Քաղաքական

Քաղաքական դաշտը պատրաստվում է դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին

Ազգային ժողովի  մեկ տասնյակից ավելի պատգամավորներ այսօր հայտարարություն են ստորագրել, որով պաշտպանում են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետի նախաձեռնությունը:  Ստորագրահավաքին այս պահին միացել է 16 պատգամավոր:   Արտահերթ ընտրությունները դեկտեմբերին  անցկացնելու հարցի շուրջ  խորհրդարանական դիրքորոշումների բեկումը սկսվել է երեկվանից՝  Գևորգ Կոստանյանի հայտարարությամբ, Ծառուկյան-Փաշինյանն հանդիպմամբ ու հուշագրի ստորագրմամբ:   Քաղաքական արագ զարգացումներին զուգահեռ կառավարությունը փորձում է հասցնել նաև Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը:   Նախագծի շուրջ այսօր հանրային քննարկում է հրավիրվել: 

 

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ  անցկացնելու նախաձեռնությունը  պաշտպանող ստորագրահավքին օրվա սկզբին միացել էր 14 պատգամավոր, օրվա երկրորդ կեսին  նրանց թիվը 16 էր: Վերջին միացածները    հանրապետականներ Ավետ Սարգսյանն ու  Ռաֆիկ Գրիգորյանն են: Փաստաթղթի տակ հիմնականում ՀՀԿ խմբակցության  նախկին ու ներկա անդամների ստորագրություններ են: Նրանցից 7-ը ապրիլյան իրադարձություններից հետո են լքել ՀՀԿ-ն, մյուսները դեռ խմբակցության անդամ են: Ստորագրահավաքին միացած պատգամավորների թվում  են  նաև «Ծառուկյան» խմբակցությունից Վերահսկիչ պալատի նախկին նախագահ  Իշխան Զաքարյանը,  խորհրդարանում ազգային փոքարամասնությունը ներկայացնող  պատգամավորները:

Տարածած հայտարարությամբ   պատգամավորները պաշտպանում են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու  և գործող խորհրդարանը լուծարելու նախաձեռնությունը, կարծում են, որ Փաշինյանի հրաժարականից հետո մինչև արտահերթ ընտրությունները  նոր վարչապետ չի կարող ընտրվել:

Ստորագրահավաքի նախաձեռնությունն,  ըստ էության,  շարունակությունն է  երեկ ծավալված իրադարձությունների , որոնց մեկնարկը  տրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուշագրի ստորագրումով: ԲՀԿ-ն գրավոր  տվեց իր համաձայնությունը դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետի որոշմանը, ամրագրեց , որ  Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չի առաջդրելու և չի աջակցելու վարչապետի որևէ թեկնածուի: Իսկ հուշագրի ստորագրումից առաջ Գագիկ Ծառուկյանը  նաև բանավոր վստահեցրեց՝ ամբողջությամբ սատարում է Փաշինյանին:

«Դուք էլ գիտեք, բոլորն էլ գիտեն, որ հենց առաջին օրվանից, որ շարժումը սկսվել է՝ Դուք սկսել եք, մենք աջակից ենք եղել դրան՝ սպասելով, որ այդ ծրագիրն իրականություն դառնա։ Բոլոր հարցերով, ես նորից եմ ասում, ես իմ ժողովրդի կողքին եմ, շարժման կողքին եմ, Ձեր կողքին եմ։ Մեր մասով մեր աշխատանքները կատարել ենք, կատարում ենք, կատարելու ենք։ Մենք ընդունել ենք հեղափոխությունը։ Ես Ձեզ հետ եմ, Ձեր կողքին եմ և ընդունելով, ճանաչելով Ձեզ, Ձեր սկզբունքը, Ձեր մոտեցումը, Ձեր արդարությունը, Ձեր պահվածքը, որ այսօր միասնական մենք դրա կողմնակիցն ենք»

Տեղեկատվությունն ավելի սուղ էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումից հետո:  Իմացանք  միայն, որ  կառուցողական ու արդյունավետ խոսակցություն է ծավալվել , հարցը թե ինչ փոխհամաձայնություն է հնարավոր  դաշնակցության հետ , բաց է առ այս պահը:

Ամենաանսպասելի հայտարարությունը ՀՀԿ խմբակցության ամենաառանցքային դեմքերից մեկից՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից էր: Նա հայտարարեց, որ ամբողջությամբ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, կարծում է, որ  դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելը անհրաժեշտություն է:

Քաղաքական անսպասելի համաձայնությունների ֆոնին  կառավարությունը փորձում է ապահովել նաև  Ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը: Այսօր գործադիրում   հրավիրված քննարկման ժամանակ վարչապետին կից ձևավորված հանձնաժողովի քարտուղար Դանեիլ Իոաննիսյանը հայտարարեց, որ  նախագիծը  շուտով կուղարկվի խորհրդարան: Իսկ Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ արդեն ուղարկվել է:

Նախագծի հիմնական փոփոխությունը  ռեյտինգային ընտրակարգից կամ տարածքային ցուցակներից հրաժարվելն է: Ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով, կուսակցական ցուցակներով:

Ազգային ժողովում  ներկայացված կլինի  նվազագույնը 4 քաղաքական ուժ՝ գործող 3-ի փոխարեն: Անցողիկ շեմը կուսակցությունների համար կսահմանվի  4, իսկ դաշինքների համար 6 տոկոս։ Հեղինակները որոշել են ավելացնել քարոզարշավի  անվճար եթերաժամանակը,   նվազեցնել  ընտրագրավի չափը՝ 10 մլն դրամի փոխարեն սահմանելով  7,5  մլն դրամ։ Արտախորհրդարանական ուժերն ի դեպ ընտրագրավի հարցում վերապահում ունեն: Կարծում են , որ այն պետք է փոխարինել ստորագրահավաքով:  Այդ կարծիքին է , օրինակ, Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը:

Ըստ  Իոաննիսյանի՝ ստորագրահավաքի կազմակերպումը հավելյալ ժամանակ է պահանջում, ինչի հնարավորությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները չունեն ։  Վերապահում կա  նաև կայուն մեծամասնության դրույթի վերաբերյալ:  Պարզվեց այդ նորմը դուր չի գալիս նաև կառավարական հանձնաժողովին, բայց փոփոխության չի ենթարկվել, քանի որ նորմն ամրագրված է Սահմանադրության մեջ:

«Կայունն մեծամասնությունը սահմանադրական նորմ է՝ 89-րդ հոդվածով սահմանված: Քանի դեռ դա Սահմանադրությունում գրված է, պետք է Ընտարական օրենսգրքում լինի»:

Ըստ Իոաննիսյանի՝  կան դրույթներ, որոնք  հեղինակները կցանկանային փոխել այսօր, բայց ժամանակի սղությունը հաշվի առնելով՝ որոշել են դրանց հիմա չանդրադառնալ. հայեցակարգում դրանք սահմանել  են որպես երկարաժամկետ նպատակներ, որոնց  ընդունմամբ կզբաղվի արդեն  հաջորդ գումարման խորհրդարանը: Հիմա սեղանին ամենասկզբունքային փոփոխությունների փաթեթն է, ու կառավարությունը հույս ունի, որ խորհրդարանը կհասցնի ընդունել այն:

Ցուցադրել ավելի
Back to top button