Քաղաքական

Ներդրողները գոհ են տեղի ունեցող փոփոխություններից, նրանց հետաքրքրությունը գնալով աճում է

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրումների հետ՝ երեկ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: Զանգվածային լրատվամիջոցներում եւ համացանցում վարչապետի խորհրդականի այս հայտարարությունը տարակարծությունների տեղիք էր տվել՝ վարչապետի եւ ՊԵԿ-ի ղեկավարի հայտարարությունների համատեքստում: Շատերի գնահատմամբ՝ գլխավոր խորհրդականի եւ վարչապետի հայտարարությունները միանգամայն հակասում են միմյանց: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ, մինչդեռ, Արսեն Գասպարյանը պարզաբանելով հայտարարել է, որ այդ հայտարարությունների միջեւ որեւէ հակասություն չկա եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները բխում են Հայաստանի տնտեսական շահերից:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել՝ լուծելու համար ներքաղաքական ճգնաժամը, քանի որ այդ ամենի արդյունքում տուժում է նաեւ տնտեսությունը. ներդրողները սպասում են ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի կայունացմանը: Երեկ այս տեսակետը պնդել է նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հավելելով, որ որքան ուշ կայանան խորհրդարանական ընտրությունները, եւ սպասողական վիճակը երկարի, այդքան ավելի վատ երկրի տնտեսության համար: Որոշ փորձագետների կարծիքով՝ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Փաշինյանի ու Անանյանի հետ դժվար է չհամաձայնել, քանի որ հայտնի փաստ է՝ բիզնեսը, հատկապես` օտարերկրյա կապիտալը, քաղաքական կայունություն է «սիրում», անկայուն իրավիճակներում մարդիկ պարզապես վախենում են գումարներ ներդնելուց: Այս հիմնավորումները, սակայն, խորհրդարանական Հանրապետական խմբակցությունում համարում են զուտ  կառավարության անգործությունը արդարացնող: Արմեն Աշոտյանն, օրինակ, լրագրողների հետ ճեպազրույցում հակադարձելով նման հիմնավորումները, շեշտել է, որ այդ մարտավարությունն արդեն իրեն սպառել է:

Այսօր պարզաբանելով երեկվա իր այն հայտարարությունը, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրումների հետ՝  վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն նշեց, որ իր ասածը կապված է եղել ներդրումներ անելու ցանկություն ունեցող գործարարների հետաքրքրությունների հետ: Նա վստահեցրեց, որ հունիսից սկսած ներդրողների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ գնալով աճում է: Քաղաքական փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են գնահատվում գործարարների կողմից: Նրանք աշխատատեղեր ստեղծելու եւ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու լավ հնարավորություն են տեսնում: Մեր նպատակը Հայաստանում աղքատությունը լիկվիդացնելը է՝ ասաց:

Արտահերթ ընտրությունները կարագացնեն մեր տնտեսական զարգացումը, քանի որ հետաքրքրվածությունը մեծ է եւ աճում է՝ հավելեց Արսեն Գասպարյանը: Նրա փոխանցմամբ՝ օտարերկրյա ներդրողներին հետաքրքրող ոլորտներից են Հայաստանի ջրային ռեսուրսներն ու ջրամբարների կառուցումը, մեծ հետաքրքրություն կա թվայնացման ոլորտում, շինարարության, տուրիզմի, գյուղատնտեսության, էներգետիկայի, հատկապես՝ այլընտրանքային,  ոլորտներում զարգացումները: Նա նշեց նաեւ թեթեւ արդյունաբերությունն ու տուրիզմը: Ասաց, որ հետաքրքրություն ցուցաբերած ներդրողների աշխարհագրությունն էլ բավականին մեծ է: Նրանք գալիս են Հայաստան՝ ուսումնասիրում, քանի որ տեսնում են մեծ փոփոխություն Հայաստանի քաղաքական կյանքում.

Ինչ վերաբերում է ներդրողների քանակին եւ ներդրումների ծավալին: Վարչապետի գլխավոր խորհրդականն ասաց, որ քանակը չի հաշվել, բայց վստահեցրեց, որ շատ-շատ են: Ասաց, որ միայն ինքը վերջին երկու ամսվա ընթացքում 100-ից ավելի ներդրողների հետ է հանդիպել: Հիշեցրեց նաեւ վարչապետի հանդիպումները գործարարների հետ Փարիզում եւ Մոսկվայում: Նրա խոսքով՝ այդ երկու հանդիպումները նույնպես խթանեցին, որ գործարարները այցելեն Հայաստան եւ այդ այցելությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է ծավալին:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո քաղաքական ռեալություն կունենանք հանրապետության մասշտաբով եւ առավել կոնկրետ կարող ենք խոսել եւ որոշ ժամանակ հետո կոնկրետ քայլեր արձանագրել, որպեսզի լիկվիդացվի աղքատությունը Հայաստանում՝ եզրափակեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button