Քաղաքական

Նորաստեղծ կուսակցությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների

Մեր հասարակությունն այնքան էլ տեղյակ չէ, թե քանի կուսակցություն գոյություն ունի Հայաստանում: Գրանցված կուսակցություններից շատերն ակտիվ քաղաքականությամբ սկսում են զբաղվել միայն այն դեպքում երբ սպասվում են ընտրություններ: Դեռեւս տարիներ առաջ անցկացված հարցումներով պարզվել էր, որ հարցվողների մեծ մասը ծանոթ չէ ընտրությունների մասնակցող կամ այդպիսի նպատակ ունեցող քաղաքական միավորներից շատերին: Նույնպիսի վիճակ է նաեւ այսօր, երբ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանց ընդառաջ ականատես ենք լինում ակտիվ կուսակցաշինական գործունեության: Սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն ավելի շատ կուսակցություններ, այդ թվում նաեւ՝ նորաստեղծ կուսակցություններ, որոնք արդեն իսկ հայտարարել են նման մտադրությունների մասին:

 

Հայաստանում գրանցված կուսակցությունների, այդ թվում՝ հետհեղափոխական շրջանում գրանցվածների մասին թվային տեղեկություններ խնդրեցինք ԱՆ-ից: Պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի պետ Հարություն Խուդգարյանը փոխանցեց հետեւյալը.

«Ներկա պահին գրանցվածների քանակը 77 է: Դրանցից երեքը՝ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, «Հայոց Հայրենիք» կուսակցությունը եւ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը գրանցվել են իշխանափոխությունից հետո»:

Հարություն Խուդգարյանը տեղեկացրեց, որ գրանցվելու հայտ ներկայացրել է նաեւ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ վերջերս: Հիմնադիր համագումարներ արդեն անցկացրել են նաեւ «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն»-ն ու «Հայ կառուցողական կուսակցությունը»: Այս երեք նորաստեղծ կուսակցություններն էլ արդեն հայտարարել են, որ մասնակցելու են սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հայ կառուցողական կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել հունիսի 30-ին: Կուսակցությունն ստեղծվել է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հենքի վրա: Հիմնադիր համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Անդրիաս Ղուկասյանը: Նրա փոխանցմամբ՝ կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ–ազատականն է.  ժողովորդավարության կայացման գործում անշեղորեն հետևելու են ազատ ձեռներեցության և բարեխիղճ մրցակցության սկզբունքներին: Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ցանկալի է, որ արտահերթ ընտրություններում ժողովրդավարական ուժերը լինեն համախմբված.

«Այդ հարցում առաջնային է «Քաղաքացիական պայմանագրի» դերը, թե կհանդիսանա արդյո՞ք միավորող։ Մենք բաց ենք և պատրաստ ենք համագործակցության։  Ինձ թվում է՝ մենք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ունենալու ենք երկու բևեռ. մի կողմից լինելու են օլիգարխիկ կուսակցությունները, որոնք խոշոր սեփականատերերի շահերը առաջ կտանեն, մյուս կողմից լինելու են ժողովրդավարական կուսակցությունները»:

Ժամանակավոր կառավարությունն ունի մանդատ՝ ապահովելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ՝ հավելում է Հայ կառուցողական կուսակցության նախագահը։ Նա վստահեցրեց, որ այդ առումով, իրենք ժամանակավոր կառավարության կողքին են: Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ ընդդիմությունն էլ պարզ կլինի ժողովրդավարական պետության տրամաբանությամբ՝ այն ուժը, որը բավարար քվե չի հավաքի ընտրությունների արդյունքում և որը չի դառնա իշխանություն:

Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հիմնադիր քաղաքագետ Լեւոն Շիրինյանի խոսքով` իրենք պաշտպանելու են հեղափոխության առաջնորդի տեսակետները, քանի որ հաջողությունները հենց նրանից է կախված: Կուսակցությունը որոշ իմաստով պահպանողական է, որոշ իմաստով լիբերալ է և փորձելու է Ազգային ժողովում զբաղեցնել աջ թևը: Գործընկեր կլինենք, թե ընդդիմադիր՝ կարեւոր չէ՝ ասում է Լեւոն Շիրինյանը.

«Խորհրդարանում, եթե մենք հաջողություն կունենանք, այնտեղ կորոշվի մնացածները: Եթե մենք խորհրդարան չանցանք, կնախապատրաստենք երկրորդ մշակութային, գաղափարական, քաղաքական հեղափոխություն»:

Լևոն Շիրինյանն ընդգծում է՝ գրպանի կուսակցություն չեն լինի, պատրաստ են բոլորի հետ համագործակցել, սակայն կոռուպցիայով հայտնի քաղաքական գործիչների հետ չեն համագործակցելու:

Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրների խոսքով՝ իրենք գիտակցում են, որ նոր խորհրդարանում ձայների մեծամասնությունը լինելու է հեղափոխության առաջնորդող ուժինը՝ ՔՊ-ինը: Ըստ նրանց՝ երկրորդ բեւեռը չի կարող լինել օլիգարխիայի շահերը ներկայացնող որեւէ ուժ եւ իրենք ամեն ինչ կանեն, որ այդպիսիք ներկայացված չլինեն խորհրդարանում: Գարեգին Չուգասզյանն, օրինակ, համոզված է, որ երկրորդ բեւեռը լինելու են հենց իրենք:

Խորհրդարանական ձեւաչափի այլ մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է՝ հավելում է Գարեգին Չուգասզյանը: Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ ապագա ԱԺ-ում կլինեն ընդդիմադիր, թե ոչ, այսօրվանից որոշելը ճիշտ չէ:

Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունն արտահերթ ընտրություններին արդեն պատրաստ է, ցուցակի վերաբերյալ քննարկումներն էլ դեռ վաղ են՝ եզրափակում են կուսակության հիմնադիրները:

Ցուցադրել ավելի
Back to top button