ԿարևորՔաղաքական

Քաղաքական ուժերի ինքնասպանությունը շարունակվում է. Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճգնաժամի մասին

Վիճահարույց «Աժ կանոնակարգ» օրենքի հապճեպ ընդունումը երեկ լուրջ քաղաքական վերադասավորումների պատճառ դարձավ: Ըստ էության՝ արդեն կան քաղաքական ճգնաժամի նախադրյալներ: Անգամ Աժ-ն այսօր չկարողացավ բնականոն աշխատել՝ 2 ժամ քվորում չկար: Բայց ամենաէականը՝ արտահերթ ընտրությունների ժամկետների փոփոխությունն է, թեեւ գիշերային հանդիպումն այսօր արդեն քաղաքական ուժերը տարբեր կերպ են մեկնաբանում: Վիճահարույց հարցերի շուրջ համաձայնություն կրկին ձեռք չի բերվել: Այսօր երեկոյան վարչապետ  Նիկոլ Փաշինյանը կրկին Աժ-ում էր՝ ավանդական հարց ու պատասխանի ժամին արդեն: Քաղաքական ճգնաժամը ինչպես խորհրդարանի միջանցքներում, այնպես էլ հարց ու պատասխանի թիվ մեկ օրակարգում էր:  

 

Բանակցությունները՝ բանակցություններ չէին, հստակ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց բանակցությունների դուռը դեռ փակ չէ: Երեկվա գիշերային քննարկումն այսօր խորհրդարանում առավելապես այսպես են մեկնաբանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերվա հանդիպումից հետո Աժ-ի մոտ հավաքվածներին մի քանի հարցականով տեղեկություն փոխանցեց՝ կոչ անելով հստակ պատասխանները գտնել հակառակորդ քաղաքական ուժերի մոտ:

Հիմնական ինտրիգը կապված է վարչապետի հրաժարականի հետ՝ արդյո՞ք մյուս քաղաքական ուժերը երաշխավորել են, որ վարչապետի պաշտոնի համար այլ թեկնածու չեն առաջադրելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա հանդիպումն ընկալել է այսպես. որ խորհրդարանական ուժերը հասկանում են իրավիճակը եւ չեն պատրաստվում ԱԺ- ում վարչապետի ընտրության  ոչ առաջին, ոչ երկրորդ փուլում թեկնածու առաջադրել։

Համաձայնություն եւ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել նաեւ արտահերթ ընտրությունների ժամկետը տեղաշարժելու առումով: Այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ դեկտեմբերին կազմակերպելու հարց օրակարգում չկա: Համենայնդեպս, ժամկետն անտրամաբանական են համարում հանրապետականները:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ներկայացմամբ՝ Հանրապետականի կողմից վարչապետի թեկնածու չառաջադրելը կարող է լինել միայն ընտրությունները մայիս տեղափոխելու փաթեթի մաս:

Գրեթե նույնն այսօր պնդում էին նաեւ Դաշնակցություն եւ <<Ծառուկյան>> խմբակցություններից: Զարգացումներն արագացնելու փոխարեն առաջնային են նախ մի քանի անհրաժեշտ քայլ՝ ԸՕ-ի փոփոխություն, սուպերվարչապետական համակարգի մեղմացում, ինչը, ըստ էության, Սահմանադրության փոփոխություն է ենթադրում եւ ողջամիտ ժամկետներ՝ քաղաքական ուժերին նոր իրավիճակին ադապտացնելու համար:

Պայմանավորվածություններն այս փաթեթի շրջանակներում կարող են ձեռք բերվել, ասում է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ԲՀԿ-ն չունի վարչապետի թեկնածու չառաջադրելու որոշում. սա արդեն փոխանցում է <<Ծառուկյան>> խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Այս խմբակցությունում կարծում են, որ Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը դեռ իրատեսական է: Պարզապես Ծառուկյանը հանրապետությունում չէ, գալու է մի քանի օրից: Իսկ երեկվա քննարկումներից հետո յուրաքանչյուրը դեռեւս իր կարծիքին է մնացել:

«Ելք» խմբակցությունում այսօր էլ իրավիճակը բոլորովին այլ կերպ են ընկալում: Էդմոն Մարուքյանը, օրինակ, հասկացել է, որ զիջման տեղ այլեւս չկա եւ ընտրությունները լինելու են դեկտեմբերին:

Մեկ հանդիպումից հետո այսպիսի հակասական կարծիքներն այսօր կրկին Աժ-ում ի մի բերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր արդեն նա խորհրդարանում էր հարց ու պատասխանի ժամին:

«Անկեղծ ասած, ես դա մեծ խնդիր չեմ համարում, համենայնդեպս ՀՀ քաղաքացիների եւ մեր կառավարության համար: Կարծում եմ ՝ խնդիրներ առաջանում են եւ կառաջանան նման հայտարարություններ անողների համար: 2018 թվականի մայիսի մեկին ես այս ամբիոնից էլ ազդարարեցի քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստին եւ կարող եմ ասել, որ ցավալիորեն ինքնասպանությունների շարքը շարունակվում է»:

 

Ի դեպ՝ երկուստեք այսօր վարչապետին ներկայացվեցին երեկ գիշերը խորհրդարանի այգում տեղի ունեցած կարգազանցությունները: Մի կողմից հավաքված մարդիկ խոչընդոտել են դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի մուտքը Աժ: Նա չի կարողացել մասնակցել արտահերթ նիստին: Վարչապետը խնդրին տեղյակ չէր, խոստացավ անպայման անդրադառնալ դրան:

Մյուս կողմից կա ձայնագրություն, երբ պատգամավոր Միհրան Պողոսյանին ուղեկցողները հայհոյում են ԱԺ բակից հեռացող մարդկանց: Վարչապետի տեղեկություններով, այս փաստով արդեն կան բերման ենթարկվածներ, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Մյուս կողմից՝ վարչապետը դժգոհեց ուժայինների աշխատանքից: Կատարվածը, ըստ Փաշինյանի, կայում է, որ ուժայինները լավ չեն աշխատել եւ չեն կատարել բոլոր թիկնապահներին <<ասֆալտին պառկեցնելու>> հրահանգը: Եթե կատարված լիներ՝ միջադեպ երեկ չէր գրանցվի՝ եզրակացրեց վարչապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button