ԿարևորՄշակույթ

Վերջին ընթրիքը Ազնավուրի հետ կամ 25-ամյա ընկերության պատմություն

Վալանսում կա մի հայկական ռեստորան՝ «Սասունը»։ 25 տարի այնտեղ սիրել է հյուրընկալվել Շարլ Ազնավուրը։  Սիրել է նստել, զրուցել, ընթրել  ռեստորանի տիրոջ՝ Աբու Արթինի՝ Հակոբ Թումանյանի հետ: «Ռադիոլուրն» այսօր զրուցել է պարոն Հակոբի հետ։ Շանսոնիեն ուտելիքի նկատմամբ մեծ հետաքրքրություն չի ունեցել, <<Սասունն>> էլ ընտրել է որպես մի գողտրիկ հանգստի անկյուն, որտեղ կարող էր բարձր խոսել Հայաստանի, հայի, օրվա խնդիրների, վաղվա անելիքների, իսկ վերջերս նաեւ նորածին թոռան՝ Միսաքի մասին:

 

Վերջին անգամ Աբու Արթինը Շարլ Ազնավուրին տեսել է սեպտեմբերի 2 –ին: <<Նստեցինք, զրուցեցինք, քննարկեցինք հայրենիքում ստեղծված իրավիճակը, որից հետո գնաց… գնաց ու էլ չվերադարձավ>>,- ցավով պատմում է ֆրանսիական Վալանսում գտնվող <<Սասուն>> ռեստորանի տերը: O դը Պղովանսում է գտնվում Ազնավուրի հանգստյան տունը, որը Վալանսից 130 կմհեռու է: Երկու ամիսը մեկ Շանսոնիեն հյուրընկալվել է Աբու Արթինին Վալանսից Պղովանս մեկնելիս եւ վերադառնալիս։

«Ինքը շատ մեծ ախորժակ չունեցող անձ էր: Մածուն կուտեր, եւ մեկ, երկու փաթթոց սարմա՝ տոլմա»,- ասում է:

Աբու Արթին եւ Շարլ Ազնավուր ընկերությունը 25 տարվա պատմություն ունի: Նրանց ծանոթացրել է Ազնավուրի հայ ազգականը՝ ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։ Նա էլ էր սիրում այցելել «Սասուն»։ Մի անգամ Արթինը խնդրել է ծանոթացնել Ազնավուրի հետ, եւ Կառվարենց խոստացել է, սակայն մեկ պայմանով՝ հանդիպման մասին չպիտի հայտարարվել։

Հանդիպումից մինչ օրս մեր հարաբերությունները բյուրեղացան ու դարձան ոչ թե հարազատ, այլ անբաժան, որը, ցավոք, ընդհատվեց՝ ասում է Աբու Արթինը: Ինչ են խոսել վերջին հանդիպման ժամանակ:

«Իմ եւ իր խոսացած նյութերը մտահոգ պայմանների մասին էին: Ավելի շատ հպարտ էր, ու հրճվանքով ըսավ, որ մեր երկրի մեջ եղավ հեղափոխություն առանց մեկ կաթիլ արյուն թափելու:  Վերջին այցելության ժամանակ խոսեցավ նաեւ իր տղայի՝ Նիկոլայի մասին: Ըսավ՝  ամուսնացավ հայ աղջկա հետ, հայերեն կսորվի, եւ առաջին զավակի անունը դրավ հորս անունը՝ Միսակ: Իր համար հպարտանք էր»:

Չնայած որ՝ Աբու Արթինը երգել շատ է սիրում, բայց Ազնավուրի ներկայությամբ չի համարձակվել երգել, բայց երկու- երեք անգամ դիմել է, որ Մաեստորեն լսի երիտասարդների կատարումները։ Չի մերժել, լսել է, խորհւրդներ տվել՝ ասում է պրն Հակոբը:

«Ինքը ունեցած է իմ CD-ին: Ըսավ ինձ, մտիկ արած եմ, քիչ մը հուզիչ երգեր են Սասունի մասին: Քաջելերեց ինձի, գնահատեց»:

Սիրում է Ազնավուրի երգացանկի գրեթե բոլոր երգերը, բայց առանձնացնում է «Ils sont tombes\Նրանք ընկան» ցեղասպանության, եւ «Pour toi Armenie\Քեզ համար Հայաստան» Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված երգերը: Հոգեհարազատ են՝ շեշտում է Շառլ Ազնավուրի ընկերը, ու նշում, որ հետայսու կկարողանա ապրել Ազնավուրի երգերով:

Աբու Արթինի ընտանիքն այս տարիների ընթացքում տարբեր հուշանվերներ է ստացել  շանսոնիեի կողմից, եւ այսօր որոշել են <<Սասուն>> ռեստորանի այն հատվածում, որտեղ սիրել է նստել Շառլ Ազնավուրը, նրա անունով անկյուն պատրաստել՝ պատին ամրացնելով ընտանեկան նվերները:

«Հոգեկանս քիչ մը տխուր եմ, կման իր հիշատակը, քանզի իմ մեծ եղբայրս էր:  Իր օրհնանքը առած եմ, զինք շոյած եմ, իր գլուխը համբուրած եմ, ճակատը, համբուրած եմ ձեռքերը: Ինձի համար հոգեպես ապահովված կզգայի իր ներկայությամբ: Դժբախտաբար այդ ներկայությունը չկա»:

Վաղը Աբու Արթինը ներկա կլինի ի պատիվ Շանսոնիեի հիշատակի <<Հաշմանդամների տանը>> կազմակերպած ազգային սգո արարողությանը: Դժվարությամբ է գնալու Փարիզ, բայց անհրաժեշտ է վերջին անգամ տեսնել՝ ասում է ֆրանսահայ Աբու Արթինը:

Back to top button