ԿարևորՀասարակություն

Իրավապահներն աշխատում են առանց քաղաքական պատվերների. վարչապետը Քննչական կոմիտեի աշխատողի օրվա առթիվ

Այսօր Քննչական կոմիտեի աշխատողի օրն է: Եվ պատահականությամբ հենց այս օրը ուշադրության կենտրոնում է և գործարար Սամվել Մայրապետյանի  ձերբակալության գործը, եւ նախօրեին տեղի ունեցած աղմկահարույց սպանության:

 

Առավոտյան տեղեկություն ստացվեց, որ ձերբակալվել է գործարար Սամվել Մայրապետյանը։ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատեց տեղեկությունը:

«Միայն հաստատում ենք Սամվել Մայրապետյանի ձերբակալության տեղեկությունը։ Ինչ գործով և ինչ կասկածանքով, դեռ չենք հայտնում: Մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ»:

Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում էլիտար շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2  հեռուստաընկերությունը:

Ավելի ուշ՝  Քննչական կոմիտեի աշխատողի օրվան նվիրված նիստում հիմնական հարցադրումները երկու օր առաջ տեղի ունեցած աղմկահարույց սպանության էին վերաբերվում:

ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին սպանել էր մեկ այլ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը: Հայտնի է, որ սպանությունը տեղի է ունեցել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի  պարգևատրած զենքով:

Պարգևատրած զենքերով ինքնասպանությունների կամ սպանությունների առաջին դեպքը չէ սա: Հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախաքննական մարմինը և մտահոգվա՞ծ չէ, կոմիտեի նախագահը պատասխանում է:

«Որևէ անձ հենց այնպես չի պարգևատրվում, դրա համար միշտ պատճառներ են լինում, բայց խնդիրն այլ է։ Եթե կա հանցավոր մտադրություն, կա սպանության դիտավորություն, յուրաքանչյուր զենքով, առարկայով, քարով էլ կարելի է այդ մտադրությունն իրականացնել»:

Քննչական կոմիտեի աշխատողի օրվան նվիրված նիստին ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց՝ քննիչները վերջին շրջանում աշխատում են ծանրաբեռնված, բայց պատասխանատու:

«Ձեր պրոֆեսիոնալ պատրաստակամությունը կախված է նաև այն իրողության հետ, որ քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլև բացառվում են քաղաքական միջամտությունները»:

Փաշինյանը հայտարարեց, որ այժմ ստեղծվել է իրավիճակ, որի հետեւանքով իրավապահներն աշխատում են առանց քաղաքական պատվերների։ Անցել է բարիկադների կառուցման ժամանակը, եկել է բարիկադների ապամոնտաժման ժամանակը՝ նշեց։

Ցուցադրել ավելի
Back to top button