Հասարակություն

Հոկտեմբերի 2-ին հայտարարված հանրահավաքի ժամանակ 5 հոգի բերման է ենթարկվել

Հոկտեմբերի 2-ին հայտարարված հանրահավաքի ժամանակ 5 հոգի է բերման ենթարկվել, որոնց շարքում են նաև ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի թիկնապահները, լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Անդրադառնալով վերը նշված պատգամավորների կողմից հնչած հայհոյանքների վերաբերյալ հայտարարություններին՝ ոստիկանապետն ասել է, որ այդ դեպքի առթիվ ոստիկանությունում գործեր են նախապատրաստվում:

Ինչ վերաբերում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի այն հայտարարությանը, որ իր մուտքը ԱԺ խոչընդոտվել է, որի հետևանքով ինքը չի կարողացել մասնակցել արտահերթ նիստին՝ Օսիպյանն ասել է, որ պատգամավորը ստացել է համապաստախան ծանուցում ոստիկանություն հրավիրվելու, բայց հրաժարվել է ներկայանալ. «Ճշտվել է, նա որևէ խնդիր չի տեսնում, պարզապես այդ ամենը մի փոքր չափազանցված է: Նա հրաժարվել է ոստիկանության հրավերով գալ ոստիկանություն և խնդրել այդ հարցով իրեն չանհանգստացնել»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ հանրահավաքի ժամանակ վնասվել են մեքենաներ, կոտրվել են ԱԺ շենքի որոշ պատուհանների ապակիները, ըստ ոստիկանապետի՝ որևէ քաղաքացի չի ահազանգել իր գույքի վնասի մասին, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ վնասված պատուհանների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button