաև նրա անվանակից թոռան միկրոաշխատանքները։

 

Երևան քաղաքի  պատմության թանգարանում բացվեց միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Տեր-Ղազարյանի  և նրա ավանակից թոռան՝  «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» խորագիրը կրող ցուցահանդեսը։

1943 թվականից թզի կորիզի, մարդու մազի, բրնձի հատիկի, ալմաստի, պողպատի, ոսկու փոշեհատիկների և այլ նյութերի՝ միկրոնով չափվող մեծության մասնիկների վրա հզոր խոշորացույցի օգնությամբ ավագ Էդուարդ Տեր-Ղազարյանը  ստեղծել է հազարից ավելի միկրոքանդակներ:

Հրաշք են համարում  նրա ասեղի ծայրին քանդակած ուղտերի քարավանը, մետաղի փշուրի վրա քանդակած խաչքարը և Հիսուսի դիմապատկերը, մազի ծայրին քանդակած Ազատության արձանը, որոնք հնարավոր է դիտել, մեծացնելով 5000 անգամ։ Նրա տասը մանրաքանդակ գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։

Իր առաջին աշխատանքները Վարպետը ցուցադրել է 1947 թվականին։ Ամբողջ աշխարհի մասնավոր հավաքածուներում պահվում են նրա ավելի քան 600 աշխատանքները։ Մասնագիտությամբ ջութակահար Էդուարդ Տեր Ղազարյանը նաև լարային մի շարք երաժշտական գործիքների հեղինակ է։

Էդուարդ Տեր-Ղազարյանի  խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության նոր ուղղության՝ շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր, որոնք դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը։ Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են: Այդ  աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի։

Էդուարդ Տեր-Ղազարյանի  միկրոգլուխգործոցները նվիրել են Ռոքֆելլերին, Անգլիայի թագուհի Ելիզավետա Երկրորդին, Ստալինին։ Իսկ միջազգային ասպարեզ առաջին անգամ դուրս են եկել 1977 թվականին, ցուցադրվել Լոս Անջելեսի խորհրդային ցուցահանդեսի հայկական տաղավարում, և որակվել իբրև աշխարհի «ութերորդ հրաշալիք»։ Երևանի  պատմության թանգարանում բացված  ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 15-ը:

Back to top button