Քաղաքական

Վրացական հեղափոխության արդյունքներն արձանագրելի են, հայկականինը՝ դեռ շարունակելի

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում հայաստանյան մի խումբ փորձագետներ այսօր քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի վարդերի եւ թավշյա հեղափոխությունների նմանություններն ու տարբերությունները: Դրանց համադրմամբ հիմնական զեկույց է ներկայացրել հրապարակախոս Նարինե Մկրտչյանը:

 

Ըստ փորձագետների՝ վրացական հեղափոխության արդյունքներն արձանագրելի են, մինչդեռ հայկականինը՝ դեռ շարունակելի, քանի որ հեղափոխական իշխանությունն ամբողջովին ձեւավորված չէ: «Թավշա հեղափոխությունը» դեռ պետք է ամբողջանա խորհրդարանական արտահերթ ընտրություններով, հետեւաբար արդյունքների մասին խոսելը վաղ է՝ նշել են քննարկման մասնակիցները:

Քննարկման մասնակիցները կարծում են, որ Հայաստանի եւ Վրաստանի հեղափոխությունների գործիքակազմերի ու նպատակների նմանությունն առկա է: Դրանց բավականին ծավալուն պատմական եւ ժամանակագրական էքսկուրսով անդրադարձավ հիմնական բանախոս, հրապարակախոս Նարինե Մկրտչյանը:

Վրաստանում վարդերի հեղափոխություն իրականացրած թիմը քաղաքական էլիտայից դուրս եկած անձիք էին՝ որպես էական տարբերություն նկատեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Համադրելով վրացական «վարդերի» եւ հայկական «թավշյա» հեղափոխությունների նմանություններն ու տարբերությունները՝ Նարինե Մկրտչյանը եզրահանգեց.

«Թե՛ վրացական, թե՛ հայկական հեղափոխությունները ստեղծեցին երկրի զարգացման եւ առաջընթացի մեծ հնարավորություններ՝ ապահովելու երկրների արդիականացումը եւ մրցունակությունը, ժողովրդավարությունը եւ զարգացումը»:

Փորձագետ Նարեկ Մինասյանը, սակայն, արդյունքների մասով կարծիք հայտնեց, որ վարդերի հեղափոխությունը հանգեցրեց վրացական պետության մոդեռնիզացիայի, պետական համակարգի արդյունավետության բարձրացման, բայց ոչ ժողովրդավարացման:

Հայաստանի եւ Վրաստանի հեղափոխությունների տարբերություններն էլ առավելաբար հետհեղափոխական շրջանին են վերաբերում: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ երկու հեղափոխությունների միջեւ նմանությունները ձեւի հետ են կապված, մինչդեռ, բովանդակային արդյունքների առումով կան էական տարբերություններ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կուրսի առումով:

Քաղաքագետի դիտարկումն առնչվում էր Նարինե Մկրտչյանի այն արձանագրմանը, որ Վրաստանի դեպքում փոխվեց արտաքին քաղաքական ուղղվածությունը, Հայաստանի պարագայում, սակայն, Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարել եւ հետո վերահաստատել է, որ արտաքին քաղաքականության ուղղվածության մեջ փոփոխություններ չեն լինի:

Վրացական հեղափոխության արդյունքներն արձանագրելի են, մինչդեռ հայկականինը՝ դեռ շարունակելի, քանի որ հեղափոխական իշխանությունն ամբողջովին ձեւավորված չէ՝  ասաց փորձագետը Ռուբեն Մեհրաբյանը:

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ արդյունքների մասին Հայաստանի դեպքում առայժմ դժվար է խոսելը: Ժամանակ է պետք, բացի այդ՝ «թավշա հեղափոխությունը» դեռ պետք է ամբողջանա խորհրդարանական արտահերթ ընտրություններով:

 

Ցուցադրել ավելի
Back to top button