Մշակույթ

«Քեզ համար Ազնավուր». հիշատակի համերգ նվիրված աշխարհահռչակ շանսոնիեին

 

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին:

«Իրականում այս համերգը նախապես պլանավորած էր, և մենք հույս ունեինք, որ Շառլ Ազնավուրը անձամբ մասնակցելու է համերգին: Հայտնի իրադարձություններից հետո մենք որոշեցինք  հավուր  պատշաճի հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նախատեսված  մեկի փոխարեն, երկու օր տեղի կունենա այս համերգը»,-ասում է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի պարզաբանմամբ՝ Շանսոնիեին նվիրված համերգ կազմակերպելու գաղափարը ծնվել էր դեռ 2017-ի ամռանը, երբ Երևանում առաջին անգամ կազմակերպվեց «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգը: Հունիսի 1-ին Երևանի օպերային թատրոնում կայացած համերգին ներկա էր  ինքը՝ Շառլ Ազնավուրը:

«Այն ժամանակ մենք որոշեցինք, որ այս համերգները պետք է շարունակական բնույթ կրեն և ամեն տարի մեր հարգանքի տուրքը պիտի մատուցենք Մեծ Վարպետին: Այս տարի կրկին դիմեցինք մշակույթի նախարարություն, որտեղ  սիրով համաձայնեցին  աջակցել նախաձեռնությանը, որը, ցավոք, վերածվեց  Ազնավուրին նվիրված հիշատակի համերգի»:

«Քեզ համար Ազնավուր» համերգային ծրագրում Ազնավուրի ամենասիրված երգերն են, այդ թվում՝ հայերեն թարգմանված: Կներկայացվի Շանսոնիեի կյանքը, գործը, կենսագրության կարևորագույն դրվագները:

Հայկ Պետրոսյանի բնորոշմամբ,  համերգին կմասնակցի մեկն, ով հինգ տարի Երևանում    բեմ չի բարձրացել: Իր վերադարձը երևանյան  բեմ նա պատրաստվում էր իրականացնել հաջորդ տարի՝ ներկայացումներով:   Սակայն հատուկ հյուրի կարգավիճակով նա կմասնակցի Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Խոսքը Վարդան Պետրոսյանի մասին է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button