Քաղաքական

ԵԽԽՎ համազեկուցողը՝ հայաստանյան իրադարձությունների մասին. «Ռադիոլուրը» փորձել է հասկանալ ԵԽ դիվանագիտական լեզուն

Երկուշաբթի Ստրասբուրգում մեկնարկում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքը: Հայաստանին վերաբերող հարց օրակարգում չկա, բայց հայաստանյան պատվիրակությունը պատրաստվում են ներքաղաքական խնդիրները քննարկման առարկա դարձնել առանձին հանդիպումներում: Մինչ այդ ԵԽԽՎ  Հայաստանի դիտորդական հարցով համազեկուցողներից մեկը՝ ուկրաինացի Յուլյա Լյովոչկինան երեկ հայտարարություն էր տարածել Հայաստանի ներքաղաքական խնդիրների հետ կապված: Ինչ ազդակներ ենք ստացել եւ ինչի սպասենք՝ փորձենք հասկանանք ԵԽԽՎ դիվանագիտական լեզուն:

 

Հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուրգ է մեկնում հստակ մտադրությամբ՝ երկուշաբթի օրվանից սկսած ներկայացնել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը: Զրուցակիցս ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, հանրապետական խմբակցությունից պատգամավոր Կարինե Աճեմյանն է.

  • Մենք, իհարկե, պետք է այնպես անենք, որպեսզի եւ ճիշտ ներկայացվի ԵԽԽՎ-ում եւ մեր դիրքորոշումները, եւ այն իրավիճակը, որը կա ՀՀ-ում: Բոլոր հանձնաժողովներում իհարկե, մեր դիրքորոշումները հստակ կարտահայտվեն:

Անցել են ժամանակները, երբ ամոթ էր, ինչպես ընդունված էր ասել <<կեղտոտ սպիտակեղենը>> կամ <<աղբը>> տանից հանել: Ասել է, թե ներքին խնդիրների քողարկման խնդիր այլեւս չկա: Սա ասում է ԵԽԽՎ-ում հայաստանյան նախկին պատվիրակություններից մեկի ղեկավարը՝ նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

  • Պատժելու լծակներ ունի կառույցը, բայց շատ փոքր են այդ լծակները: Ես չեմ կարծում, որ նրանց խնդիրն է Հայաստանի նկատմամբ ինչ որ պատժամիջոցներ կիրառելն է: Նրանց խնդիրն է՝ հասկանան եւ օգնեն Հայաստանին դուրս գալ այն ճգնաժամից, որ այսօր մենք հայտնվել ենք:

Հայաստանը ԵԽԽՎ մոնիտորինգի տակ է կառույցին անդամակցությունից ի վեր: Այնպես չէ, որ վերջին ներքաղաքական զարգացումներից ենք հայտնվել եվրոպական կառույցի <<խոշորացուցի>> տակ: Տարիներ շարունակ կարեւորում են օրենքների համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին, նաեւ մարտիմեկյան դեպքերի ամբողջական բացահայտումը: ԵԽԽՎ Հայաստանի դիտորդական հարցով համազեկուցող Յուլյա Լյովոչկինան երեկ հայտարարություն էր տարածել: Վերոնշյալ խնդիրների կողքին նաեւ կոչ էր արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը: Դիվանագիտական լեզվից թարգմանաբար ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք այս հայտարարությունը հակասում է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրություններին: Լսենք Կարինե Աճեմյանին՝ հասկանալու, թե հանրապետականների դաշտում ինչպես են հասկացել այն:

  • Ամբողջովին է հակասում, որովհետեւ ավելի հապճեպ չէր կարելի անցկացնել արտահերթ ընտրություններ: Խորհրդարանի լուծարումից 45 օր հետո ընտրություններ են նշանակվում: Մենք չենք առաջարկել ԸՕ-ում փոփոխություններ, մենք չենք առաջարկել  <<Կուսակցությունների մասին>> օրենքում փոփոխություններ: Դա իրենց առաջարկն է եղել եւ այդ փաստաթղթերը դեռ Աժ-ում չեն: Եվ եթե անգամ հայտնվեն Աժ-ում մենք պարզապես չենք կարող ցատկելով անցնել բոլոր այն ընթացակարգերը, որոնք միջազգային կառույցները պարզապես պարտադրում են:  

Լյովոչկինայի հայտարարությունից հետո երեկ երեկոյան ԱԺ- ում հարցուպատասխանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մտադրությունը:

Ինչ արձագանքի սպասենք ԵԽԽՎ-ից, եթե Հայաստանը, ամեն դեպքում, դեկտեմբերին գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների. հարցս ուղղեցի տարբեր տարիներին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ղեկավարած Հովհաննես Իգիթյանին եւ Հովհաննես Հովհաննիսյանին:

  • Իգիթյան. Եթե ընտրություններն անցնեն ազատ ու անկախ, իհարկե ԵԽԽՎ-ին, ԺՀՄԻԳ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների զեկույցը կլինի դրական: 
  • Եթե այդ բոլոր ընտրությունների արդյունքում եւ մինչեւ ընտրությունները բոլոր խորհրդարանական ուժերը հակասահմանադրական քայլ չանեն, ապա ԵԽԽՎ-ն դա կընդունի որպես Հայաստանում քաղաքական ուժերի քաղաքական հասունություն: Առանձնապես կոշտ ռեակցիաներ ԵԽԽՎ-ից չենք ունենա:

Այս դեպքում Հանրապետականը, բնականաբար, կանխատեսում է լուրջ եւ կոշտ արձագանքի: Ինչ վերաբերում է ընդհանրապես Հայաստանը մոնիտորինգի տակ պահելու ԵԽԽՎ քայլին եւ որոշ ուժերի ցանկություններին, ապա ԵԽԽՎ-ում հայաստանյան առաջին պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը դրանում որեւէ վատ բան չի տեսնում: Հիշում է, որ առաջին գործիչներից էր, որ եվրոպացի գործընկերներին խնդրել է հետեւել Հայաստանին.

  • Ինքս 96 թվականին լինելով մեծամասնության ներկայացուցիչ կողմ եմ եղել, որ Եվրախորհուրդը ճշտի՝ ընդդիմությունը Հայաստանում հալածվո՞ւմ է քաղաքական հայացքների համար, թե՝ ոչ: Եվ դա նորմալ է, որ մարդու իրավունքները բոլոր դեպքերում, ամեն մի փոքր կասկածը պետք է գա եւ ստուգվի:

Ստեղծված իրավիճակում արդեն եվրոպացի մասնագետները պետք է կարողանան որոշել, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում ով է ընդդիմություն, ով իշխանություն՝ եւ ով ում իրավունքները կարող է ոտնահարել, թերեւս հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստը ակնառու ցույց տվեց այս հարցի կարեւորությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button