ԿարևորՀասարակություն

Կստորագրի՞ նախագահը վիճահարույց օրենքը. իրավաբանների մտորումները

Հոկտեմբերի 2-ին  խորհրդարանի  արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ.  տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Արմեն Սարգսյանն այս օրերին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում  է և  այնտեղից  է  հետևում հայաստանյան իրադարձություններին:

 

Նախագահ Արմեն Սարգսյանը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական,  համոզված է, որ  ստեղծված իրավիճակը հնարավոր է ու պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով: Հանգուցալուծումներից  մեկն էլ կախված է հենց նախագահից: Հոկտեմբերի 2-ին  խորհրդարանի  արտահերթ նիստում  ընդունված վիճահարույց  օրինագիծը ուժի մեջ կմտնի  նբախագահի ստորագրելուց հետո:

Օրենքի ստորագրման  և հրապարակման  կարգը սահմանում է Սահմանադրության   129-րդ հոդվածը: Համաձայն  դրա առաջին կետի՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահը  ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում: Նախագահի մյուս տարբերակը  նույն ժամկետում  Սահմանադրական դատարան դիմելն է, այն դեպքում, երբ կարծում է, որ   սահմանադրականության խնդիր կա: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Ուշագրավը հոդվածի վերջին կետն է, որով սահմանվում է հետևյալը. «Եթե նախագահը չի կատարում հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը»:

Սա նշանակում է, որ եթե Արմեն Սարգսյանը  21-օրյա ժամկետում չստորագրի օրենքը և չդիմի Սահմանադրական դատարան, ապա օրենքին ուժ տալու իրավասությունը կանցնի  ԱԺ նախագահին:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը հիշում է, որ դեռևս 2015-ին, երբ քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այս հոդվածը մասնագիտական բանավեճի  առիթ էր: Մասնագետների մի մասը պնդում էր, որ նախագահը պետք է վետոյի իրավունք ունենա: «Մենք հիմնավորում էինք, որ քաղաքական ճգնաժամերի դեպքում նախագահը որպես պետության գլուխ կարող է  հանդես գալ որպես բարի, արդար թագավոր ու հանգուցալուծել ճգնաժամը: Այս մոտեցումը մերժվեց: Մերժվեց, որովհետև իշխանություններին պետք էր թույլ նախագահ: ԵՎ հիմա նախագահը երկու տարբերակ ունի՝ կամ ստորագրել օրենքը, կամ դիմել Սահմանադրական դատարան»:

Արա Ղազարյանի գնահատմամբ՝ ՍԴ դիմելն էլ ճգնաժամի հանգուցալուծման երաշխիք չէ, քանի որ իրավական տեսանկյունից մեծ է հավանականությունը, որ ՍԴ-ն  հարցը անգամ  քննության չառնելի,  այն հիմնավորմամբ, որ չի տեսնում սահմանադրականության խնդիր: Այլ բան, որ վիճարկվի օրենքի ընդունման ձևը: Այստեղ փորձագետը լուրջ խնդիրներ է տեսնում. վիճահարույց փոփոխությունը  նախագծում տեղ է գտել վերջին պահին, առաջին ընթերցմամբ չի քվեարկվել ու միանգամից ներկայացվել է երկորդ ընթերցման: Ի դեպ, ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նախագծում մինչև այս պահը վիճահարույց դրույթը բացակայում է:

«Այսինքն, ոչ հասարակությունն է ժամանակ ունեցել արտահայտվելու, որ հասրակության ներկայացուցիչները: Այսինքն, խախտվել են սահմանադրական մի քանի նորմեր, բայց ՍԴ-ն իրավունք չունի դրա վերաբերյալ կարծիք հայտնել: Սահմանադրական դատարանը կոչված է միայն որոշելու օրենսդրական նորմի սահմանադրականությունը, այլ ոչ թե դրա կիրառության սխալը»:

Դատելով վարչապետի վերջին հայտարարություններից ՝ հնարավոր է առաջին ագնամ գործարկվի  նաև սահմանադրական այն դրույթը, համաձայն որի՝ երկու անգամ վարչապետ չընտերլու դեպքում ԱԺ-ն լուծարվում է: Քաղաքական գործիչները փորձում են հասկանալ այս մեխանիզմի գործարկման քաղաքական ռիսկները, վերլուծաբանները մտահոգության առիթներ են տեսնում: Արա Ղազարյանը իրավական ռիսկեր չի տեսնում, բայց իրավական խնդիրներ տեսնում է ընտրությունները դեկտեմբերին կազմակերպելու հեռանկարի մեջ:

Ճիշտ հակառակ կարծքիքն է իրավաբան Նորայր Նորիկյանը: Նա կարծում է, որ քաղաքական  ճգնաժամի առկայությունը խորհրդարանական ընտրությունները հնարավորինս շուտ կազմակերպելու   լրջագույն հիմնավորումն է:    Հիմնական փաստարկին, թե Ընտրական նոր օրենսգիրքն այս ընթացքում գուցե հնարավոր չլինի ընդունել, Նորիկայնն այս հակափաստարկով է պատասխանում:

Իրավաբանը լուրջ հակափաստարկ չի համարում նաև պնդումը, թե ընտրություններն արագ կազմակերպելու  դեպքում քաղաքական ուժերը բավարար  ժամանակ չեն ունենա նախապատսրատվելու համար: «Քաղաքական ուժերը մշտապես պատրաստ պետք է լինեն, եթե պատրաստ չեն , մեղքն իրենցն է: Այլ բան, որ քաղաքական համակարգը կայացած չէ: Բայց պետք է հաշվի նստել իրողությունների հետ. ապրիլից սկսված ցիկլը պետք է փակվի»:

Նորայր Նորիկյանն, ի դեպ, գրեթե համոզված է, որ վիճահարույց նախագիծը հանրապետության նախագահը չի ստորագրի:

Ցուցադրել ավելի
Back to top button