Մշակույթ

Հարազատ բազում գույներ բացահայտող ցուցահանդես

Գաբրիել   Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տարածքում բացվել է Ֆրանսիայում բնակվող հայ ճանաչված նկարչուհի Ասիլվայի ցուցահանդեսը, որը Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի ծրագրերի շրջանակներում է։

Նկարչուհի  Սիլվա Առաքելյանը հանդես է գալիս Ասիլվա արտիստական անունով ,առաջին քրիստոնյա կինն է, որ   1973թ -ին  Թուրքիայում արժանացել է պետական մրցանակի՝ արվեստի ոլորտում նվաճումների համար: Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը տրվեց Փարիզում ապրող նկարչուհու  ցուցահանդեսով:

 Ասիլվան Սորբոնի համալսարանում մաթեմատիկա ու փիլիսոփայություն է ուսումնասիրել եւ սկսել է նկարել արդեն հասուն տարիքում: Իր նկարներում նա փոխկապակցել է մաթեմատիկական թվերն ու փիլիսոփայական հայացքը:  Պատմում  է՝ նկարչությունն իր համար  սկսվեց  այն ժամանակ, երբ փորձեց  հասկանալ` թե ով է ինքն իրականում:

«Ամեն անգամ, երբ նայում էի հայելու մեջ ու տեսնում դեմքիս արտացոլումը, մտածում էի, որ կուզեի ավելի գեղեցիկ ու երիտասարդ լինել: Այն դեմքը, որն ինձ էր նայում հայելու միջից, հեռու էր իմ փափագած կերպարից: Ես զգացի, որ պետք է աշխատեմ` ինքս ինձ հավանելու համար: Ստացվում է այնպես, որ հայելու մեջ նայելու ժամանակ մենք համապատասխան ձեւեր ենք ընդունում եւ քամելեոնի ենք նմանվում»,- ասում է նկարչուհին: Նրան  անցած ճանապարհը այդքան էլ հեշտ չի եղել :

Նկարչուհին պատմեց, որ ցուցահանդեսը բոլորովին այլ վայրում պետք է տեղի ունենար, սակայն վերջին պահին վայրը փոխվել  է։ Նա հայտնվել է  հետաքրքիր իրավիճակում, բայց լուծում գտել  է, թե ինչպես պետք է իր նկարները ներկայացնի  արվեստասեր հասարակությանը:

«Ցուցահանդեսը յուրահատուկ է, բոլոր կտավները հատուկ այս ցուցահանդեսի համար»:

Մեր զրույցի պահին   նկարչուհուն մոտեցավ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը,  որի հետ էլ սկսեցին շրջել ու դիտել նկարները:  Հետո արդեն «Ռադիոլուրի»  հետ զրույցում  նախարարը գնահատեց նրա կտավներում միաձուլված գունային խաղն  ու երկրաչափական մոտեցումները

Հետաքրքիր գունային խաղ կա: Շատ են խորհրդանիշները, մեր բարեկամ երկրների դրոշների գույների առկայությունը կա…Այս ցուցահանդեսը հարստացնում է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ցանկը»:

Հայաստանում Ֆրանսիայի   դեսպան  Ջոնաթան Լաքոտի համար էլ  ցուցահանդեսը խիստ անսովոր էր. «Այն  ընթանում է ոչ սովորական շաբաթվա ընթացքում: Այս  այս շաբաթ կորցրել ենք,  խոսքերով, հայ-ֆրանսիական հարաբերությունների խորհրդանիշ, Ազնավուրին, որը մարմնավորում էր երկու երկրների կապը: Իսկ  ներկայացված ստեղծագործություններում բացահայտում ենք գույներ, որոնք հոգեհարազատ են մեզ` ինչպես կապույտը, սպիտակը, կարմիրը կամ կարմիր, կապույտ, ծիրանագույնը եւ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները խորհրդանշող շատ ու շատ երանգներ»:
Իսկ ցուցահանդեսը Մայր թատրոնի շքասրահում բաց կլինի մինչև հոկտեմբերի 20-ը։

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button