Տնտեսական

Բյուջե 2019. Երազանքները համադրվել են իրականության հետ

2019- ին Հայաստանում տնտեսական աճը կանխատեսվել է  4,9 տոկոս: Հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթն արդեն խորհրդարանին է ներկայացվել: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստից հետո  հայտարարել է, որ այս տարի արտաբյուջետային գործառնությունները նույնպես  խորհրդարանում դռնբաց են քննարկվելու: Սա հաջորդ տարվա միակ նորություն չէ: Նպաստի ու աշխատավարձի բարձրացում չի սպասվում 2019-ին, նվազագույն կենսաթոշակը, սակայն, կավելանա:

 

Կառավարության նիստում հաստատված 2019թ պետական բյուջեն այս կառավարության  երազանքների բյուջեն  չէ՝ խոստովանում է   ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Արդյոք մենք համարում ենք, որ մեր երազանքն այն է, որ պետք է ապրենք երկրում, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կանխատեսվում է մոտ 4600 ԱՄՆ դոլա՞ր, ոչ։ Մենք բազմապատիկների հավակնություններ ունենք:

Ֆինանսների ոլորտի պատասխանատուն խոստովանում է՝  երազանքների իրականացումը համադրել են իրականության հետ: Արդյունքում՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս կառավարությունը որոշել է՝ պարտք չեն վերցնի  թոշակ, նպաստ ու աշխատավարձ չեն բարձրացնի: Այդուհանդերձ,  ըստ հնարավորության,  2019 թ. պետբյուջեի նախագծում  20 միլիարդ դրամով կավելանան կենսաթոշակային հատկացումները: Արդյունքում՝ 16 հազար դրամ  նվազագույն կենսաթոշակի փոխարեն  հունվարի 1- ից այս թոշակառուները կստանան 25,500 դրամ

«Ռադիոլուրը» հենց կենսաթոշակառուներից փորձեց տեղեկանալ՝ գո՞հ են նրանք իրենց ստացած գումարներից: Ինչպես և կանխատեսվում էր՝ գումարները բավարար չեն:

Հաջորդ տարվա բյուջեն ծրագրավորված է լինելու: Թե ինչ է դա, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է մանրամասնում։ Ի դեպ՝ նման ֆինանսավորման մասին խոսվում էր 1,5 տասնամյակ։

Հաջորդ տարի արտաքին պարտքը  կկազմի  7 մլրդ 360 մլն դոլար ու, ինչպես պատասխանատուներն են խոստանում, չի ավելանա։ Այն կկայունանա ու կսկսի նվազել:

Ցուցադրել ավելի
Back to top button