Հասարակություն

Ուժանիսում լվացքի պարաններին միայն մեծահասակների հագուստներ են

Կապանից դեպի Ուժանիս համանք տանող  ճանապարհը բավականին քարքարոտ է ու դժվարանցանելի։ Այն ամենահեռավոր գյուղերից մեկն է, սակայն տեղ հասնելուն պես ամբողջ դժվարությունները մոռանում ես, երբ աչքիդ  առաջ  բացվում են  հրաշալի բնության տեսարանները:

 

Գյուղում լռություն է, ժամանակին սակայն  նման լռության մասին երազում էին ուժանիսցիները։ Պատմում են, որ արցախյան պատերազմի տարիներին սահմանը,  որն անցնում է օր մի քանի  կմ հեռավորության վրա, պահում էին հենց գյուղի երիտասարդները:  Այսօր սակայն այդ լռությունը ամենևին էլ կապ չունի 90- ականների երազած լռության հետ։ Գյուղը լուռ  է, քանի որ դատարկվում  է:

Մուտք ենք գործում գյուղապետարան: Երեք ամիս առաջ գյուղապետ ընտրված Սասուն Սարգսյանը կցկտուր սկսում է պատմել գյուղի մասին:   Պաշտոնյաները այս գյուղ գալիս են միայն ընտրությունից ընտրություն, երբեմն չեն էլ գալիս: Գյուղը, որ ժամանակին սահման էր պահում, այսօր անտեսված  է բոլորի կողմից:

Գյուղը շատ խնդիրներ  ունի, գյուղտեխնիկայից սկսած մինչև   ոռոգման ցանցի բացակայություն։ Բայց ամենամեծ խնդիրը. համայնքում չկա ո՛չ մանկապարտեզ, ո՛չ էլ դպրոց։ Այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, տեղափոխվել են Կապան։ Ուժանիսում հիմնական ապրուստի միջոցը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն են, բայց ոռոգման ջուր չունենալու պատճառով չեն կարողանում լավ արդյունք ստանալ։ Տեխնիկան էլ  հարևան Եղվարդ համայնքից են բերում:

Չամուսնացած գյուղապետը հստակ որոշել է՝ մնալու է  գյուղում, սակայն իր երեխաների ապագան այստեղ շատ մշուշոտ է պատկերացնում: «Հավանաբար ես էլ  կհետևեմ գյուղի մի քանի ընտանիքների օրինակին՝ ես կապրեմ գյուղում, ապագա կինս՝ երևի  Կապանում։

Գյուղապետի սենյակից  դուրս եմ գալիս ու  պատին տեսնում եմ փակցված Աղասի Խանջյանի մեծադիր նկարը։ Ասաց, որ նա իրենց կոլտնտեսության  նախագահն է եղել, այդ տարիներին գյուղը պարզապես ծաղկել  է։ Իրենք մինչեւ այսօր պահպանում են նրա հիշատակը։

Գյուղից արդեն ուզում եմ հեռանալ ու հանկարծ նկատում եմ մեկ բաց  դուռ ևս։ Ներս եմ մտնում ու տեսնում եմ երկու մեծահասակներ, որոնք օղի են թորում: Թերևս  սա գյուղի միակ լուսավոր պահն էր:  

 

Ցուցադրել ավելի
Back to top button