Հասարակություն

Արևադաշտն ինքնուրույն զարգանալու հեռանկար չունի

Եթե անծանոթը որևէ տրանսպորտային փոխադրամիջոցով փորձի հասնել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղ, ապա  կմոլորվի և մեծ շրջապտույտ կատարելով  մինչև պետական սահման ձգվող  մայրուղով՝ նորից կհայտնվի այն տեղում, որտեղից մեկնել էր, քանի որ ճանապարհներին չկան ուղեցույց ցուցատախտակներ: Արևադաշտը զբաղեցնում է շուրջ 150 հա տարածք, բայց այն ամբողջությամբ բնակեցված չէ,  գյուղը փռված է, թաղամասերն՝ իրարից շատ հեռու:  Համայնքն ունի ընդամենը 78 տնտեսություն մոտ 400 բնակչով: Բնակչության սոցիալական վիճակն ավելի ծանր է, որի պատճառով հեռացողները շատ են: Արևադաշտ համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանը չհերքեց փաստը՝ ապրելու պայմանները սուղ են:

 

Այգիների  ու դաշտերի մեջ ծվարած գյուղում խանութ  չկա: Նախկինում եղել է, սակայն  պարտքերի չվճարման պատճառով՝ փակվել: Գյուղացիները ոտքով կամ մեքենայով հասնում են հարևան գյուղ և առևտուր անում:

Գյուղում չկա մշակույթի տուն, երեխաների զարգացմանը նպաստող խմբակներ,   գյուղապետարանն էլ տեղակայված է հանրակացարան հիշեցնող շենքի սենյակներից մեկում, որը դժվարությամբ է տարբերվում բնակելի հատվածից: Չկա բարեկարգ ճանապարհ, լուսավորություն, հասարակական տրանսպորտ: Գյուղի մշտական երթևեկողները ուսուցիչներն են: Նրանք Արմավիրից և տարբեր գյուղերից դժվարությամբ են հասնում Արևադաշտ, պատահական մեքենաներով:

Դժվարություններն անտեսելով և մատաղ սերնդի կրթությունը կարևորելով դպրոցի տնօրեն Նազիկ Բաբայանն  արդեն 12 տարի  աշխատում է Արևադաշտում, սկզբում փայտաշեն, իսկ հիմա  նորակառույց դպրոցում, ասում է՝ սիրով է գալիս:

Արևադաշտի հողերի զգալի մասը՝ 2317 հա-ը  սեփականաշնորհել է Էդուարդո Էռնեկյանը և քարքարուտներում հիմնել օազիս: Նա համայնքում կառուցել է  մանկապարտեզ, որն աշխատում է Մայր Աթոռի հովանավորությամբ: Մանկապարտեզն ունի 2 խումբ 45 երեխայով, ապահովված է ջեռուցմամբ, տաք ու սառը ջրով, մանկական սանհանգույցներով: Երեխաների հաճախումն անվճար է, տեղեկացրեց մանկապարտեզի   տնօրեն Գայանե Սարգսյանը: Այն ապահովել է նաև 14 մարդու զբաղվածություն՝ նվազագույն աշխատավարձով:

«Մենք ամբողջ տարին աշխատում ենք և հանգստանում հուլիսի 15-օգոստոսի 15-ը: Այդ ժամանակամիջոցում կարիճներն ու սողուններն ավելի ակտիվանում են»:

Անմարդաբնակ տարածքում կառուցված մանկապարտեզի տարածքում նախկինում օձեր հայտնվել են, հիմա հարևանությամբ նորակառույց դպրոցն է, օձեր չեն երևում, բայց կարճներ շատ կան: Արդեն կեսօր էր և երեխաները պատրաստվում էին ճաշելու, օրվա սննդակարգը թռչնի մսով ապուրն էր, տապակած կարտոֆիլն ու հյութերը:

Գյուղում մշակում են բանջարեղեն, պտուղ և խաղող, սեփականաշնորհված հողերում ոռոգման ջրի խնդիր չկա, իսկ տնամերձ հողամասերում՝ կա: Ոռոգման ջուր չունենալու պատճառով չի մշակվում  45 հա հողատարածք: Արևադաշտում զբաղվում են նաև անասնապահությամբ: Համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանն ասաց, որ գյուղում  հաշվառված 600 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Back to top button